Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ մարդիկ դավաճան չեն, դավաճանությունը նրանց քաղաքականություն բերելու որոշումն է. «Ազգ»

Հոկտեմբեր 12,2018 12:43

Դատելով վերջին իրադարձություններից Հայաստանի ամենաբարգավաճ մարդը իսկապես անվճար ջուր է բաժանել հեղափոխականներին ու ոչ թե նրա համար, որ տեսել է, թե որքան են նրանք արդարության ծարավ, այլ քանի որ շատ հարուստները պարտավոր են կա՛մ իշխանություն լինել, կա՛մ իշխանության կողքին, եթե անգամ հոգով դաշնակցական են, իսկ իշխանությունըՙ սովետական: Հետեւաբար ո՞վ է մեղավոր, որ բիզնեսը հին իշխանության գրկից նետվում է նորի ծոցը: Բիզնեսմեննե՞րը, թե՞ նրանք, ովքեր որոշել են, որ գործարարները պետք է ԱԺ պատգամավորի մանդատ ունենան, որպեսզի շռայլորեն ֆինանսավորեն իրենց կուսակցության քարոզարշավը:

Այս համատեքստում ես չեն հասկանում նոր իշխանությանը սիրահարների ոգեւորությունը, թեՙ բա տեսե՛ք, հանրապետականները վերջապես հասկացան, թե ով է այս երկրի տերը: Ամենեւին, եթե ուշադիր նայեք, թե կոնկրետ ո՞ր հանրապետականներն են համաձայն Նիկոլ Փաշինյանի հետ, ապա կտեսնեք, որ նրանք ոչ այնքան գաղափարով են հարուստ, որքան փողով, եւ եթե վաղը Նիկոլ Փաշինյանի դեմ մեկը քայլի, ապա այդ մեկին են անվճար սովորական կամ հանքային կամ գարեջուր տալու, չմոռանալով սուպերմարկետի «բոնուս քարտ» նվիրելու մասին:

Ու հենց այստեղ պարզվում է մի սարսափելի բան. փաստորեն վերջին տարիներին մեր երկրի ամենաազդեցիկ կուսակցությունն իրականում քաղաքական չէ: Չէ, կան այնտեղ քաղաքական գործիչներ, նույնիսկ գաղափարական մարդիկ, բայց խնդիրն այն է, որ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության 50 պատգամավորի շուրջ կեսը պատրաստ է ստորագրել ու ստորագրում է մի փաստաթուղթ, որի հետ համաձայն չէ Հանրապետական կուսակցությունը: Եւ այդ մարդիկ դավաճան չեն, դավաճանությունը նրանց քաղաքականություն բերելու որոշումն է: Ու եթե մեր ամենաազդեցիկ կուսակցությունում գաղափարախոսությունը սին արժեք է, բա մյուսներո՞ւմ ինչ է…

Հիշեցնեմ, Հայաստանը խորհրդարանական Հանրապետություն է, ու ես շատ կուզենայի իմանալ, թե ի՞նչ են երազում տեսնում այս օրերին այն մարդիկ, ովքեր գրել են Հայաստանի նոր Սահմանադրությունը: Նրանք առհասարակ հանգիստ քնո՞ւմ են` հանձնելով երկիրը կուսակցություններին, այն պարագայում, երբ երկրում կուսակցություններ չկան, կան սուպերմարկետներ եւ դրանց մատակարար ընկերություններ, հանդիպում են նաեւ ազգային փոքրամասնություններ, հայրենակցական միություններ, աներձագեր, խիստ վիրավորվածներ եւ առիթից օգտվողներ:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031