Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Սարիգյուղի խմելու ջրի հիմնահարցը լուծվում է

Հոկտեմբեր 11,2018 20:44

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղում մշտապես եղել է խմելու ջրի խնդիր: Գյուղի բնակիչները խմելու ջուը էին վերցնում նույն ջրաղբյուրի՝ իրարից շուրջ 1 կմ հեռավորությամբ գտնվող 2 ծորակներից: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շուրջ 21 միլիոն դրամ ֆինանսական աջակցությամբ, Սարիգյուղ համայնքի 5 միլիոն 800 հազար դրամ ներդրումով կառուցվել է խմելու ջրագիծ:

Պոմպերի միջոցով գյուղի հյուսիս-արեւմուտքից ժամում 3 խորանարդ մետր ջուր է մղվում Սարիգյուղի հյուսիսում գտնվող 10 տոննա տարողությամբ ջրամբար: Գյուղի 5 թաղերում տեղադրվել են ջրամղիչ սարքեր, որոնք ջուր են մղում ձեռքի շարժումով: Ավելի քան 20 օր է՝ խմելու այդ ջրագիծը գործում է: Համայնքապետարանը նախաձեռնել է այդ ջրագծի երկարությունն ավելացնել, այն եւս 4 թաղամասում անցկացնել:

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող հրատապ ծրագրերի շրջանակներում նախատեսվում է Կիրանցի վարչական տարածքում գտնվող արտեզյան հորից Սարիգյուղ 6 կմ երկարությամբ խմելու ջրագիծ կառուցել: Այդ նպատակով կտրամադրվի 115 միլիոն դրամ, համայնքի ներդրումը կկազմի 3 միլիոն 450 հազար դրամ: Կկառուցվի նաեւ ջրի զտիչ կայան, ջրագիծը կմիացվի 100 տոննա տարողությամբ ջրամբարին, որը կնորոգվի, կցանկապատվի : Սարիգյուղ համայնքի ղեկավար Կոմիտաս Էլլարյանը հայտնեց,որ ջրագծի նախագիծը կառավարության կողմից փորձաքննության փուլում է, առաջիկայում շինարարության մրցույթ կհայտարարվի: Այդ ջրագծի գործարկմամբ Սարիգյուղի խմելու ջրի խնդիրը վերջնականապես կլուծվի:

Կ. Էլլարյանը հայտնեց, որ Սարիգյուղը ներկայումս 1460 բնակիչ ունի: Սարիգյուղը Տավուշի մարզի սահմանամերձ այն համայնքներից է, որտեղ բնակչությունը տարեցտարի ավելանում է: Մեծանում է նաեւ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը, 2004 թվականին դպրոցն ունեցել 172 , ներկայումս` 212 աշակերտ: 2016-2017թթ. բարեգործի աջակցությամբ վերանորոգվել է գյուղի մանկապարտեզի շենքը, այն հագեցվել է գույքով, սպասքով, մանուկների կրթության եւ դաստիարակության համար լավ պայմաններ են ստեղծված:

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի աջակցությամբ 2017թ. ամռանը Ֆրանսիայից Սարիգյուղ ժամանեց 30 կամավոր: Երիտասարդ կամավորները 20 օր բնակվեցին սարիգյուղացիների տներում, նորոգեցին Սարիգյուղի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների մասնաշենքը, դպրոցը մշտական խմելու ջրագիծ անցկացվեց, ապահովվեց դպրոցի ջրահեռացումը:

Սարիգյուղում լուծված է նաեւ գազաֆիկացման խնդիրը, գյուղի 95 տոկոսը գազաֆիկացված է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031