Հոկտեմբերի 12-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամատի հետ:
Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը և Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահը կարևորեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը, որը լավ հնարավորություններ է ընձեռում անդամ պետություններին ներգրավվել ինչպես բազմակողմ, այնպես էլ՝ երկկողմ ձևաչափերում, հատկապես հաշվի առնելով ՖՄԿ-ում աֆրիկյան մայրցամաքի երկրների զգալի ներկայությունը:
Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում Հայաստանի ներկայության ընդլայնման հեռանկարների ու համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:
Զոհրաբ Մնացականյանի և Մուսա Ֆակի Մահամատի ուշադրության կենտրոնում էին նաև ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերը, ինչպես նաև Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ