Ֆրանկոֆոնիայի միջոցառումներն ու ծրագրերը Հայաստանում իրականացվում են անկաշկանդ ու ջերմ մթնոլորտում եւ տարատեսակ անկանխատեսելի դրվագներ են լինում:
Օրինակ, երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին նվիրված գալա-համերգից հետո «Ազատության» տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մոլորվել: Նա իրեն ուղեկցողների հետ մոտեցավ հրապարակի մոտ կանգնած կառավարական մի մեքենայի: Տեսան, որ այն զբաղված է, հարցրեցին, թե որտե՞ղ է իրենցը: Այնուհետեւ Կանադայի վարչապետը, ժպիտը դեմքին փորձեց քայլել Վազգեն Սարգսյան փողոցով՝ դեպի Պարոնյանի թատրոնի մոտակայքը: Այնտեղից նրան ասացին, որ սխալ է գնում, Թրյուդոն պատվիրակության անդամների հետ նորից հետ դարձավ ու վերջապես գտավ հրապարակի տարածքում տեղակայված իրենց մեքենան:
Տեղեկացնենք, որ Թրյուդոյի այս այցը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջինն է: Նա մեկ անգամ պատանի տարիքում է եկել Խորհրդային Հայաստան՝ հայրիկի ուղեկցությամբ:
Երեկվանից համացանցում քննարկվում է երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցների, տրված պետական ընթրիքի ուշագրավ դրվագները: Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր տեսանյութ, թե ինչպես է ընթրիքի ժամանակ հայկական երաժշտության տակ պարահրապարակում պարում եւ պարի հրավիրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Պարահրապարակում «շախով» պարում են նաեւ Կանադայի վարչապետը, Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը եւ պատվիրակության այլ անդամներ:
https://www.facebook.com/mohamed.ketata.56/videos/10216712549941111/?hc_location=ufi
Իսկ ավելի ուշ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում սելֆիներ եղան՝ Ալբերտ 2-ի, Մակրոնի, Թրյուդոյի եւ նրանց կանանց հետ:
Իսկ այսօր առավոտյան առաջին տիկնայք, ինչպես տեղեկացրել ենք, շրջեցին Երեւանի թանգարաններում: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնից դուրս գալուց հետո Կասկադի մոտ առաջին տիկնայք լուսանկարվեցին, որից հետո, երբ շարժվում էին դեպի սրճարան, անցորդներից մեկը՝ մի տղամարդ, մոտեցավ տիկին Մակրոնին, սեղմեց նրա ձեռքը եւ ասաց, որ նա հիանալի տեսք ունի: Բրիջիթ Մակրոնը ժպտաց ու լավ ընդունեց այդ անկեղծ հաճոյախոսությունը:
Նա նաեւ Կասկադի մոտ կարճ զրույցի բռնվեց մի հայ ուսուցչուհու հետ, որը արդեն 3 տասնամյակ ֆրանսերեն լեզու էր դասավանդում հայաստանյան դպրոցներից մեկում: Զրույցի մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ