«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը «աշխատանքներ» են տարել քաղաքական ուժերի հետ, որպեսզի վարչապետի հրաժարականի դեպքում որևէ մեկը վարչապետի թեկնածություն չառաջադրի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը`պատասխանելով հարցին` ԲՀԿ-ի հետ հուշագիր ստորագրվեց, որ համաձայն են դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին եւ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու:
ՀՀԿ-ն հայտարարեց, որ վարչապետի հրաժարականի դեպքում թեկնածու չի առաջադրելու: Հավանաբար, համանման մի հայտարարություն-հուշագիր էլ առաջիկայում ՀՅԴ-ն կանի. սա քաղաքական ուժերի կապիտուլյացիա չէ՞, ճնշում չէ՞ քաղաքական ուժերի վրա: Այս մեկնարկով արդյոք չեն կանխորոշվում ընտրությունների արդյունքները:
«Քանի դեռ իր թիկունքը ապահովագրված չէր Փաշինյանը չէր հայտնի իր հրաժարականի մասին: Հենց այդ նպատակն էր հետապնդում ԲՀԿ-ի հետ ստորագրած հուշագիրը: Բայց թե ինչպե՞ս են դրան հասել` դեռեւս պարզ չէ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հնարավոր է որոշ պատգամավորներին համոզել են, որոշների դեպքում գործի են դրվել կոմպրոմատները.
«Այս պահին մենք ունենք միայն Արմեն Աշոտյանի կիսատ-պռատ հայտարարությունը, որ իրենց կուսակցության որոշ անդամների վրա ճնշումներ են գործադրվել, բայց նա էլ հրաժարվում է անուններ տալ և ասել, թե ինչպիսի՞ ճնշումներ են գործադրվել որոշ ՀՀԿ-ականների վրա»: Մեր զրուցակիցը նկատում է, որ այժմ մյուս քաղաքական ուժերի համար շատ դժվար է Փաշինյանի դեմ որևէ գործողություն կատարել, քանի որ հասարակական մեծ ճնշում կա այդ ուժերի վրա և ոչ մեկ, հավանաբար, չի ցանկանա դառնալ հասարակության ատելության զոհը:
ԸՕ-ի փոփոխություններով առնվազն չորս ուժ պետք է խորհրդարանում ներկայացված լինեն: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պարագայում դեռ հստակ չէ`մասնակցելո՞ւ են, ընտրություններին, թե`ոչ: ԲՀԿ-ն, ձեր կարծիքով տեղ կունենա՞ ապագա խորհրդարանում, այդ հուշագրով ամրագրվե՞ց ԲՀԿ-ի`երկրորդ ուժ լինելու հավակնությունը`մեր հարցին, Արմեն Վարդանյանը պատասխանեց.
«Կարծում եմ թե՛ ՀՀԿ-ն, և թե՛ ՀՅԴ-ն կմասնակցեն ԱԺ ընտրություններին, այլապես այդ ուժերի համար դա ինքնասպանության նման մի բան կլինի: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա պետք է նկատել, որ այդ կուսակցությունը ահռելի ֆինանսական և մարդկային ռեսուրսներ ունի, գրասենյակներ, տարածքային կազմակերպություններ ունի ՀՀ գրեթե բոլոր քաղաքներում և այդ կուսակցությունը տեղ կունենա ապագա խորհրդարանում: Այստեղ շատ կարևոր է հատկապես Գագիկ Ծառուկյանի գործոնը, ով մեծ հեղինակություն ունի Հայաստանում: Այնպես որ, իմ խորին համոզմամբ, ԲՀԿ-ն իր համար ապահովագրել է 2-րդ տեղը գալիք խորհրդարանական ընտրություններին»:
Այս օրերին որոշ ՀՀԿ-ականներ հայտարարեցին Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին: Նրանցից ամենազավեշտալի թերեւս Գեւորգ Կոստանյանի հայտարարությունն էր` «Նիկոլ Փաշինյանն ազնիվ է», այդ պատճառով է ինքը փոխում ճամբարը:
Aravot.am-ի հարցին`Գեւորգ Կոստանյանն այսպիսով ապահովե՞ց իր քաղաքական ապագան, թե՞ այնուհանդերձ պատասխանատվության իր բաժինը կկրի`հատկապես «մարտի 1»-ը իր մասով կոծկելու համար, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ Գևորգ Կոստանյանի և արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու նախաձեռնությանը միացած մյուս ՀՀԿ-ական պատգամավորների հետ «աշխատանքներ» են տարվել:
Հուսով եմ, դրա փոխարեն Գևորգ Կոստանյանը ինդուլգենցիա չի ստանա և նա կպատժվի ՀՀ զինվորական դատախազ և գլխավոր դատախազ եղած ժամանակ մի շարք աղմկահարույց քրեական գործերի պարտակման համար: Եթե նա չպատժվի դա կարող է վատ նախադեպ դառնալ: Բացի դրանից, հետագայում իշխանություններին կմեղադրեն Գևորգ Կոստանյանին ներելու և նրա հետ գործարքի գնալու համար: Ինչ վերաբերում է Գևորգ Կոստանյանի քաղաքական ապագային, ապա իմ կարծիքով ինքը այլևս դժվար թե երբևէ քաղաքական գործոն լինի, քանի որ մերժված կլինի թե՛ ներկայիս, թե՛ նախկին իշխանությունների կողմից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ