Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո, ո՞ւմ է պետք ափալ-թափալ, առանց լուրջ քննարկման ընդունված որեւէ օրենք, էլ չենք ասում՝ Ընտրական օրենսգիրքը. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 12,2018 10:40

Եվ այսպես, վարչապետը հայտարարեց հրաժարական տալու հնարավոր օրվա մասին, մնաց՝ հրաժարականի մասին հայտարարի: Դրանից հետո էլ թերեւս կհայտարարվի, որ կառավարության անդամները, վարչապետի գլխավորությամբ, դառնում են իրենց զբաղեցրած պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ նոր կառավարություն ձեւավորվի արդեն արտահերթ ընտրություններից հետո:

Այդ ընթացքում էլ պետք է նրա հայտարարության պահին հաջորդող 14 օրվա ընթացքում ԱԺ երկու ձեւական նիստ լինի՝ 7+7 օր տարբերակով, երկու անգամ վարչապետ չընտրվի, գործող ԱԺ-ն դրանից հետո հայտարարվի արձակված, ինչից հետո էլ՝ ոչ շուտ քան 30 եւ ոչ ուշ քան 45 օրվա ընթացքում, նշանակվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Եթե Նիկոլ Փաշինյանին հանկարծակի նոր անհանգստություններ չհամակեն՝ վարչապետի պաշտոնը կորցնելու հետ կապված, եթե նա նոր քմահաճույքներ չդրսեւորի ներքաղաքական վիճակի մնացորդները այսուայնկողմ տատանելու համար (թե կուզեք՝ օրորելու, դրա համար էլ՝ «օրորոցային» վիճակ), ապա գործընթացն, ընդհանուր առմամբ, հիշյալ հունով էլ կգնա:

Որքանո՞վ է իրատեսական, որ առաջիկա 14-20 օրվա ընթացքում գործող ԱԺ-ն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունի: «Կոճակ սեղմելու» առումով միգուցե հնարավոր է: Եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ն եւ էլի տպավորիչ թվով այլ պատգամավորներ «անցել են վարչապետի թրի տակով», ապա ընդհանրապես խնդիր չէ՝ «ադաբրյամսի» կոճակները կսեղմեն-կգնա

Բայց եթե այդ մեխանիկական տարբերակով գնա գործող իշխանությունը, ապա, ըստ էության, դա կլինի հերթական սխալ քայլը: Ի վերջո, ո՞ւմ է պետք ափալ-թափալ, առանց լուրջ քննարկման ընդունված որեւէ օրենք, էլ չենք ասում՝ Ընտրական օրենսգիրքը:

Առավել եւս, հազիվ թե «Ելքի» ՔՊ-ական ներկայացուցիչներից բացի, որեւէ այլ ուժ հետաքրքրված լինի այդ օրենսգրքի փոփոխությունները նման ձեւով ընդունելուց: Մանավանդ որ մի 10-15 օրից մանդատները պիտի վայր դնեն:

Սակայն եթե անգամ ընդունեն այդ նախագծերը, ապա հիմա էլ արտահերթ ընտրությունների հնարավոր մասնակիցները բավարար ժամանակ չեն ունենա կատարվելիք բոլոր փոփոխություններին ու դրանց նրբություններին ծանոթանալու համար: Հնարավոր թեկնածու-կուսակցությունները դեռ մի կողմ: Ընտրական գործընթացի համար պատասխանատու ընտրահանձնաժողովների անդամնե՛րը հազիվ հասցնեն:

Համենայն դեպս, Ընտրական օրենսգրքի արագընթաց «թարմացումները» կարող են բացասաբար անդրադառնալ կայծակնային շտապողականությամբ անցկացվելիք ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման ընթացքի եւ որակի վրա:

Նման իրավիճակում ավելի խելամիտ է թվում եղած կամ գործող Ընտրական օրենսգրքով արտահերթ ընտրությունների գնալը: Դա, ճիշտ է, կնշանակի նաեւ, որ կմնա նախկինում նույն Նիկոլ Փաշինյանի եւ իր կողմնակիցների կողմից նույնպես խստորեն քննադատված ռեյտինգային քվեարկության տարբերակը եւս:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031