Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոտիավորումը պետք է տարածվի նաեւ երաժշտական դպրոցի վարձավճարների վրա»

Հոկտեմբեր 12,2018 13:00

Համոզված է Նուբարաշեն վարչական շրջանի
Վիլլի Մոկացյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենը

Օրերս «Առավոտի» խմբագրություն էին դիմել Նուբարաշեն վարչական շրջանի Վիլլի Մոկացյանի անվան երաժշտական դպրոցի սաների ծնողները: Նրանց հավաստմամբ՝ մինչեւ 2018թ. հունվարը դպրոցի ուսման վարձը բավական մատչելի էր՝ 3000 դրամ, սակայն հունվարից Երեւանի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ՝ ուսման վարձը հավասարվել է քաղաքի կենտրոնի արվեստի դպրոցների վարձին եւ համարյա եռապատկվել՝ 8000 դրամ, իսկ շրջակա գյուղերից դպրոց հաճախող սաների համար՝ 17.500 դրամ: Մեր զրուցակից ծնողների խոսքերով՝ դպրոց հաճախում են միջին եւ ծայրահեղ անապահով ընտանիքների երեխաներ ոչ միայն Նուբարաշենից, այլեւ հարեւան Արարատի մարզի Ջրաշեն, Բարձրաշեն գյուղական համայնքներից: Ծնողներն ասացին նաեւ, որ դիմել են քաղաքապետարան, ստացել մերժում: Բանը հասել է նրան, գիտակցելով, որ դպրոցը քաղաքապետարանի ենթակայության է, այնուամենայնիվ, դիմել են ԿԳ եւ մշակույթի նախարարություններ:

«Առավոտը» կապվեց դպրոցի տնօրեն Ելենա Թաթմանյանի հետ: «Ընթացիկ ուսումնական տարում դպրոց ընդունվել է 12 երեխա, որոնց ծնողները ակնկալում էին զեղչեր, սակայն սեպտեմբերին պարզվեց, որ դրանք չեն կիրառվելու: Իհարկե, դիմել ենք քաղաքապետարան: Հույս ունենք, որ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ-երկու օրից՝ աշխատանքի անցնելուց անմիջապես հետո, դրական ընթացք կտա այս խնդրին, մանավանդ որ հարցի մասին տեղեկացվել է անձամբ՝ դեռեւս հեղափոխության օրերին»,- հայտնեց տիկին Թաթմանյանը: Նա հավելեց նաեւ, որ 46-ամյա դպրոցի շենքը, որ կառուցվել է Թամանյանի նախագծով, ունի բոլոր բաժինները՝ ժողովրդական նվագարաններից մինչեւ դաշնամուրային, լարային, վոկալ, փողային, գործում է երգչախումբ, ժողովրդական նվագարանների ու փողային անսամբլներ: «Մեր սաները, այդ թվում՝ գյուղաբնակները, մշտապես մասնակցում են, հաճախ էլ փայլում հանրապետական ու քաղաքային մրցույթներում: Ցավով փաստեմ, որ տասնյակ սաներ, որոնց թվում իսկապես քիչ չեն շնորհալիներն ու արվեստի սիրահարները, կանգնած են իրենց երաժշտական կրթությունը չշարունակելու լուրջ սպառնալիքի առջեւ: Եթե մայրաքաղաքում գոյություն ունեն հողերի տարածագնահատման գոտիներ, արդյոք տրամաբանական չէ՞ր լինի, որ այդ գոտիավորումը տարածվի նաեւ տվյալ շրջանում գործող երաժշտական դպրոցի ուսման վարձավճարների չափի վրա»,- հայտնեց Ելենա Թաթմանյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

11.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անհրաժեշտ է, որոշ դպրոցների տալ առանձին /արտոնյալ/ կարգավիճակ ․․․ Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031