Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դժբախտ պատահարներից հետո գործատուները հրաժարվում են փոխհատուցում տալ կերակրողին կորցրած ընտանիքներին

Հոկտեմբեր 12,2018 14:30

Անփույթ գործատուի նկատմամբ քրեական հետապնդումները
դադարեցվում են կոռուպցիոն ռիսկերի պատճառով

էդգար Մարգարյանն առանց համապատասխան գրանցման, փաստացի աշխատել էր «Սատուրն Միկկա» ԲԲ ընկերությունում՝ որպես սղոցավար: Աշխատանքի ժամանակ, երբ Էդգար Մարգարյանը եւ նրա գործընկերը կռունկի միջոցով սայլակի վրա են տեղադրել ժայռաբեկորը, այն հրել արտադրամաս՝ սղոցով կտրելու համար, սայլակի վրա տեղաղրված ժայռաբեկորը շրջվել ու ընկել է սայլակի վրայից դրա մոտ կանգնած Էդգարի եւ Նորայրի վրա: Նրանք ստացել են մարմնական վնասվածքներ:

Էդգարին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, սակայն ստացած մարմնական վնասվածքներից վեց օր հետո մահացել է: Էդգար Մարգարյանը ստացել էր կրծքավանդակի սալջարդ, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, աջ ոտնաթաթի հոդախախտ:

Սղոցավարի մահից մեկ օր հետո ծնվել են Էդգարի զույգ դուստրերը` Մայան եւ Էդիտան: Երեխաների ներկայացուցիչը մինչ օրս դատարաններում է, պահանջում են «Սատուրն Միկկա» ընկերության տնօրենից՝ օրենքով սահմանված կարգով ու չափով փոխհատուցում տալ, արտադատական կարգով հարցը լուծել, ինչին, սակայն, գործատուն չի պատասխանել:
Նշենք, որ «Սատուրն Միկկա» ԲԲ ընկերությունը 2012 թվականի հուլիսի 13-ին վարձակալել էր Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գտնվող, նախկին երկաթբետոնե կոմբինատի տարածքում առկա շարժական գույքը, քարի սղոցն ու նշված տարածքում իրականացրել է քարի մշակման գործունեություն:

Ի դեպ, փաստի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում 2013 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ` «տեխնիկայի անվտանգության կանոնները խախտելու եւ անզգուշությամբ Նորայր Մարգարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ Էդգար Մարգարյանի մահն առաջացնելու» փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով:

Նախաքննական մարմնի 2014 թվականի հունվարի 13-ի որոշմամբ տնօրենին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով. «Կ. Եսայանը, հանդիսանալով «Սատուրն Միկկա» ԲԲ ընկերության տնօրեն, 2012 թվականի հուլիսի 13-ին վարձակալել է «Մեծն Ռուբեն» ՍՊ ընկերությունից «Զառացյան եւ ընկերներ» ՍՊ ընկերությանը պատկանող՝ Բալահովիտ գյուղում գտնվող, նախկին երկաթբետոնե կոմբինատի տարածքում առկա շարժական գույքը, քարի սղոցն ու նշված տարածքում իրականացրել է քարի մշակման գործունեություն:

Կ. Եսայանը 2013 թվականի մարտ-ապրիլ ամիսներին անօրինական կերպով, առանց համապատասխան գրանցման աշխատանքի է ընդունել Էդգար Սարգարյանին՝ որպես սղոցավար եւ Նորիկ Մարգարյանին՝ որպես կռունկավար-վարորդ, նաեւ այլ անձանց՝ որպես բանվորներ, որից հետո ԳՕՍՏ 12.0.004-90՝ «Աշխատանքի անվտանգության ուսուցման կազմակերպում» միջպետական ստանդարտի պահանջներին համաձայն անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման վերաբերյալ աշխատակիցներին գրավոր հրահանգավորում չի իրականացրել, ինչի հետեւանքով 2013 թվականի մայիսի 6-ին նշյալ արտադրամասում Է. Մարգարյանը եւ Ն. Մարգարյանը կռունկի միջոցով սայլակի վրա են տեղադրել ժայռաբեկորը, այն հրել արտադրամաս՝ սղոցով կտրելու համար, որի ժամանակ սայլակի վրա տեղադրված ժայռաբեկորը շրջվել ու ընկել է սայլակի վրայից դրա մոտ կանգնած Է. Մարգարյանի եւ Ն. Մարգարյանի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի արդյունքում Ն. Մարգարյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս եւ անզգուշությամբ առաջացրել է Է. Մարգարյանի մահը»:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.01.2014թ. հունվարի 28-ի որոշմամբ գործի վարույթը կարճվել եւ Կ. Եսայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013 թ. հոկտեմբերի 3-ի որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետի հիմքով:
Էդգարը գործատուի մոտ աշխատել է 2006-2007 թվականներից եւ նրա ամսական միջին աշխատավարձը կազմել է 180.000-200.000 ՀՀ դրամ:
Եվ որ ուշադրության արժանի է այն, որ աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի տեւական ժամանակ, որպես սղոցավար:

Քրեական գործի քննության ժամանակ, սակայն, «պարզվել» է, որ Էդգարն առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքի է ընդունվել դեպքից մեկ-երկու ամիս առաջ: Չկա Էդգարը, որ հաստատեր հակառակը, իսկ կինն էլ ընտանիք էր կազմել մեկ տարի առաջ, եւ գիտեր հակառակը, որ ամուսինն աշխատել է յոթ տարի այդ ընկերությունում: Մի բան, սակայն, ակնհայտ էր, որ Էդգարն ընկերոջ հետ մահացու վնասվածքներ է ստացել նշված ընկերությունում՝ հանձնարարված աշխատանքը կատարելու ընթացքում:

Էդգար Մարգարյանր հանդիսանում է իր մահից հետո ծնված երեխաների` Մայա եւ Էդիտա Էդգարի Մարգարյանների հայրը, տվյալ դեպքում` կերակրողը:
Նրա մահից հետո ծնված երեխաներն ու չաշխատող կինը փոխհատուցում ստանալու իրավունք ունեն:

Ըստ Էդգարի ընտանիքի ներկայացուցչի, մինչեւ երեխաների 14 տարեկան դառնալը հայցվորները միասին յուրաքանչյուր ամիս պետք է ստանան փոխհատուցում 142.500 ՀՀ դրամի չափով: Երեխաների 14 տարեկան դառնալուց հետո կինը կորցնում է փոխհատուցում ստանալու իրավունքը: Այդ պահից սկսած փոխհատուցում են ստանում միայն երեխաները` միասին 95.000 ՀՀ դրամի չափով:

Դատարանը վճռել է՝ «Սատուրն Միկկա» ԲԲ ընկերությունից մինչեւ պարտավորության ամբողջ ծավալով կատարման օրը ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2016 թվականի մայիս ամսից մինչեւ 2027 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածի համար ամսական 142.500 ՀՀ դրամ գումարի երկու տոկոսը՝ որպես պետական տուրքի գումար: Պատասխանող ընկերությունից մինչեւ պարտավորության ամբողջ ծավալով կատարման օրը ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2027 թվականի մայիս ամսից մինչեւ երեխաների 18 տարեկան դառնալը կամ նրանց ցերեկային ուսուցման ձեւով ուսումնական հաստատություններում ուսման ավարտը` ամսական 95.000 ՀՀ դրամ գումարի երկու տոկոսը՝ որպես պետական տուրքի գումար: Այսինքն, առաջնային է ճանաչվել պետտուրքի գումարը, իսկ երեխաների մասո՞վ …
Տուժող ընտանիքը պահանջում է ամբողջությամբ բավարարել իրենց պահանջը եւ դիմել է կրկին, բողոքում է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

11.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031