Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնում է` Գագիկ Ծառուկյանը եւս նման ցանկություն ունենա»

Հոկտեմբեր 12,2018 16:30

«Առավոտի» զրուցակիցն է ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը

– Արդեն ակնհայտ է, որ դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կայանալու: Այս առումով երկու հակասական մոտեցում կա. այդ ընտրություններով Հայաստանում կհանգուցալուծվեն ներքաղաքական խնդիրները, եւ կամ` այդ ընտրությունների արդյունքում Հայաստանը կհայտնվի առավել խորը ճգնաժամի մեջ: Ձեր կարծիքով՝ ո՞ր մոտեցումն է առավել կենսունակ:

– Անկախ տարբեր կարծիքներից՝ բոլորն են հասկանում, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են, որովհետեւ հանրության տրամադրություններն ու Ազգային ժողովի համամասնությունը չեն համընկնում: Ավելին, խորհրդարանի եւ կառավարության միջեւ կա մեծ կոնֆլիկտ, իսկ դրա միակ հանգուցալուծումը արտահերթ ընտրություններն են: Ավելին, իմ կարծիքով՝ որքան ձգձգվի այս իրավիճակը, այնքան բարդանալու են ներքաղաքական ճգնաժամը եւ երկրի զարգացման հեռանկարը: Չեմ կարող ասել` ընտրություններից հետո ընդհանուր մթնոլորտը Հայաստանում ինչպիսին կլինի, բայց կլինի ընդհանուր կայունություն: Դա արդեն կարեւոր է:

– Երեւանի ավագանու ընտրությունները կարո՞ղ են ցուցիչ լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:

– Երբ Երեւանի ավագանու ընտրություններում «սեւի ու սպիտակի» տարանջատում դրվեց. եւ քաղաքական ուժերի նկատմամբ հակաքարոզչություն տարվեց, ի սկզբանե տեսանելի էր, որ այդտեղ այլ խնդիր է դրված: «Ծառուկյան» դաշինքը եւ ԲՀԿ-ն չէին կարող «սեւ» լինել: Ինքս, քանի որ ԲՀԿ-ի ավագանու ցուցակում էի ընդգրկված, հաճախ ներկա եմ եղել շտաբում տարբեր բանավեճերի, քննարկումների եւ խոսակցությունների. հակահեղափոխության խմբին միանալու կամ այդ ջոկատում լինելու տրամադրություններ չեն եղել: Ավելին, մեծամասնությունը բացառում էր, որ ԲՀԿ-ն կարող է Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ համագործակցության գնալ: Այդ համագործակցությունը բացառելով հանդերձ՝ իմ եւ հանրության կողմից հարգված շատ գործիչներ հայտարարում էին, որ նման տարբերակի հավանականության դեպքում իրենք կհեռանան ԲՀԿ-ից:

Շատ տգեղ ձեւով իրականացված հակաքարոզչության արդյունքում ԲՀԿ-ն յոթ տոկոս ձայն հավաքեց: Ինձ համար դա անակնկալ էր, քանի որ իմ համոզմամբ՝ ԲՀԿ-ն առնվազն 15 տոկոս ձայն պետք է հավաքեր: Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք:

– Այսինքն՝ այդ բաժանումն արհեստակա՞ն էր:

– Ես համարում եմ, որ` այո, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի թիմը խնդիր էր դրել ստանալու վստահության մեծ քվե: Իրենց տեսանկյունից՝ նպատակին հասնելու համար միգուցե դա ճիշտ մոտեցում էր: Բայց տուժեց ԲՀԿ-ն:

– Բայց ԲՀԿ-ն հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ «կողմ» քվեարկեց ԱԺ կանոնակարգ-օրենքի աղմուկ հանած նախագծին: Իսկ երկու օր անց Գագիկ Ծառուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը հուշագիր ստորագրեցին դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

– Այդ նախագծի քվեարկության մասով ես ԲՀԿ-ի կողմից հակահեղափոխական որեւէ գործարքի մեջ մտնելու միտում չեմ տեսնում: ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի մասով ոչինչ ասել չեմ կարող, բայց, իմ պատկերացմամբ, ԲՀԿ-ն տագնապ ուներ այն իմաստով, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են այս փուլում, քաղաքական ուժերը հանրության կողմից ճնշման տակ են, «սեւի ու սպիտակի» բաժանումը դեռ «աշխատում» է: Բայց խորհրդարանի մատույցներում հավաքված հասարակությունն իր հստակ մոտեցումը արտահայտեց, եւ կարծում եմ, որ շատերը հասկացան` նման նախաձեռնությամբ հանդես գալով` ավելի բարդացրին իրավիճակը: Այդ պարագայում, կարծում եմ, Գագիկ Ծառուկյանը շատ ճիշտ որոշում կայացրեց` Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելով: Նա դրանով նաեւ ապացուցեց, որ որեւէ հակահեղափոխական կոալիցիայում ԲՀԿ-ն չի եղել եւ չի կարող լինել: Հետեւաբար, կարծում եմ, հանրությունը պետք է գիտակցի իրողությունները եւ այն, որ ամեն մի քաղաքական ուժ իր արժանի տեղը պետք է ունենա հաջորդ խորհրդարանում: Շատ լավ վերաբերվելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու Նիկոլ Փաշինյանին՝ ես կարծում եմ, որ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ ընդդիմությունը պետք է արդար սկզբունքով ստանա իր 30 տոկոսը խորհրդարանում, ոչ թե վերջում նվիրեն` ի հաշիվ անհրաժեշտ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի:

– Կարծում եք, որ ԲՀԿ-ն ընդդիմադի՞ր դաշտում պետք է դիրքավորվի:

– Վստահ եմ, որ ԲՀԿ-ն խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժը կլինի. այդքան ռեսուրս ԲՀԿ-ն ունի: Մի բան են՝ Երեւանի ավագանու ընտրությունները, այլ բան՝ ամբողջ հանրապետությունում անցկացվող ընտրությունները: Գագիկ Ծառուկյանը բավական մեծ ներդրում ունի մարզերում` գյուղատնտեսական տարբեր ոլորտներում, եւ իրավունք ունի ակնկալելու խորհրդարանում երկրորդ ուժը լինելու: Առհասարակ, ես շատ ուրախ կլինեմ, որ խորհրդարան մտնեն առավել շատ թվով քաղաքական ուժեր` ներկապնակը մեծ կլինի, կարծիքների բազմազանություն եւ բախում կլինի: Շատերը մտածում են, որ բոլոր նախկին քաղաքական ուժերը պետք է ասպարեզից հեռանան` մոռանալով, որ այդ ուժերի ներկայացուցիչները միջազգային հարթակներում աշխատանքի մեծ փորձ եւ կարողություններ ունեն, իսկ նորերը այդ ճանապարհը դեռ պետք է անցնեն: Միայնակ այդ ճանապարհն անցնելը շատ ավելի դժվար է լինելու:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ այն ուժերը, որոնք այսօր ներկայացված են խորհրդարանում, պետք է արմատախիլ արվեն քաղաքական դաշտից: Այս մոտեցմամբ ի՞նչ երաշխիք կա, որ քարոզարշավը կրկին «սեւ ու սպիտակի» հարթությունում չի ընթանա, թեեւ ԲՀԿ-ի հետ ստորագրած հուշագրի կետերից մեկն էլ պայքարը քաղաքական տրամաբանության մեջ տանելն է:

– Կարծում եմ՝ դա էմոցիոնալ եւ այդ պահի ազդեցության տակ արված հայտարարություն էր: Չեմ կարծում, թե ստորագրված հուշագրից հետո Նիկոլ Փաշինյանի մոտ նույն տրամադրություններն են: Վերջին հաշվով, համաձայնագրի երկու կողմերն էլ պետք է պահպանեն այն դրույթները, որոնց տակ ստորագրել են: Ուզում եմ հավատալ, որ թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնան իրենց ստորագրությանը: Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը հիմա խնդիր ունի առաջնային դարձնել «սեւերի ու սպիտակների» թեզը: Հակահեղափոխություն, որպես այդպիսին, այլեւս անգամ պատկերացնել հնարավոր չէ: Բոլոր այն ուժերը, որոնք ենթադրաբար կարող էին հակահեղափոխական դառնալ, չեզոքացված են: Կարծում եմ՝ ՀՅԴ-ն էլ առաջիկայում որեւէ ձեւով իր համաձայնությունը կտա, քանի որ ժողովրդի պահանջին որեւէ քաղաքական ուժ չի կարող ընդդիմանալ: Այլապես կարժանանան ժողովրդի ատելությանն ու պարսավանքին: Չեմ կարծում, թե Հայաստանում կա մի քաղաքական ուժ, որը կարող է այդ ատելությունն իր վրա վերցնել: Դա շատ ծանր բեռ է: Ժողովուրդը վերջապես գիտակցեց` ինքն է այս երկրում իրական ուժը, եւ նա այդ գիտակցումից այլեւս դուրս չի գալու: Ես նաեւ հույս ունեմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում հեղափոխությունների պարբերական գործընթաց չի լինի. ժողովուրդը պահանջատեր կլինի, բայց իշխանությունը կարդարացնի իրեն:

– Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում-քննարկումներ են նախաձեռնելու: Նկատի ունենալով Ձեր ղեկավարած կուսակցության եւ ԲՀԿ-ի համատեղ անցած ուղին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ ֆորմատով մասնակցեք առաջիկա ընտրություններին, հանդիպման հրավեր արդեն ստացե՞լ եք:

– Ճիշտ եք, ՎՍԴՀԿ-ն ԲՀԿ-ի հետ համագործակցության բավական հարուստ փորձ ունի: Եթե լինի առաջարկ, կուսակցությունում կքննարկենք: Բայց կարծում եմ, որ հակվածություն կունենանք առավելապես այդ ֆորմատով ընտրություններին մասնակցության, քան որեւէ այլ, քանի որ մոտեցումների համընկնության խնդիր կա: Մնում է` Գագիկ Ծառուկյանը եւս նման ցանկություն ունենա:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

11.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031