«Ես երբեք նման մեկնաբանություններ չեմ անում»,- այսպես է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ազատության» հարցին, թե ի՞նչ տպավորություն ունի Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանից: «Ես քաղաքականության մասին հետևյալ տեսակետն ունեմ. պետք չէ մեկնաբանություններ անել իմ տպավորությունների մասին, պետք է գործել, աշխատել, տեսլական ունենալ և գործել համաձայն այդ տեսլականի», – հայտարարել է Մակրոնը:
Չմոռանանք այն հանգամանքը, որ Հայաստանում սպասվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ու այդ համատեքստում Հայաստանի միջազգային գործընկերները շատ ավելի զգույշ են իրենց գնահատականներում, որովհետև նրանց ցանկացած կարծիք կարող է համարվել միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Գուցե Մակրոնին կաշկանդել է հենց այդ հանգամանքը։
Մյուս կողմից՝ Հայաստանում ստեղծված իրավիճակն ամենևին էլ ստանդարտ չէ, ոչ էլ դասական նախընտրական վիճակ է։ Ի վերջո, Հայաստանի արտաքին գործընկերները շատ լավ պատկերացնում են այն, ինչ կատարվում է մեր երկրում, ու նրանց հնարավոր տպավորություններն, ըստ էության, ոչ թե միջամտություն են քաղաքական կամ ընտրական գործընթացին, այլ՝ կոնկրետ վերաբերմունք հեղափոխությանը, հետհեղափոխական իրականությանը։
Օրինակ՝ երբ մի քանի օր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանը Նիկոլ Փաշինյանին համեմատում էր Ադամսի հետ, որևէ մեկի մտքով չանցավ, թե Միլսը քարոզչություն է իրականացնում Հայաստանի վարչապետի ու նրա թիմի օգտին։ ԱՄՆ դեսպանն, ըստ էության, գնահատական էր տալիս ու իր դրական վերաբերմունքն էր արտահայտում հեղափոխության, Հայաստանում կատարվող դրական փոփոխությունների հանդեպ։ Եթե խնդրին նայում ենք այս տեսանկյունից, ապա Մակրոնի պատասխանը կարելի է նույնիսկ խուսափողական համարել։
Ի վերջո, Ֆրանսիայի նախագահը մեկ անգամ չէ, որ դրական կամ բացասական տպավորություններ է հնչեցրել Դոնալդ Թրամփի, Անգելա Մերկելի կամ Վլադիմիր Պուտինի մասին, ու քիչ են դեպքերը, երբ Ֆրանսիայի երիտասարդ նախագահը լրագրողների հարցերին խուսափողական պատասխաններ է տալիս։ Ըստ ամենայնի, Մակրոնը երեկ ավելի շուտ ոչ թե իր տպավորություններն է թաքցրել, այլ՝ դիվանագիտական ակնարկ է արել՝ հատկապես, որ խոսում է աշխատելու, տեսլական ունենալու մտադրության մասին։ Այլ խոսքով՝ Մակրոնն ակնարկում է, որ իրենք Փաշինյանից սպասում են կոնկրետ արդյունքներ ու նրա քաղաքականությունը կարող են գնահատել միայն որոշակի արդյունքներից հետո։
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում