Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արմենիա վայն»-ը կարող է դատի տալ գյուղացիներին, եթե հրաժարվեն խաղողը հանձնել

Հոկտեմբեր 12,2018 15:00

Հոկտեմբերի 8-ին Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի փոքր ու միջին խաղողագործները բողոքի ցույց էին անում եւ խաղող մթերող «Արմենիա վայն» ընկերությունից պահանջում բերքը մթերել 1 կգ-ն 300-350 դրամով: Գյուղացիները պնդում էին, որ գործարանը 250 դրամով է մթերելու:

«Ձմեռվանից գործարանները զանգել են, որ ախպեր, 350 դրամով պատրաստ ենք մթերել, հիմա բերքահավաքի ժամանակն է, 10 օր է՝ խնդրի առաջ ենք կանգնել: Փոքր մթերողներն ասում են՝ պատրաստ ենք էսօրվանից մթերում անենք 300 դրամով, բայց խանգարում է «Արմենիա վայնը»»: Բողոքի ցույցի օրը գյուղացիների հետ բանակցում էին փոխմարզպետն ու Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը:
Մեզ հետ զրույցում Սահակյանն ասել էր, որ պետք է կողմերի հետ բանակցեն, քննարկեն խնդիրը եւ որեւէ լուծում գտնեն:
«Որեւէ համաձայնության չեկանք»,- երեկ «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Սահակյանը: Նրա ներկայացմամբ՝ գյուղացիները շարունակում են պահանջել խաղողը մթերել 300 դրամով, գործարարներն էլ ասում են՝ 265 դրամով:

Մեր դիտարկմանը՝ «Արմենիա վայն» ընկերության տնօրենն էլ վստահեցնում է՝ շուկան է այդ գինը թելադրում, եւ գյուղացիների հետ պայմանագրով 300 դրամ նշված չէ, համայնքապետն ասաց. «Ինչպե՞ս են գին սահմանում: Գյուղացու հաշվարկը ոչ ոք չի անում: Ամեն ինչ թանկացել է՝ գյուղացու բերքը՝ էժանացել»: Ի վերջո, ինչպե՞ս է խնդիրը լուծվելու, արդյոք գյուղացիները նորից բողոքի ցույց կանե՞ն, Սահակյանը պատասխանեց. «Գյուղացին տեսնում է՝ օր օրի խաղողի որակն ընկնում է, մի հատ անձրեւ էլ գա՝ աղբ է դառնալու, ստիպված տանելու են հանձնեն, ճարահատյալ: Սա շատ վատ է: Բայց պետք է հաշվի առնել, որ անցյալ տարի մթերել են 300 դրամով, իսկ այս տարի վառելիքը, բուժանյութը, տեխնիկան թանկացել են»:

«Արմենիա վայն»-ի համասեփականատեր Վահագն Մկրտչյանն «Առավոտ»-ին ասել էր՝ 2015 թվականին գյուղացիների հետ 7 տարով պայմանագիր են կնքել, որ խաղողը մթերելու են 250 դրամով, եւ ինչ էլ լինի՝ ոչ պակաս, քան 210 դրամով: Մկրտչյանը վստահեցրել էր՝ անցյալ տարի 300 դրամով են մթերել, քանի որ շուկան էր թելադրել, այս տարի բերքն առատ է, եւ հետեւաբար գինը նվազում է: Մկրտչյանն ասել էր, որ 3 համայնքներում մթերել են 265 դրամով, սակայն Աղավնաձորում 48 տնտեսության հետ պայմանագիր ունեն, նրանք ուզում են մթերել 265 դրամով. «Սակայն գյուղում կան գյուղացիներ, որոնք ասում են՝ մեքենան շուռ կտանք, եթե դուք 265-ով հանձնեք, պետք ա լինի 350 դրամ»:

Ըստ Մկրտչյանի՝ խաղողի ինքնարժեքն Արարատյան դաշտում 100-120 դրամ է, Վայոց ձորում՝ 80 դրամ. «Խաղողի շուկայական գինը, օրինակ՝ Ֆրանսիայում, 200-220 դրամ է, հիմա արտադրողը ի՞նչն է սխալ անում, երբ գյուղացին ցանկանում է ավելի շատ փող աշխատել»:

Մեր հարցին՝ գյուղացիները պնդում են, որ այս տարի տեխնիկան, բուժանյութերը թանկացել են, ինքնարժեքն էլ բարձրացել է, Մկրտչյանը պատասխանեց. «Հո սուտ չեմ խոսում: Ցանկացած գյուղացի թող բերի հաշվարկ, որով կապացուցի, որ իր վրա խաղողի ինքնարժեքը նստել է 80 դրամից ավելի բարձր: Մենք էլ ունենք այգիներ, աշխատուժը վարձում ենք, իրենք իրենց սեփական աշխատուժով են մշակում այգիները, փող չեն տալիս: Մենք օգտագործում ենք ամենաթանկ բուժանյութը՝ շվեյցարական, իրենք ամենաէժանը՝ չինական: Ախր այդ ամենը գիտենք: Մեր ագրոնոմները իրենց հետ կապի մեջ են, ասելով չի, փաստերով խոսենք՝ 1 հեկտարի վրա ի՞նչ ծախսեր ենք անում: Մեր այգինեում խաղողի միջին բերքատվությունը եղել է 8 տոննա, իրենց մոտ այս տարի՝ 12-15 տոննա: Իրենց մոտ, գյուղապետն էր ասել, 70-80 դրամ է նստում: Գյուղացին պետք է հասկանա, որ ինքը պայմանագրային հարաբերության մեջ երբ մտնում է, կողմ է: Եթե մենք չկատարենք պայմանագրով պարտավորությունը, մեզ դատի կտան եւ կպահանջեն փոխհատուցում: Հիմա մենք նույնը կարող ենք անել, սա երկու կողմերի պարտավորություն է, եթե ինձ չմատակարարի, ես իրեն դատի կտամ ու կասեմ՝ փոխհատուցի իմ վնասը: Հո պատասխանատվությունը միակողմանի չի լինում էս երկրում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

11.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031