Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Ազնավուր» կենտրոնում ելույթ ունեցավ անգլերեն:
Նրա խոսքով, Շառլ Ազնավուրը իրականում 100 տոկոսով ֆրանսիացի էր ու 100 տոկոսով հայ, բայց նա իրականում 100 տոկոս այս աշխարհից էր, աշխարհի քաղաքացի էր. «Դրա համար ելույթ կունենամ անգլերենով»:
«Սիրելի Մակրոն, ձեր հայրը` որպես մեծ պոետ, մի անգամ շատ փիլիսոփայորեն ասաց՝ կյանքը շատ պարզ է, կա ծնունդ, կա մահ, դրա արանքում կյանքն է, շատ պարզ է, մի օր ծնվում ես, մի օր մահանալու ես… բայց թույլ տվեք մի բան ավելացնել, որ Ազնավուրի նման մեծ արտիստի դեպքում կա երկրորդ կյանք մահից հետո»: Նա շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի նախագահին Ազնավուրին սիրելու համար:
Նախագահը նաեւ պատմեց, որ երբ աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը Հայաստանում էր, միասին շրջում էին քաղաքով, երբ ինքը նրան ցույց տվեց Շառլ Ազնավուրի տունը, Էլթոն Ջոնն ասաց, թե ինչ ափսոս, որ ինքը հայ չէ, ապա ասաց՝ եթե Շառլ Ազնավուրը համաձայնի, ինքը պատրաստ է նրա հետ Հայաստանում համերգ տալ: Արմեն Սարգսյանի խոսքով, Էլթոն Ջոնի այդ ասածից հետո, ինքն անմիջապես զանգել է Շառլ Ազնավուրին փոխանցել նրա ասածը, ինչին Շառլ Ազնավուրը դրական է արձագանքել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ