Պահածոյագործների եւ հյութարտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունը ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Հայաստանը փոքր շուկա է, բայց մենք ունենք մեծ պոտենցիալ: Ամբողջ աշխարհում սննդամթերքի դեֆիցիտ կա, իսկ հայկական սննդամթերքը համարվում է բիոսնունդ, չի պարունակում ԳՄՕ եւ այլ նյութեր: Մեր տնտեսության զարգացման համար, սա կարող է լուծում դառնալ, սակայն, մենք այսօր մրգերի եւ բանջարեղենի բավարար քանակ, չգիտես ինչու, չունենք: Մեր երկրում չկան ֆերմերային տնտեսություններ: Հայաստանը, որ եղել է լոլիկ արտահանող երկիր, այսօր ներմուծում է:
Ամենամեծ պոտենցիալ ունեցող ճյուղը Հայաստանում գյուղմթերքի վերամշակումն է: Այսօր, սակայն, չենք կարողանում լիարժեք օգտագործել այդ պոտենցիալը, որովհետեւ հումքի եւ արտադրության հետ կապված խնդիրներ ունենք: Օրինակ, կաթ արտադրողները բողոքում են, որ իրենց ապրանքը էժան է իրացվում, բայց մենք հանրապետությունում պանրի դեֆիցիտ ունենք, չկան գործարաններ, որտեղ կվերամշակվի կաթը: Հայկական պահածոն էլ արտերկրում մեծ պահանջարկ ունի: Քանակ, սակայն, չենք կարողանում ապահովել: Գործարանների մեծ մասը աշխատում է 70-80-ականների սարքավորումներով: Ես բազմիցս դիմել եմ գյուղնախարարներին պետական միջոցներով նոր սարքավորումներ ձեռք բերելու հարցով, քանի որ պետությունը պետությունից կարողանում է շատ ավելի էժան ձեռք բերել սարքավորումները , քան անհատ բիզնեսմենը : Հարցը, սակայն, այդպես էլ լուծում չի ստանում: Բոլորը վախենում են սխալվելուց, բայց ով գործ չի անում, նա չի սխալվում:
Տնտեսության ու բիզնեսի զարգացման հարցում , այսօր, հատկապես, հետեւողական ու ակտիվ պիտի լինի պետությունը: Մեր նախարարությունները, սակայն, ֆունկցիոնալ չեն, լծակներ չունեն: Այսօր բիզնեսմենները նախարարությանը խնդրում են ոչ թե օգնել իրենց, այլ չխանգարել:
Ասում են պետությունը վարկ է տրամադրում, հարգելիներս, դա վարկ չէ, սուբսիդավորում է: Մեխանիզմներ պետք է գտնել, որ վարկը օգտագործվի ըստ նպատակի: Ինչ որ մեկը չկարողանա պետությունից վերցրած գումարով բնակարան կամ ավտոմեքենա գնել: Գյուղատնտեսական վարկի միջոցով զարգանա գյուղատնտեսությունը:
Հեղափոխությունից հետո խնդիրներ են առաջացել նաեւ ներկրման ու արտահանման հետ կապված: Մաքսակետերում, ճիշտ է, անօրինական գումարներ այլեւս չեն շրջանառվում, բայց ուրիշ խնդիրների հետ ենք բախվում: Չինովնիկները գիտակցաբար ձգձգում են գործը: Օրենքի շրջանակում, օրինակ, եթե թղթաբանության համար ունեն երկու օր, մինչեւ վերջին վայրկյանը ձգում են: Այլ կերպ չի էլ կարող լինել, մաքսատան հին կադրերը ուղղակի չեն կարող այլ կերպ աշխատել, նրանք սովոր են թեյավճարի: Մաքսավորը, որ այլեւս չի կարողանում կաշառք վերցնել, բացասական էմոցիան արտահայտում է արհեստական խոչընդոտներ ստեղծելով: Ինչպե՞ս է եղել նախկինում մեր երկրում: Ղեկավարի փոփոխությունից հետո մի պահ անօրինականությունները, կողմնակի եկամուտներ ունենալը դադարել է, որոշ ժամանակ հետո վերսկսվել: Այսօր շատ չինովնիկներ դրան են սպասում, իրենք սովոր են, որ դադարը երկար չի տեւելու: Հուսանք, այս անգամ այդպես չի լինի: Պետք է լուծում գտնել: Թեկուզ օպտիմալացման ճանապարհով բարձրացնել մաքսային տեսուչների աշխատավարձը: Բացի այդ ճիշտ մոտիվացիա պետք է ստեղծել աշխատողի համար, որ նա աշխատի ոչ միայն գումարի համար: Նոր երիտասարդ կադրեր պետք է մուտք գործեն դաշտ: Մենք հիանալի երիտասարդներ ունենք, որոնց եթե մի քիչ ազատություն եւ ստեղծագործելու տարածք տանք օրենքն էլ կգրվի, կաշառակերությունն էլ կվերանա:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ