Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Շտեֆան Շենախի հեղինակած «Միջուկային անվտանգության եւ անվտանգության Եվրոպայում» զեկույցի քննարկման ժամանակ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները մեկը մյուսի հետևից հանդես եկան ելույթներով՝ պնդելով, որ Մեծամորի ատոմակայանը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար:
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլազադեն հայտարարեց. «Ուզում եմ վեհաժողովի ուշադրությունը հրավիրել Եվրոպայի հարավ արևելքում հաստատված վտանգավոր իրավիճակի վրա: Հայաստանում Մեծամորի ատոմակայանը նման է Չեռնոբիլի ատոմակայանին, բայց այն գտնվում է վտանգավոր սեյսմիկ գոտում: Դա նման է ատոմային ռումբի, և ես կարծում եմ, որ Շտեֆան Շենախն այդ հարցը ևս պետք է ներառի իր զեկույցում: Եվ եթե մեկ այլ երկրաշարժ լինի Հայաստանում, Մեծամորը ամբողջ տարածաշրջանը կթունավորի: Կարծում եմ՝ պետք է քննարկենք նոր տեսակի ատոմակայանների ստեղծման հարցը, բայց Չեռնոբիլի նման ատոմակայանները պետք է փակվեն: Եվրոպական միությունը Հայաստանին գումար է հատկացրել, որպեսզի փակի Մեծամորի ատոմակայանը: Գումարն անհետացել է, բայց մինչև այժմ չենք տեսնում գործողություններ»:
Ադրբեջանցի պատվիրակը, հղում կատարելով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, նշեց, թե նա ասել է՝ Մեծամորի ատոմակայանը նրանց տալիս է հնարավորություն զարգացնել այսպես կոչված կեղտոտ ռումբ, որը Հայաստանն օգտագործելու է Ադրբեջանի նկատմամբ:
Մեկ այլ ադրբեջանցի պատվիրակ Սահիբա Գաֆարովան ասաց, Մեծամորի ատոմակայանը մեծ խնդիրներ է առաջացնում և հարցրեց՝ ինչո՞ւ ատոմակայանի հարցը ներառված չէ զեկույցում:
Ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը հայտարարեց՝ պետք է անհրաժեշտ ուշադրություն դարձնել Հայաստանին, որպեսզի չեզոքացվի այս վտանգը, որը սպառնում է ողջ տարածաշրջանին:
Պատասխանելով ադրբեջանցի պատվիրակների հայտարարություններին՝ Շտեֆան Շենախն ասաց, թե ընտրողաբար են կարդացել իր զեկույցը, քանի որ ուշադիր լինելու դեպքում կտեսնեին, որ զեկույցում 5-6 տող հատկացված է Մեծամորի ատոմակայանին: Ամփոփելով՝ ասաց. «Ցանկացած ատոմակայան, որը վտանգ է ներկայացնում, պետք է փակվի այսօր, ոչ թե վաղը կամ մյուս շաբաթ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ