Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը պահանջում է, որ ԱԺ-ն երկու անգամ չընտրի վարչապետ. Ալեքսանդր Մարկարով

Հոկտեմբեր 11,2018 22:11

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կանխատեսումը, թե դեկտեմբերին արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենա, չիրականացավ: Քաղաքագետի խոսքով, իր կանխատեսումը  կիրականանար, եթե Հայաստանում չլիներ ֆորսմաժորային կամ արագացված տեմպերով զարգացող իրավիճակ:

Ըստ նրա՝ եթե Ընտրական օրենսգիրքը մշակվեր ու  ուղարկվեր Վենետիկի հանձնաժողով, ապա առնվազն կես տարով ընտրությունները հետաձգվելու էին, բայց. «Փոխվեց երկու բան, առաջին՝ ներկա գործադիր իշխանության ներկայացուցիչները համոզվեցին, որ ունեն քաղաքացիների  լայն օժանդակություն, մասսայական մոբիլիզացվող զանգված, եւ երկրորդ՝ Ազգային ժողովի  խմբակցություններն ընդունեցին կանոնադրության փոփոխությունները, եւ դա արագացրեց գործընթացը, արագացրեց խորհրդարանում մեծամասնություն ապահովելու  Փաշինյանի ցանկությունը»:

Ալեքսանդր Մարկարովն ավելի վաղ ասել էր՝ չպետք է ակնկալել, որ այս տարի Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ ընտրություններ անցկացնելու համար նախ՝ պետք է փոփոխություններ իրականացվեն Ընտրական օրենսգրքում։ Իսկ փոփոխությունների համար էլ անհրաժեշտ է խորհրդարանի համապատասխան 2/3-րդի մեծամասնությունը։

Քաղաքագետի կարծիքով, արտահերթ ընտրություններում մեծ հավանականություն կա, որ այլ թեկնածու, բացի գործող վարչապետից, չի առաջադրվի,սակայն նա չբացառեց, որ թեեւ քիչ հավանական է, բայց կարող է եւ այլ թեկնածու լինել: Արտահերթ ընտրությունները հենց դեկտեմբերին անցկացնելու հարցում ԲՀԿ-ի դիրքորոշման փոփոխությունը Ալեքսանդր Մարկարովը մի գործոնով չի պայմանավորում.

«Պարզ է, որ ԲՀԿ-ի համար երեւանյան ընտրություններից հետո, երբ ստացան իրենց ակնկալածից ցածր ցուցանիշ, եթե նրանք շարունակեին նույն ձեւով, նրանց համար ավելի քիչ հավանական կդառնար ապահովել իրենց ներկայացվածությունը քաղաքական դաշտում որպես խորհրդարանական կուսակցություն… Ծառուկյանի վրա նաեւ ազդեց այն հանգամանքը, որ երեւաց՝ քաղաքական համախմբվածությունը դեմ է այն տարբերակին, որ իրենք ՀՀԿ-ականների հետ քվեարկեցին, ինչու չէ, նրանք հասան նաեւ որոշակի պայմանավորվածությունների Փաշինյանի հետ»:

Անդրադառնալով վարչապետի ընտրություններին, քաղաքագետը նկատեց, որ Սահմանադրությունը պահանջում է, որ ԱԺ-ն երկու անգամ չընտրի վարչապետ. «Եթե չառաջադրվի թեկնածու, ու ընտրությունները չկայանան, խորհրդարանը չի կարող ցրվել, որովհետեւ այն չի քվեարկել: Ես սահմանադրագետ չեմ, բայց ենթադրում եմ, որ այս հարցն իր լուծումը կգտնի, ու Փաշինյանն իր թիմով հասկանում է այս խնդիրը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031