Հանրապետական կուսակցությունից սկսված առնետավազքը նոր բան չէ մեր քաղաքական իրականության համար: Այս երեւույթին մենք ականատես ենք եղել նաեւ նախկինում, երբ համատարած լքում էին Կոմունիստական կուսակցության խորտակվող նավը ու դառնում ՀՀՇ-ական, ապա նույն երեւույթը կրկնվեց ՀՀՇ-ից փախուստի տեսքով եւ այսօր Հանրապետական կոչվող, նախկինում հածանավի համբավ ունեցող կառույցը բոլոր կողմերից ջրով է լցվում:
Հանրապետական նավի հավանական խորտակմանը ականատեսը կլինենք արդեն դեկտեմբերին, երբ սկսվի նախընտրական գործընթացը, քանի որ, ըստ շատ մասնագետների, ՀՀԿ-ի մասնակցությունը այս ընտրություններին քիչ հավանական է: Ու պետք է ընդունենք, որ այն ինչը այս օրերին տեղի է ունենում Հանրապետականի հետ, օրինաչափ է ու բազմաթիվ անգամ է կրկնվել իշխանական մենաշնորհ ունեցող, երկար ժամանակ իշխող կուսակցությունների հետ, երբ վերջիններս կորցնում են իշխանությունը:
Սակայն, սպասվող Ազգային ժողովի ընտրությունները կարող են կրկնել Երեւանի ավագանու ընտրությունների պատկերը եւ արդյունքում Հանրապետական մենաշնորհին եւ միանձնյա իշխանությանը փոխարինելու կգա Քաղաքացիական պայմանագիր կոչվող անհասկանալի կառույցը: Անհասկանալի, որովհետեւ հայտնի չէ ո՛չ այդ կուսակցության գաղափարական, ո՛չ քաղաքական ուղղվածությունը, պարզ չէ այն ազատակա՞նՙ թե սոցիալիստական, ա՞ջՙ թե ձախ ուղղվածության կուսակցություն է:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, ՌԱԿ ԿՎ անդամ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում