Այսօր տարածվեցին տեսանյութեր, որտեղ Անիի համայնքապետի հրաժարականը պահանջող մարալիկցի ցուցարարները վիճաբանում էին «Ադեկվատ»-ի նկարահանող խմբի տղաների հետ՝ նրանց անվանում «հակահեղափոխականներ»: Ուղիղ եթերում վիրավորանքներ, մեկում անգամ հայհոյանքներ էին հնչում, երևում է, որ ցուցարարները վրդովված են «Ադեկվատի» լուսաբանումից, մասնավորապես Մարալիկը «քիփլիկ քաղաք» անվանելուց։ Տեսանյութում ցուցարարները պնդում էին, որ «Ադեկվատը» սխալ տեղեկություն է տարածել, իրենց ձեռ է առել ու այս կապակցությամբ հաշիվ էին պահանջում։
«Ադեկվատի» նկարահանող խմբի անդամներն էլ իր հերթին հարցնում էին՝ «Սպասեք, դուք տեսե՞լ եք, թե ձեզ ձեռ ենք առե՞լ»։ Սկսվեց վիճաբանություն, քաշքշուկ, որին միջամտեց ոստիկանությունը։
Նկարահանող խմբին Մարալիկի հրապարակ ուղեկցող երիտասարդները մի պահ նաև բարկացան իրենց ուղիղ եթերում «բորբոքված մարալիկցիների մի խումբ» բնութագրելուց։
Մենք կապ հաստատեցինք Մարալիկի բնակիչ, ազատամարտիկ Հարություն Ուռուտյանի հետ, որը, ինչպես կադրերում էր երևում, փորձում էր հանդարտեցնել իրավիճակը և խնդրեցինք պարզաբանել, թե ինչպես է ծագել միջադեպը։
Պարոն Ուռուտյանն ասաց․ «Ժամը 17․00-ի սահմաններում երեք հոգի եկել են խաղահրապարակ, որտեղ տղամարդիկ նարդի, շախմատ են խաղում, հարցրել են, թե ի՞նչ է կատարվում Մարալիկում, բայց սկսել են պրովոկացիայով։ Կասկած չունենք, որ նրանց հենց Արտակ Գևորգյանն էր բերել (խոսքը Անիի համայնքապետի մասին է) ։ Փաստաթղթերը պահանջեցի, չունեին, օրգանի աշխատողները միջամտեցին ու ճանապարհեցին իրենց»:
«Ադեկվատն» էլ, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այսօրվա միջադեպին ու լուսանկար հրապարակելով, գրել է․
«Մարալիկցիների հետ հարցազրույցի ընթացքում թավշյա հեղափոխականները մեզ արդեն հետևում էին, որպեսզի կազմակերպված հարձակվեն։
Ի դեպ, բուն մարալիկցիները շատ կարգին, ադեկվատ մարդիկ էին։
Մանրամասները շուտով…»։
Հիշեցնենք, որ վիճաբանության պատճառը Ադեկվատի թողարկումն է եղել:
https://www.facebook.com/adekvadism/videos/338372920252800/
https://www.facebook.com/adekvadism/videos/504566863352725/
https://www.facebook.com/adekvadism/videos/2224042444505393/
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ