Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենը` նվիրյալ դերասանների մասին
Հոկտեմբերի 17-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը կնշի դերասաններ Գագիկ Թովմասյանի եւ Սամվել Ղազարյանի հոբելյանները: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Գագիկ Ռոստոմյանը, Գագիկ Թովմասյանը 40 տարի է՝ աշխատում է Արտաշատի թատրոնում, իսկ Սամվել Ղազարյանն իր գործունեությունը սկսել է Կապանի թատրոնից, տեղափոխվել Պատանի հանդիսատեսի թատրոն, որից հետո մոտ 20 տարի է՝ աշխատում է Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում: Բացի բուն աշխատանքը, երկուսն էլ զբաղված են հեռուստաֆիլմերում, Սամվել Ղազարյանը նաեւ ռադիոհաղորդումների է մասնակցում:
«Երկուսն էլ բավականին մեծ վաստակ ունեցող դերասաններ են»,- ասաց թատրոնի տնօրենը:
Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են նշելու թատերական մշակների հոբելյանները: Գագիկ Ռոստոմյանը հայտնեց, որ ներկայացումից առաջ բանախոսը կներկայացնի հոբելյարների վաստակը ոչ թե ավանդական ձեւաչափով, այլ կխոսի նրանց նվիրման մասին:
«Մարդիկ 40 տարի իրենց նվիրել են թատրոնին, եղել է ցուրտ, խոնավ, մութ, բայց թատրոնից չեն փախել»,- ընդգծեց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց, որ հոկտեմբերի 17-ին պրեմիերա ունեն, եւ երկու դերասաններն էլ զբաղված են այդ ներկայացման մեջ` գլխավոր դերերով. «Գրիգոր Խանջյանի «Որբերի ընտանիքը» պիեսն է բեմադրվել, ռեժիսորն է` ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի դերասան Բագրան Գեւորգյանը»:
Հավելենք, որ թատրոնում տնօրեն է փոխվել, եւ մեկ տարի է, ինչ Գագիկ Ռոստոմյանը պաշտոնավարում է այս հաստատությունում: Այժմ թատրոնում լրջորեն աշխատում են խաղացանկի ստեղծման վրա:
«Այս պահին ունենք 2 լիարժեք ներկայացում` մեծերի եւ փոքրերի համար, զուգահեռ պատրաստվում է 2 մանկական ներկայացում` Թումանյանի «Սուտասանը» եւ Դերենիկ Մարտիրոսյանի հեքիաթ ներկայացումը: Աշխատանքներ ենք սկսել Աննա Հեքեքյանի «Վերադարձ Գարեգին Նժդեհ» եւ Ջերոմ Քիթլիի «Սիրելի ստախոսը» պիեսների բեմադրության ուղղությամբ»,-հավելեց մեր զրուցակիցը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
11.10.2018