Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու նոր անդամները բացահայտում են քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքներն ու «ատկատները»

Հոկտեմբեր 12,2018 16:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Հրաչյա Սարգսյանը եւ «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը ներկայացրին Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիոն նախկին գործարքները, քննարկեցին Երեւանում բիզնեսի եւ առեւտրի կազմակերպման խնդիրները:

Հ. Ջեբեջյան.– Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն էր, եւ առաջին ազդակը եկավ ԲՀԿ խմբակցության անդամներից: Նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց ծառայողական ավտոմեքենաներից ու դրա հետ կապված բոլոր ծախսերից: Դուք պատրաստվո՞ւմ եք հետեւել նրանց օրինակին եւ խնայողության այդ քայլն անել՝ հրաժարվել ծառայողական մեքենաներից:

Հրաչյա Սարգսյան.- Այս պահի դրությամբ կարծում եմ, որ օպտիմալացման խնդիր կա, բայց որոշում չունենք, որ ավտոմեքենայից հրաժարվելու ենք: Բացատրեմ ինչու. ավագանին բավականին գործառույթներ ունի, որ պետք է իրականացնի, եւ եթե այսօր, օրինակի համար, պետք է Սովետաշեն գնանք ինչ-որ գործով կամ ինչ-որ հանդիպում պիտի ունենանք, դա հանրային տրանսպորտով կազմակերպելու դեպքում զուտ տեխնիկական բավականին մեծ խնդիրներ կունենանք, օրվա ընթացքում հնարավոր է մենք մեկ հարց լուծենք դրանով, ոչ թե մի քանի, արդյունավետ չի լինի: Այո, ճիշտ է, խնայողությունները լավ են, բայց դրանք պետք է լինեն արդյունավետ: Այս պահի դրությամբ խմբակցությունում ավտոմեքենաներից հրաժարման հարց առկա չէ, քանի որ մենք պատրաստակամ ենք մեր թիմով իրական արժեքներ ստեղծել մեր Երեւանի համար: Այն ոլորտներում, որտեղ հնարավոր է օպտիմալացում իրականացնել, միանշանակ տեղի է ունենալու, բայց դա պետք է ինքնանպատակ չլինի: Մենք չենք կրճատի 70 ավտոմեքենա, եւ աշխատակիցները չիմանան՝ ինչպես են տեղ հասնելու: Ավագանու աշխատանքը նվազագույն աշխատավարձի չափով փոխհատուցվում է՝ 55 հազար դրամ, եւ քաղաքապետարանը պետք է ստեղծի համապատասխան միջավայր ավագանու աշխատանքի արդյունավետ գործունեության համար: Եթե անձնական նպատակներով օգտագործվի այդ ավտոմեքենան, դա դատապարտելի է, եւ եթե արձանագրվի նման փաստ, անպայման դրա մասին բարձրաձայնեք:

Անի Խաչատրյան.– Մենք նույնպես չունենք որոշում մեքենայից հրաժարվելու: Անցած գումարման ավագանիում մենք օգտագործել ենք մեքենան, 1 օրում մենք մի քանի տեղ ենք գնացել: Օրինակ՝ ես ամբողջ Երեւանի դպրոցներում եմ շրջել մեկ օրում, ու դա հնարավոր չէր հանրային տրանսպորտով: Մեքենան ծառայել է ամբողջ խմբակցության աշխատանքների համար, այն անհրաժեշտ է: Չենք հրաժարվի, չունենք նման որոշում: Երեւի ԲՀԿ-ում ունեն իրենց անձնական մեքենաները, որն օգտագործում են: Մենք 14 հոգանոց ֆրակցիա էինք, 14-ն էլ օգտվում էին, հիմա էլ 3 հոգանոց ֆրակցիա ենք եւ կարիք ունենք: Մեր աշխատանքը տարբերվել է ՀՀԿ-ի աշխատանքից, մեզ անհրաժեշտ է մեքենան:

Հ. Ջ.- Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների ծառայողական մեքենաների ոչ թե գնման, այլ միայն նորոգման ու նոր մեքենաների վարձակալության համար այս տարվա համար տրամադրվել է 580 մլն դրամ, դա բավականին մեծ գումար է, դուք խնայողությունների կարիք տեսնո՞ւմ եք, որտե՞ղ կարելի է խնայողություն անել ու բյուջեն համալրել:

Հ. Ս.- Մենք հիմա ծրագրային բյուջետավորում չունենք, ու ցանկացած բյուջետային ծախս երբ իրականացվում է, կարեւոր են մուտքային տվյալները: Բավականին մեծ հնչեղություն էր ստացել, երբ Երեւանում անտուն կենդանիների ստերջացման համար 200 մլն գումար էին ծախսում: Այդ աղմուկից հետո այս տարի կարծեմ 120 մլն-ով գումարը նվազեցվեց: Դրա հիմքում դրված է, որ Երեւանում կա 45 հազար շուն: Բայց ի՞նչ մեթոդներով են 45 հազար շուն հաշվարկել, թող բացատրեն: Մասնագետների հաշվարկով՝ Երեւանում ընդամենը 10-12 հազար շուն կա: Այսինքն՝ խնայողություններ իրականացնելու համար նախեւառաջ պետք է ունենանք տեղեկատվություն: Հիմա մի ծրագիր ենք փորձում նախաձեռնել, ու ապշեցնում է մի փաստ, որ պոլիկլինիկաներից տարեկան օգտվում է 5 մլն երեւանցի, պաշտոնական թվերն եմ ձեզ ասում: Եթե մեր շրջապատում մոնիտորինգ անենք, ես, օրինակ, 5 անգամ պոլիկլինիկա չեմ գնացել բանակ զորակոչվելուց հետո: 5 մլն մարդ Երեւանի պոլիկլինիկաներից չի օգտվում, ենթադրում եմ, որ գումարներ դուրս գրելու համար է այդ ամեն ինչն իրականացվել:

Ա. Խ.– Տեսեք, մենք մոտ 2000 հաստիքացուցակով աշխատող ունենք քաղաքապետարանի ենթակայության տակ: Անցած գումարման ավագանիում մենք շատ պատահական այցելեցինք տարբեր թաղապետարաններ՝ հաստիքացուցակով, մտանք բաժիններ: Այս բաժնում գրանցված է այսքան աշխատող՝ չկան այդ աշխատողները: Հաստիքացուցակները պետք է ամբողջությամբ վերանայվեն, այդ աշխատավարձերը փոխանցվում են չգիտես ուր: Հաստիքացուցակը վերանայելուց հետո բավականին մեծ գումար բյուջեում կավելանա, որովհետեւ այն անպետք աշխատանքները, որոնք գրված են հաստիքացուցակում… Պոլիկլինիկաներում մի բուժքույրը մի քանի բժշկի համար է աշխատում, բայց ստանում է մի աշխատավարձ, մնացած աշխատավարձերը չգիտես ուր են գնում: Այդպես թաղապետարաններում է, այդպես քաղաքապետարանի ենթակայության տակ բոլոր հիմնարկներում է: Պետք է հաստիքացուցակները վերանայել, պետք է վերանայել նաեւ գույքահարկի համակարգը, որովհետեւ 2-սենյականոց բնակարանի համար մարդը վճարում է նույնքան, որքան ինչ-որ մեկի բարեկամը՝ հսկայական առանձնատան կամ շինության համար: Այդ ամեն ինչը վերանայելուց հետո Երեւանը կունենա շատ մեծ բյուջե:

Հ. Ջ.– Երեւանում գործում են առեւտրի 8587 օբյեկտներ: Երբ նայում ենք տեղաբաշխվածությանը, առեւտրի շրջանառության ծավալի մոտ 90%-ը բաժին է ընկնում Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններին։ Մնացած 7 վարչական շրջանների տարածքներում իրականացվող առեւտրի շրջանառությունը կազմում է ընդամենը 0.03%-ից մինչեւ 6%։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ այդ համայնքներում բիզնեսի խթանման լուրջ անհրաժեշտություն կա, հնարավոր չէ՞ այնտեղ արտոնյալ պայմաններ սահմանվեն, ազատ տնտեսական գոտի հայտարարվի:

Հ. Ս.- Այն համայնքները, որ դուք նշեցիք, մեծ վարչական շրջաններ են, եւ բնակչության քանակը այնտեղ բավականին մեծ է: Վերջին տարիներին մրցակցային պայմաններից ելնելով՝ կենտրոնացվածությունը ցրվեց: Քաղաքապետարանը փորձելու է հստակ չափորոշիչներ սահմանել բոլորի համար՝ հավասար պայմաններ ստեղծել: Ես տնտեսագետ եմ եւ հավատում եմ այն կանոնին, որ շուկան ինքը կարող է կարգավորվել, բայց պետությունը պետք է պահակի դեր կատարի: Պետք է վերանայվեն հողի հարկը, գույքահարկը, որոշ արտոնություններ պետք է տրամադրվեն:

Հ. Ջ.– Ժամանակին սուպերմարկետները, մոլերը մի կողմից՝ խեղդեցին փոքր ու միջին բիզնեսը, փոքր կրպակները փակվեցին, բայց մյուս կողմից էլ՝ քաղաքակիրթ առեւտրի մշակույթ բերեցին: Ո՞րն է գերադասելի՝ ՓՄՁ-ներին թողնել շնչե՞ն, թե՞ սուպերմարկետներին թույլ տալ, որ շարունակեն այսպես գործել, ՓՄՁ-ների համար արտոնություններ չպե՞տք է լինեն:

Հ. Ս.- Այժմ տենդենց է գնում՝ մրցակցային պայմաններով փոքր խանութներ կան, որոնք պարզապես առաքում են իրականացնում տուն՝ առանց հավելավճարի: Իրենց գործունեությունը փորձում են այդ ձեւով ծավալել, որ դիմանան մրցակցությանը, իսկ հավասար մրցակցությունը լավ բան է: Մարդիկ փորձում են մտածել, որ առեւտրով չզարգանան, զարգանան, օրինակ, IT տեխնոլոգիաներով, ներդրումներ անեն: Առեւտուրը սահմանափակ է, մեր բնակչությունը այդքան չի աճում, որ նոր առեւտրի կետեր լինեն, ունենալու էինք խնդիր, շահույթը կենտրոնացված մի անձի մոտ չի լինի, այլ կլինի տարբեր մարդկանց մոտ:

Ա. Խ.– Փողոցային առեւտուրը փչացնում էր քաղաքի տեսքը: Նույնն էլ կրպակները՝ տարբեր չափերի, գույների, քաղաքի վիզուալ տեսքը փչացնում էին, ես կողմ եմ, որ կրպակները գոնե գլխավոր փողոցներից վերանան, բայց մնացել են դեռ բակային տարածքներում: Խնդիրն այն էր, որ նախորդ իշխանությունների օրոք կային մենաշնորհներ, միայն «Երեւան սիթիներն» էին, «ՍԱՍ»-երը:

Հ. Ս.– Շատ մարդկանց համար ցավալի բան կասեմ՝ կան գովազդային վահանակներ, որոնք գրանցված չեն քաղաքապետարանում, ու կոնկրետ գովազդային վահանակ գիտեմ, որ ամսական 1 մլն դրամ արժի, ընդհանրապես գրանցված չէր, հեղափոխությունից հետո դարձավ 250 հազար դրամ: Ապօրինի էին տեղադրված, ու համապատասխան գումարները բյուջե չեն գնում: Կան որոշ սրճարանների տարածքներ, որոնք շատ չնչին գումարներով տրամադրվում են որոշ ձեռնարկատերերի: Այնպես չի, որ ձեռնարկատերերը շատ արդար են գտնվել՝ իրենց սեւ կասսայի միջոցով համապատասխան միջոցներ տրամադրել են տարբեր մարդկանց: Ասեմ, որ իրենք այսուհետ վճարելու են այդ գումարը Երեւանի բյուջե, ու բյուջեն համալրվելու է:

Հ. Ջ.– Ո՞ւմ են պատկանում այդ գովազդային վահանակները:

Հ. Ս.- Չեմ ուզենա հիմա անուններ տալ, նախկին իշխանությունների հետ շատ մոտ շրջանակներ են:

Զրույցը վարեց
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԸ

Ամբողջական զրույցը՝

«Առավոտ»

11.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031