Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Իռլանդիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Հելեն Մաքէնթիի հետ, ով գտնվում է Հայաստանում` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին:
Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր գործընկերոջը Իռլանդիայի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ ՖՄԿ գագաթաժողովը լավ հարթակ է տրամադրում երկկողմ օրակարգային հարցերը քննարկելու և հետագա զարգացման հեռանկարներն ուրվագծելու համար: Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ դրանցում առանցքային դեր է հատկացվելու այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են թվային զարգացման օրակարգը, սմարթ կրթությունը և նորարարությունը:
Երկկողմ օրակարգի համատեքստում նախարար Մնացականյանը և պետնախարար Մաքէնթին երկուստեք պատրաստակամություն հայտնեցին գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում հայ-իռլանդական համագործակցությունն առավել ընդլայնելու ուղղությամբ՝ հատկապես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռված հանարավորությունների շրջանակներում:
Նախարար Մնացականյանն անդրադարձավ նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին, ժողովրդի մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին:
—
ՀՀ ԱԳՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ