Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վերջ պիտի դնել մեր երկիր հացահատիկի ներկրմանը»

Հոկտեմբեր 12,2018 15:30

Ասում է Ազատանի համայնքապետը

Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը համոզված է, որ ճիշտ մեխանիզմ մշակելու դեպքում հնարավոր է մեր երկրի ազգաբնակչության համար պահանջվող հացահատիկն ամբողջությամբ արտադրել տեղում ու խուսափել ավելորդ քաշքշուկներից, որի մեջ հայտնվում ենք ներկրման ժամանակ։

«Հիմնականում ներկրում ենք Ռուսաստանից, որն էլ բերում են հարեւան Վրաստանի տարածաշրջանով, ծանրաքաշ մեքենաները երեւի թե իրենց ճանապարհները փչացրել են, ու այդ պատճառով էլ վերջին շրջանում արգելում են ավտոտրանսպորտով հացահատիկի բեռնափոխադրումը։ Իսկ եթե ավտոճանապարհներով չեն փոխադրում, փոխադրում են ծովային, օդային ճանապարհներով, ավելի թանկ է նստելու մեր պետության վրա, եւ, բնականաբար, հացի գնի արհեստական աճ ենք նկատելու մեր երկրում։ Դրա համար մենք առաջարկում ենք մեր տեղականը մշակել, որին կմասնակցեն տեղական ինքնակառավարման մարմինները, չթողնենք բախտի քմահաճույքին, որպեսզի կարողանանք բարիք արտադրել եւ մեր երկրում այս հարցին վերջնականապես լուծում տալ»,- ասում է գյուղապետը։
Ըստ նրա՝ նախկինում շատ քիչ քանակությամբ հացահատիկ է ներկրվել Հայաստան, մինչդեռ հիմա, իր ունեցած տվյալներով, օգտագործվող հացահատիկի մոտ 40-50 տոկոսը ներկրվում է դրսից, որը ոչ արդյունավետ գործելու հետեւանք է։

«Հացահատիկային կուլտուրա մշակելը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, եւ ես կարծում եմ, որ պետությունը լուրջ ներդրումներ պիտի անի, պիտի սուբսիդավորի, որպեսզի կարողանանք հացահատիկ արտադրել, կարողանանք մեր երկրում ռազմավարական այս կարեւոր հարցը լուծել։ Ոչ մի ժամանակաշրջանում, առավել եւս՝ խորհրդային ժամանակաշրջանում, չի եղել էդպիսի բան, որ մի քառակուսի մետր հողամաս չմշակվի, հակառակը՝ ամբողջ խամուխոպան հողերը մելիորացիա էր կատարվում, արդյունքում ստանում էինք գյուղատնտեսական վարելահողերի աճ, բայց էսօր հակառակը՝ նվազում է։
Ես ուզում եմ, որ այս հարցին լուրջ անդրադարձ կատարեն, լուրջ ծրագիր մշակվի, եւ կարողանանք բոլոր տարածաշրջաններում, թեկուզ նվազագույն բերքատվության պայմաններում, հացահատիկ մշակել։ Հացահատիկի արտադրությանը չպիտի իմիջիայլոց վերաբերվել, այն, ինչպես եւ հացի արտադրությունը, ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, բայց տեսեք՝ հացի արտադրությունը մասնավորեցրել են, եւ ինչեր ասես կատարվում են՝ եւ թերքաշ, եւ չգիտեմ՝ վատ որակ…

Կցանենք մեր ամբողջ հողատարածությունները, կստանանք մեծ քանակությամբ հացահատիկ, որն էլ, իմ կարծիքով, մեր եղած ազգաբնակչության պայմաններում լրիվ բավարար կլինի։ Նախկինի համեմատ քիչ են հաց օգտագործում, սննդակարգի մեջ էնքան տարատեսակներ են ավելացել։ Դրա համար կարելի է բավարար քանակությամբ հացահատիկ արտադրել երկրում»,- ասում է Վարդան Իկիլիկյանը։
Մեր զրուցակիցը, բնականաբար, լուծման տարբերակներ է առաջարկում։ Ըստ նրա՝ տարեկան միջին հաշվով Շիրակի մարզի հողերի գրեթե 35 տոկոսը չի մշակվում, որոնք հիմնականում ծառայելու են հացահատիկի ցանքատարածությունների համար։ Ըստ գյուղապետի՝ նախ անհրաժեշտ է այս հարցը լուծել խելամտորեն, այսօր ոչ մի համայնքապետ էլ դատի չի տա մասնավոր անձին ու նրա ձեռքից խլի հողակտորը։ Պարզապես համայնքապետին ոչ նպատակային օգտագործման հողերի ժամանակավոր տիրապետելու իրավունք պետք է տալ։

«Ցավով եմ ասում, գյուղատնտեսության առումով զարգացած համայնք ենք, բայց մեր համայնքում էլ կան հողամասեր, որոնք չեն մշակվում մասնավոր սեկտորի կողմից։ Էլ չեմ ասում Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում եւ հանրապետության շատ-շատ բնակավայրերում։ Էսօր «Հողային օրենսգիրքը» իբր թե կարգավորում է. ոչ նպատակային օգտագործման դեպքում հողերը օտարման ենթակա են, բայց հաստատ ոչ մի համայնքապետ այդ քայլին չի գնալու, որովհետեւ եթե էսօր հողատերը, շատ ներողություն, անթասիբ է կամ անկարող է, կամ անվճարունակ է, կամ ֆիզիկական արատներ ունի, չի կարող մշակել, երբեւիցե համայնքապետը օտարման գործընթացով չի դիմի դատարան, որովհետեւ նրա սերունդները մեղավոր չեն, որ զրկվելու են սեփականությունից եւ ամբողջ կյանքը չեն ունենալու սեփական հող։
Ի՞նչ ենք առաջարկում մենք, մի քանի տարի առաջ էլ ասում էինք՝ էդ սուտի կոոպերատիվները մի ձեւավորեք, դրանց հետեւում կանգնած են մեկ կամ երկու մարդ։ Էդտեղ կոոպերատիվի անդամները ոչինչ չեն շահելու, տեխնիկա էին տալիս եւ համապատասխան միջոցներ, կոոպերատիվ էին ձեւավորում, այդ տեխնիկան հատկացրեք համայնքներին։ Չենք ասում՝ ձրի, ասում ենք՝ լիզինգով, ոչ նպատակային օգտագործվող հողերն էլ ժամանակավոր տիրապետելու իրավունք տվեք, որ կանչենք հողատիրոջը, ասենք՝ եթե չեք կարող էդ հողը մշակել, եկեք միասին ենք մշակելու էդ հողը։ Ստացված տեխնիկայով, համապատասխան սերմացուով, նաեւ պաշտոնապես բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսելով՝ մշակում ենք այդ հողը, ստանում ենք բարիք։ Բերքը ստանալուց հետո կառավարության սահմանած կարգով, չեմ ասում՝ թողնեն գյուղապետի քմահաճույքին, որ ինչ ուզի՝ անի, դուրս են հանում ինքնարժեքից ստացված ծախսերը, հաշվարկում ենք զուտ եկամուտը, եկամուտից ստացված հասույթը, քաղաքացուն ասում ենք՝ սա վճարում ենք ձեր հողի հարկերը, հողի հարկը վճարվեց, մի մասն էլ վճարվեց հողատիրոջը։

Ստացվում է՝ բերքն արտադրվեց, տեղական բյուջեին եկամուտ գնաց, տարիներ շարունակ չմշակված հողը մշակվեց, եւ արդյունքում ամբողջ տարածքի հողատարածքները մշակվեցին։ Իսկ եթե հաջորդ տարի հողի սեփականատերը կարողանա արդեն ինքնուրույն մշակել, ինքը կներկայանա, հայտարարություն կբերի, թե պարոն համայնքապետ, ես արդեն ի վիճակի եմ հողս մշակելու։ Հետագայում այդ տեխնիկան կտրամադրենք թույլ տնտեսություններին, չեմ ասում՝ ձրի, այլ էժան գներով, որպեսզի կարողանան իրենց տնտեսությունը կամաց-կամաց զարգացնել եւ գոյատեւել, արդյունքում կարտադրվի մեծ քանակությամբ հացահատիկ, որը գրեթե կփակի մեր երկրի պահանջարկը, եթե չի էլ փակվի, գոնե էսքան մաս չենք ներկրի, բերենք»,- առաջարկում է Վարդան Իկիլիկյանը։
Նա նաեւ ասում է, որ յուրաքանչյուր տարի՝ հացահատիկի բերքահավաքից 2-3 ամիս առաջ, իրենք իշխանություններին խնդրում են հնարավորինս ուշադրություն դարձնել հացահատիկի մթերման գործընթացի վրա։ Ըստ նրա՝ մթերված հացահատիկը քիչ լինելով՝ գրեթե եկամտաբեր չէ արտադրողների համար, 1 կգ-ը մթերում են 100 դրամով։

«Ընդամենը 100 կիլոգրամ ցորենը մթերվում է 10 հազար դրամով, իսկ նրա վերամշակումից ստացված արտադրանքը՝ ալյուրը, թեփը եւ հատիկաֆուրաժը, վաճառվում է 15-16 հազար դրամով։ Սա աբսուրդ է, մեկ կիլոգրամ հացահատիկ գնում են 100 դրամով, իսկ նրանից ստացված թեփը, հատիկաֆուրաժը եւ ալյուրը ամբողջությամբ օգտագործում են, ոչինչ չեն թափում, կորուստ չունի»,- ասում է Վարդան Իկիլիկյանը։

Գլխավոր նկարը՝ Hetq.am-ի

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ»

11.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031