Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք գիտեք ինչքան բարձր տեղ է գրավում ձեր երկիրը ֆրանսիացիների սրտերում». Մակրոնը՝ հայերին

Հոկտեմբեր 11,2018 19:45

«Դուք գիտեք ինչքան բարձր տեղ է գրավում ձեր երկիրը ֆրանսիացիների սրտերում՝ Փարիզում, Մարսելում, Վիենում կամ այլուր: Հայաստան բառը հնչեցնելով՝ շատ նուրբ եւ հուզիչ զգացմունք է ներշնչվում ֆրանսիացիների հոգում: Հայաստանը կապվում է ազգերի արհավիրքների հետ»,- այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նա ասաց, որ «Հայաստանի համար Ֆրանսիան եւ ֆրանկոֆոնիան խորհրդանշվում էր նաեւ մի ձայնով՝ երգի հսկա տաղանդ, ով երգում էր մեր երջանկությունները, մեր դժբախտությունը, մեր թեթեւ մոտեցումը կյանքին մի հատուկ թախիծով, որը յուրահատուկ է պանդխտության մեջ ապրող մարդկանց համար: Նա երգում եւ պահպանում էր հայկականությունը, կազմակերպում էր օգնության գործընթացներ ցեղասպանության ժամանակ, խրախուսում քաջությունը: Ամբողջովին ճանաչելով այն մեծ հանցագործությունը, որի զոհ էր նաեւ ինքը՝ ցեղասպանությունը, կցանկանայի հիշեցնել մեծ մարդու անունը՝ Շառլ Ազնավուր»:

Էմանուել Մակրոնը պատմեց, որ մոտ 15 օր առաջ գտնվում էր Շառլ Ազնավուրի հետ Փարիզում. «Նա պատրաստվում էր մեկնել Տոկիո եւ արտահայտեց իր ուրախությունը, անհամբերությունը Հայաստանում այսօր գտնվելու: Նախեւառաջ սա եւս մեկ հանդիպում էր՝ իր սիրելի Հայաստանի հետ: Եվ սա պետք է լիներ հանդիպում մեր ֆրանսերեն լեզվի հետ: Շառլ Ազնավուրը խորհրդանշում էր մի կյանք, որը արտահայտում է այն ամենը, ինչ մեզ միացնում է: Այս գաղթականի որդին չուներ ոչինչ, չուներ կապեր, հայերենն իր առաջին լեզուն էր, վրացերենը՝ երկրորդ եւ այսoր չկա մի ֆրանսիացի, որն իրեն չի մեջբերի՝ որպես ֆրանսիացի ամենամեծ պոետի, ֆրանկոֆոնիան սա է: Այն նախեւառաջ նվաճում է»:

Նա ասաց, որ այսօր մի ընտանիք է Երեւանում՝ մոլորակի մասշտաբներով մի ընտանիք. «Մենք բոլորս, պատկանելով այդ ընտանիքին, չունենք մաշկի նույն  գույնը, մեր աստվածները չեն կրում նույն անունը, ոմանք նաեւ չեն հավատում Աստծուն: Մենք ապրում ենք շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար, մեր պատմությունները նույն աղբյուրներից չեն բխում, մեր միջեւ եղել են նաեւ շատ վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Այն լեզուները, որոնք լսել ենք պետություններից, անթիվ-անհամար են: Այնուամենայնիվ, այս ընտանիքը՝ այսքան բազմազան, այսքան տարօրինակ, միասնական է, համախմբված մի լեզվի շուրջ: Այս լեզուն մենք ընկալում եւ արտահայտում ենք բազմազանությամբ»:

Մակրոնն ասաց, որ աշխարհի իրավիճակը այսօր խաթարված է ստերով, ատելության քարոզներով. «Այն բոլոր կանոնները, որի շուրջ մենք կարողացել ենք համախմբվել վերջին տասնյակ տարիներին, այլեւս չեն գործում: Մարդու արժանապատվության, տղամարդ-կին իրավահավասարության, այս բոլոր հարցերը հարձակման են ենթարկվում բոլոր մայրցամաքներում»:

Ֆրանսիայի նախագահն ասաց, որ պետք է այնպես անել, որ բոլորը կհրավիրվեն սթափության. «Բոլոր լեզուներում այսօր մենք ինչ-որ պատճառով ընդունում ենք մի շարք անարդարություններ՝ ուղղված կանանց իրավունքներին, արդարությանը: Ֆրանկոֆոնիան պետք է լինի այն վայրը, որտեղ համախմբված սթափության անընդհատ արտահայտություններ կլինեն: Չի լինի մի վայր, որտեղ հնչում են դատարկ բառեր: Կլինի նոր սահմանումների եւ ստեղծագործական արտահայտությունների վայր եւ սա է, որ մեզ համախմբում է այսօր»: Նա նշեց, որ Ֆրանկոֆոնիայում 84 երկիր կա, բայց չկա մի երկիր, որը մյուսներին կթելադրի իր կամքը:

Մակրոնի խոսքով՝ «Ապրելով առաջադեմ երկրներից մեկում՝ ես նաեւ ապրում եմ շատ մեծ հետընթացներ: Ոչ ոք չի կարող դասեր ուղղել մյուսին: Կցանկանայի ձեզ հանձնել այս լեզվի եւ երիտասարդության ուժը, որը Ֆրանկոֆոնիայի հզորությունն է, կցանկանայի փոխանցել  ժողովրդավարության ուժը ոչ թե բառեր, որը կրկնվում են բոլոր վեհաժողովներում, այլ որպես հրամայական՝ տոկուն եւ առողջ, որովհետեւ նրանք անցնում են փողոցներում՝ ինչ էլ լինի նրանց անունները՝ անկախություն, հեղափոխություն: Այն, ինչ կատարվում են մեր լեզուներում, ազատության հեղափոխություններ են: Մեր այսօրվա վեհաժողովը չի կարող լինել՝ ինչպես մյուսները: Մենք չենք կարող կրկնել քաղաքավարի եւ հաճախ կրկնված բառեր»:

Մակրոնն ասաց, որ Ֆրանկոֆոնիան պետք է առաջինը ուղղված լինի երիտասարդությանը. «Մեզ հաճախ մեղադրում էին չափազանց ինստիտուցիոնալ լինելու համար: Ֆրանկոֆոնիայի բնակչությունը երիտասարդ է, չմոռանաք դա: Մեր առաջին պայքարը պետք է լինի երիտասարդությանը մատուցել աշխատանք եւ կրթություն»: Մակրոնը նշեց, որ անգլերենը դարձել է կիրառական լեզու, ֆրանսերենը ստեղծագործելու լեզու է: Մի լեզու է, որ չի կարող սահմանափակվել մի մայրցամաքով, այն սնվում եւ սնում է տարբեր լեզուներին: Մենք կարող եք հարստանալ դրանով այն դեպքում, երբ կհասկանանք, որ մենք համախմբված ենք այս արժեքների շուրջ:

Մակրոնը նաեւ հավելեց՝ «Ֆրանկոֆոնիան պետք է լինի այն տիրույթը, որտեղ մարտեր կմղվեն կանանց իրավունքների համար, ֆրանկոֆոնիան պետք է լինի ֆեմինիստ:

Մակրոնը հրավիրեց բոլորի ուշադրությունը Ֆրանկոֆոնիայի կանոնադրության վրա եւ ասաց՝ արդյո՞ք չպետք է պարտավորությունները խստացվեն, բոլոր ծրագրերը արդյո՞ք պետք է կազմվեն 4 կամ նույնիսկ 8 տարվա կտրվածքով: Նա առաջարկեց ավելի տեսանելի դարձնել խորհրդարանները, հանրությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031