Վերջին օրերին ներքաղաքական զարգացումների ընթացքը հիմնականում պայմանավորված է Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման հանգամանքով: Ընդ որում քաղաքական քննարկումների առանցքում ինչպես արտահերթ ընտրությունների անխուսափելիության հարցն է, այնպես էլ՝ նրանց անցկացման ժամկետի հարցն է:
Առանց չափազանցության կարելի է պնդել, որ այս հարցերի պատասխաններով պայմանավորված կլինի ներքաղաքական զարգացումների ընթացքը թե՛ կարճաժամկետ և թե՛ միջնաժամկետ հատվածում: Ակնհայտ է, որ այդ պատասխանները կարող են լինել վճռորոշ նաև մեր ժողովրդավարական ապագայի համար:
Մինչդեռ քաղաքական ներկա իրավիճակի անաչառ վերլուծությունը հիմք է տալիս արձանագրել հետևյալը.
1.Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը անխուսափելի անհրաժեշտություն է պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարվա ապրիլյան իրադարձությունների հետևանքով քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը չի համապատասխանում Ազգային ժողովում նրանց ներկայացվածությանը, ինչը գործող Ազգային Ժողովը խոցելի է դարձնում լեգիտիմության առումով:
2.Ստեղծված իրավիճակում հանրության անվիճելի իրավունքն է իր ազատ կամարտահայտությամբ վերագնահատել քաղաքական ասպարեզում գործող ուժերի իրական կշիռն ու դերակատարումը և քաղաքական ուժերը պարտավոր են հարգել հանրության այդ իրավունքը:
3.Միաժամանակ ակնհայտ է, որ նշված նպատակին միտված Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հանրային այնպիսի մթնոլորտում, որը հնարավորինս զերծ կլինի անհարկի էմոցիոնալ լարվածությունից, թշնամանքից և ատելությունից, հասարակության բարիկադավորմանը նպաստող ազդեցություններից, ինչը և կարող է դառնալ մեր ժողովրդի բոլոր հատվածների ազատ կամաարտահայտման և գիտակցված ու իմաստավորված ընտրություն կատարելու գրավականը:
4.Երկրորդական չէ նաև այն հանգամանքը, որ շատ քաղաքական ուժեր կարիք ունեն հավուր պատշաճի առաջիկա ընտրություններին նախապատրաստվելու և նրանց այդ իրավունքը նույնպես պետք է հարգել:Ոչ պակաս կարևոր է արտահերթ ընտրությունների պատշաճ անցկացումը ապահովող օրենքների, և հատկապես ընտրական օրենսգրքի, ընդունումը:
5.Ընտրությունների անցկացման նշված պայմանների առկայությունը կարևոր է ոչ միայն նախընտրական փուլում լիարժեք քաղաքական մրցակցության ապահովման համար, այլև հանրային կյանքի հետընտրական բնականոն ընթացքի անշրջելիությունը երաշխավորելու նկատառումով:
6.Այդ է պատճառը, որ որոշ քաղաքական ուժեր, այդ թվում Հանրապետական կուսակցությունը, պաշտպանելով Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անխուսափելիությունը, միաժամանակ հրապարակավ հայտարարում են իրենց մտահոգությունը այդ ընտրությունների շուտափույթ, առանց անհրաժեշտ նախապատրաստման անցկացնելու կապակցությամբ:
7.Այս ամենով հանդերձ ակնհայտ իրողություն է այն, որ քաղաքական ասպարեզում այսօր գլխավոր դերակատարը և քաղաքական զարգացումների հիմնական լոկոմոտիվը հանրության տպավորիչ հատվածի անվերապահ վստահությունը վայելող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունն է՝ ի դեմս իր առաջնորդի և, ըստ այդմ, նրան է վերապահված առաջիկա հանրային զարգացումների թե՛ կազմակերպչի և թե՛ քաղաքական պատասխանատուի առաքելությունը:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը, Ազգային Ժողովի հանրապետական խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով փաստեց, որ, թեպետ խմբակցությունը մնում է արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետի վերաբերյալ իր դիրքորոշմանը, այդուհանդերձ Ազգային Ժողովում չի խոչընդոտի և առավելագույնս կնպաստի կառավարության նախաձեռնությամբ, նրա համար նախընտրելի ժամկետներում, արտահերթ ընտրությունների անցկացման համար Սահմանադրությամբ նախատեսված իրավական բոլոր նախապայմանների ապահովմանը, այդ թվում կհրաժարվի վարչապետի պաշտոնում իր թեկնածուի առաջադրումից:
Քաղաքական ողջամտությամբ պայմանավորված այս դիրքորոշումը միանգամայն համահունչ է Հանրապետական կուսակցության այս տարվա մայիսի երկուսի հայտարարությանը և բխում է հանրային կյանքը ներքաղաքական ցնցումներից, իսկ երկրի անվտանգությունը՝ հնարավոր արտաքին սպառնալիքներից զերծ պահելու համընդհանուր մտահոգությունից:
Էական է նաև այն, որ հայտարարությամբ արտահայտած դիրքորոշումը պաշտպանում են խմբակցության, ըստ էության, բոլոր անդամները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միության նախագահ
Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ