Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. «Նոր կառավարությունը գործարար աշխարհի հետ հետադարձ կապ պահելու խնդիր ունի, հասկանալու համար տնտեսական ծրագրերը աշխատում են, թե՝ ոչ»

Հոկտեմբեր 12,2018 12:19

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունը ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Հայաստանում եղավ հեղափոխություն, բայց ֆինանսական համակարգը մնաց կայուն: Սա չափազանց կարեւոր ձեռքբերում է, որ պետք է արձանագրել: Չեմ վարանի ասել, որ սա աննախադեպ է անգամ համաշխարհային պրակտիկայում: Անգամ ընտրությունների ընթացքում են ֆինանսական վայրիվերումներ լինում, իսկ մենք հեղափոխության մասին ենք խոսում: Ընդգծում եմ, հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո մենք ցնցումներ չենք ունեցել: Որպես տնտեսություն մենք կարողացել ենք պահպանել, տնտեսական կայունությունը: Սա մեծ նվաճում է: Այսօր վայրահաչողներ կան, որ խոսում են արտարժույթի ճգնաժամի մասին, կոլափսի մասին …Սիրելիներս, Հայաստանը հետխորհրդային միակ պետությունն է, որ ազգային արժույթի գերաժեզրկում չի ունեցել, ինչպես, օրինակ, եղավ ռուսական ռուբլու, լարիի դեպքում:

Նոր իրավիճակում ամենամեծ ձեռբերումը, որ կարող ենք արձանագրել, վստահության միջավայրն է, որ ձեւավորվեց: Բոլոր խնդիրները հաշվի անելով՝ դա չենք կարող անտեսել: Վստահությունը լուրջ ֆինանսական ու տնտեսական գործիք է, առանց որի չենք կարող առաջ գնալ: Նոր կառավարությունը, սակայն, գործարար աշխարհի հետ հետադարձ կապ պահելու խնդիր ունի, հասկանալու համար տնտեսական ծրագրերը աշխատում են, թե՝ ոչ եւ ինչ խնդիրներ կան, որ արժե հաշվի առնել: Երբ գործարար աշխարհը նախարարության հետ խնդիր է ունենում մոռանում են փորձագիտական հանրությանը: Այդ եռանկյունին պետք է աշխատի, ոչ թե երկկողմանի կապը: Երբ ասում ենք պետություն մասնավոր հատված համագործակցություն, բավականին լավ է հնչում, բայց երբ այդտեղ ներկա է նաեւ փորձագիտական հանրությունը, այդ եռանկյունին խնդիրների լուծումը ավելի իրատեսական է դարձնում:

Ըստ իս, նախարարություններում մարդիկ աշխատում են ոչ ամբողջ լարվածությամբ: Նախարարությունների կեսը ֆունկցիոնալ չեն: Միջին եւ ավագ սերնդի կադրերին պիտի փոխարինելու գան երիտասարդները: Պիտի նպատակային պատրաստենք կադրեր, ովքեր կաշխատեն նոր մոտեցմամբ ու սկզբունքներով: Համբերատար պետք է սպասենք, որ նրանք կրթվեն եւ լրացնեն բացը: Ի դեպ, բոնուսային համակարգեր կարելի է դնել եւ մոտիվացնել նոր աշխատողներին:

Մեկ այլ կարեւորագույն խնդիր եւս: Այսքան տարի մենք չունենք տնտեսական, ագրարային հստակ քաղաքականություն, թիրախներ չունենք, որոնց վրա կարող ենք աշխատել: Սա խնդիր է, որ առաջնահերթ լուծում է պահանջում: Ուզում եմ լրջագույն մի խնդրի եւս անդրադառնալ՝ պետական պարտքին եւ դրա մարմանը: Եթե մենք խոսենք բիզնեսի զարգացման մասին ու անտեսենք այն սպառնալիքները, որ կան բիզնեսում, դա կարճատեսություն կլինի: Չենք կարող զարգացնել տնտեսություն՝ զուգահեռ ունենալով տնտեսական անվտանգությանը սպառնացող խնդիրներ: Ճանաչելի պետք է լինի տնտեսությունը, բայց ոչ ոք չի կարող ասել ինչ է իրենից այսօր ներկայացնում տնտեսությունը Հայաստանում: Մենք ինչ ծրագիր էլ գրում ենք , գրում ենք վերացական: Մարդկային ռեսուրսը, որ պետք է իրագործի՝ դա գործարարներն են, ինժեներերն են … հաշվառված չէ, չկա:

Պարենային անվտանգության խնդիր ունենք, որ չափազանց կարեւոր է: Մի փոխնախարարը մի թիվ է ասում, մյուսը՝ ուրիշ, համեմատում- տեսնում ենք, որ այդ թիվն էլ չէ: Հարց ենք տալիս, օրինակ, ինչքան ենք ինքնաբավ ցորենի բերքի առումով, նախարարությունում ասում են՝ 60 -70 տոկոս : Գյուղերով ման ենք գալիս պարզվում է ոչ թե 60-70 , այլ 120-130 տոկոսով ենք ինքնաբավ: Մենք ինչ խնդիր ենք բացահայտում, որ գյուղացուց կոպեկներով գնված հացահատիկը խառնում են այլ երկրներից թանկ ներկրված ապրանքի հետ եւ վաճառում նույն գնով: Թացն ու չորը իրար են խառնում… ասում են համաշխարհային շուկայում գները բարձրացել են, եկեք խեղճ գյուղացիներից էժան գնենք , խառնենք ներկրածի հետ եւ կիսենք… չպիտի այդպիսի բան լինի: Պետությունը պետք է վերահսկի այդ վիճակը: Ես չեմ ասում, որ ավելցուկը պետք է արտահանվի, հացահատիկի ռեզերվներ պետք է ստեղծել, որ գուցե մի օր մեզ համար կենսական անհրաժեշտություն լինեն: Չեմ ասում, որ ես ունեմ բոլոր հարցերի պատասխանները, բայց վստահաբար կան բանալիներ, որ պետք է օգտագործել տնտեսական խնդիրները լուծելիս:

Աշխարհը հիմնված է խելացի մարդկանց, գործ անողների, արարողների վրա: Ամեն բան պետք է անել լավ մասնագետին մոտիվացնելու եւ հայրենիքում պահելու համար: Այդ դեպքում մենք կունենանք եւ լավ օրենքներ, եւ լավ երկիր:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031