Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչու չեն շտապում ներդրողները

Հոկտեմբեր 12,2018 13:30

Տնտեսության համար կարեւոր էին նաեւ վերջին հինգ ամիսները

Հայաստանը նախապատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի անցկացումը Փաշինյանի կառավարության անդամները կապում են Հայաստանի զարգացման հեռանկարների հետ:
Քաղաքական փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանում, շատ դրական են գնահատվում գործարարների կողմից, լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։ «Ներդրողները ոչ մի բանի չեն սպասում։ Ես կարող եմ ասել, որ օգոստոս ամսվա ընթացքում, սեպտեմբերին, մեր գրասենյակ շատ-շատ ներդրողներ են եկել աշխարհի բոլոր երկրներից։ Քաղաքական փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանում, շատ դրական են գնահատվում գործարարների կողմից», ասել էր վարչապետի խորհրդականը։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության հարցին՝ Արսեն Գասպարյանն ասել էր. «Արտահերթ ընտրությունների անցկացումը ժողովրդի պահանջն է։ Դրանք ոչ մի ազդեցություն չեն ունենա ներդրումների վրա, որովհետեւ Հայաստանում վիճակը կայուն է։ Արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ»:

Եթե ասվում է, որ «ներդրողները ոչ մի բանի չեն սպասում», որ «քաղաքական փոփոխությունները դրական են գնահատվում», ապա կառավարությունը պետք է ներկայացրած լիներ, թե անցած հինգ ամիսներին կոնկրետ ովքեր են ներդրումներ իրականացնելու պատրաստակամություն հայտնել, կամ գոնե՝ ներդրումներ իրականացնելու ծրագրեր ներկայացրել, կամ՝ խոստումներ տվել:

Ասվում է, որ օտարերկրյա գործարարների շրջանում շատ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ եւ նրանցից շատերը ուսումնասիրում են տարբեր ոլորտներ: Իսկ արվե՞լ են վերլուծություններ, թե ինչու չեն շտապում պոտենցիալ ներդրողները, նրանք ի՞նչ մտավախություններ ունեն. Հայաստանի արդարադատության համակարգի հե՞տ են անհանգստությունները, կապված այն բանի հետ, որ օրենքով պաշտպանված լինեն եւ ցանկացած խնդրի առկայության դեպքում կարողանան ապավինել արդարադատությանը: Թե՞ այս կամ այն ոլորտում կայանալու անհանգստություն կա: Համակարգային կոռուպցիա
յի վերացման հարցում, առհասարակ, ի՞նչ արդյունքներ են գրանցվել:

Արտահերթ ընտրությունների անցկացումը, նոր խորհրդարան ունենալը այս կառավարության համար, իհարկե, անհրաժեշտ է: Բայց, օրինակ, գործող խորհրդարանում կառավարությունը կարո՞ղ էր այս ընթացքում այնպիսի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, որոնք կարող էին նպաստել ներդրումների իրականացմանն ու կոռուպցիայի վերացմանը, այսինքն՝ համակարգային բարեփոխումների հիմքերի հաստատմանը:

Առհասարակ, Փաշինյանի մի քանի հայտարարությունները հիմք ընդունելով կարելի է արձանագրել, որ տնտեսական իրավիճակը նրան չի գոհացնում եւ նա մի քանի անգամ շեշտեց, որ տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում, անհրաժեշտ են քայլեր:

Կարելի է կանխատեսել, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում Փաշինյանի թիմը լուրջ ներկայացվածություն կունենա հաջորդ խորհրդարանում, եւ կարելի է ենթադրել, որ նրա թիմը ցանկություն ունի օրենսդիրի միջոցով տնտեսական ոլորտում բարեփոխումների իրականացնելու ուղղությամբ շարժվել:

Բայց կարեւոր էին նաեւ վերջին հինգ ամիսները: Մինչդեռ համակարգային կոռուպցիայի վերացման հարցում էական քայլեր՝ համակարգային քայլեր, դեռեւս չեն իրականացվել՝ չնայած առանձին ձերբակալություններին ու այս կամ այն չարաշահման վերաբերյալ տարածված տեղեկատվություններին:

Քաղաքական փոփոխությունները, որոնց մասին շարունակաբար հայտարարում են կառավարության անդամները, պետք է որ արդեն իսկ զուգորդված լինեին համակարգային փոփոխությունների մեկնարկով, կոնկրետ տնտեսական բարեփոխումների ծրագրի ներկայացմամբ ու առհասարակ, Հայաստանի զարգացման տեսլականով, ինչն էլ կնպաստեր փոքր եւ միջին բիզնեսի աշխուժացմանը, ընդհանուր մթնոլորտի ձեւավորմանը, որն էլ իր հերթին խոշոր ներդրումների իրականացման համար հիմք կհանդիսանար:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

11.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031