Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հեռանկարները: Հայաստանի վարչապետը, մասնավորապես, հետաքրքրական է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործակցության զարգացումը և փորձի փոխանակումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ կառավարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում կառավարման ոլորտում թվային տեխնոլոգիաների և էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման ուղղությամբ, և այս առումով Էստոնիայի կուտակած փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել:
Կերստի Կալյուլայդը նշել է, որ Էստոնիան կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում` նաև ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնումը և պատրաստ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, նշել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այն ներքին քաղաքական կողմնորոշում է, և կատարվող արմատական բարեփոխումները նպատակաուղղված են ժողովրդավարության նոր մակարդակի հասնելուն և այդ առումով օրինակելի երկիր դառնալուն:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ