Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության` Երևանում անցկացվող 17-րդ գագաթնաժողովի առիթով հոկտեմբերի 11-ից Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվել է «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսը:
Վերջինիս բացմանն, ի թիվս այլոց, մասնակցեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի հետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Ցուցահանդեսի համադրողն է ֆրանսահայ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը:
Լրագրողների հետ զրույցում Մութաֆյանն ասաց, որ հայկական ներկայությունը Ֆրանսիայում հաշվվում է չորրորդ դարից: Առաջին վկայություններից մեկն այն է, որ հայ քարոզիչը Ֆրանսիայի հարավի գյուղերից մեկում քարոզել է: Ամենահզորը, սակայն, հարաբերությունների առումով Խաչակիրների ժամանակաշրջանն էր:
Արմեն Կլոդ Մութաֆյանն ասում է, որ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթացել: Նրա ձեւակերպմամբ, ֆրանսիացիների աչքում հայերը հերետիկոսներ են եղել: Ասում է՝ հետագայում, երբ խաչակիրները եկան եւ չորս պետություն հիմնեցին, պետք է ըստ կարգի կին ընտրեին իրենց համար տեղացիներից, որոնք լինեին քրիստոնյա, իշխանուհի, ոչ հույն եւ անպայման գեղեցկուհի: Այդ չափանիշներին, հայագետի ասելով, համապատասխանել են միայն հայ ազնվազարմ աղջիկները: Ու շատ խառն ամուսնություններ են գրանցվել: Երուսաղեմի արքա Բալդուին Առաջինի կինն, օրինակ, հայ իշխանուհի էր, Բալդուին Երկրորդի կինը՝ նույնպես: Վերջինիս դուստրը, որ հետագայում թագուհի է կարգվել, լատինաարեւելյան ամենահզոր անհատականություններից է համարվում, որը մեծ դերակատարություն է ունեցել հայ-ֆրանսիական կապերի առումով:
Գիտնականը հարցազրույցին զուգահեռ ներկայացրեց այն բացառիկ ձեռագրերը, հնատիպ գրքերը, որոնք Մատենադարանի ֆոնդերից էին ու իր անհատական հավաքածուից: Այդ արխիվային փաստաթղթերը, քարտեզները և լուսանկարնեը արտացոլում են դարերի ընթացքում ձևավորված հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչությունները:
Aravot.am-ի հարցին պատասխանելով, Արմեն Կլոդ Մութաֆյանը նշեց, որ հայաստանցի գիտնականներից ոչ միայն Լեւոն Չուգասզյանը, այլեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փայլուն ֆրանսերեն գիտի, ու քիչ չեն համագործակցությունները գիտական, մշակութային առումներով: Նրա խոսքերով, ամբողջ աշխարհում անգլերենը խոչընդոտում է այլ լեզուներով գիտնականների խոսելուն:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առթիվ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) մեկենասությամբ Մատենադարանը հրատարակել է նաեւ ցուցահանդեսի մասին պատմող երկլեզու գրքույկ և հայկական մանրանկարչությանը նվիրված ֆրանսերեն ալբոմ-ուսումնասիրություն: Ալբոմի հեղինակներն են Կարեն Մաթևոսյանը և Էդդա Վարդանյանը, լուսանկարները՝ Հրայր Բազե Խաչերյանինն են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ