Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աղջիկ երեխաներին ավելի շատ են աշխատեցնում՝ ճաշ են եփում, կով են կթում, տունն են մաքրում

Հոկտեմբեր 11,2018 18:00

8-9 տարեկանից սկսած՝ երեխաների մեջ դրվում է սեռային-դերային բաժանումը, որտեղ աղջիկ երեխաների սահմանափակումներն ավելի շատ են, իսկ դաստիարակության ձեւերն՝ ավելի խիստ: Ակնհայտ է աղջիկ երեխաների նկատմամբ կիրառվող խտրական վերաբերմունքը: Ի տարբերություն տղաների, նրանք ավելի շատ են մասնակցում տան կենցաղային գործերին՝ ճաշ եփել, տունը մաքրել, խանութ գնալ, կով կթել, սուրճ եփել, ամանները լվանալ, թխվածք թխել, զբաղվել փոքր երեխաների խնամքով եւ այլն: Աղջիկների, կանանց նկատմամբ անհավասար, խտրական վերաբերմունքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում «Առօրյայի անտեսանելի կողմը» հետազոտությունը, որտեղ արտացոլված են գենդերային կարծրատիպերը մեր կենցաղում:

Ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության, ՄԱԿ-ի առաջարկով հոկտեմբերի 11-ը նշվում է, որպես աղջիկների միջազգային օր: Այսօր այս մասին հիշեցրին նաեւ մեր երկրում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովի ընթացքում:

Հետազոտության հեղինակները պարզել են, որ մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ առօրյա աշխատանքների բաժանումն իրականացնել առանց սեռային խտրականության:

Տղամարդիկ պատրաստ են իրենց վրա վերցնել կանանց կողմից իրականացվող գործառույթները միայն սահմանային իրավիճակներում: Ըստ զեկույցի հեղինակների՝ ուշագրավ է, որ կանայք էլ գտնում են, որ երեխաների կրթության, դաստիարակության, այլ պարտականությունների հարցերով պետք է կանայք զբաղվեն: Սա կին զրուցակիցներից մեկը բացատրել է նրանով, որ կանայք ավելի շատ են շահագրգռված երեխաների ապագայով, քան հայրերը:

Հարցումները, որոնք իրականացվել են «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի»-ի եւ Վորլդ Վիժեն Հայաստանի» համագործակցությամբ, ցույց են տվել, որ խնդիրը սուր է հատկապես մարզային բնակավայրերում: Այստեղ հայրերը քիչ են զբաղվում կամ չեն զբաղվում երեխաների կրթության հարցերով:

Հարցման ենթարկված կանանցից մեկը, որը բնակվում է Դրախտիկ գյուղում, նշել է. «Ինձ թվում ա, առավոտյան էրեխեն, որ դուրս ա գալիս, մայրը պիտի հսկի, տեսնի նրա դասացուցակը տեղնա տեղը չի, ինքն ինչ վիճակում ա: Դրա համար մայրն ա պատասխանատու: Անկարգ ըլնելուց էլ, երեխան պիտի հորից քաշվի»:

Այն հարցին, թե արդյոք գործում է տղամարդ ծնողին դպրոց կանչելու մշակույթը, Կապան քաղաքից հարցման ենթարկված 32-ամյա տղամարդը պատասխանել է. «Դա, հիմնականում լինում ա էն դեպքերում, երբ արդեն գագաթնակետին ա հասել, ինչ-որ շատ լուրջ սխալ ա արվել:»

Հետազոտության հեղինակները պարզել են, որ, եթե տղամարդիկ մասնակցում են երեխաների կրթությանը վերաբերող որոշումներին, կամ դրանց իրականացմանը, ապա խիստ սահմանափակ. դրանք հիմնականում ներառում են՝ դասապատրաստումից՝ շախմատը եւ սպորտային հարցերը, եթե երեխան հաճախում է սպորտային խմբակների, ընդ որում՝ խոսքը վերաբերում է տղա երեխաներին:

Պարզ է դարձել նաեւ, որ երեխաների կրթության հարցում նկատվում է նաեւ երեխայի սեռով պայմանավորված հստակ բաժանում. Եթե տղա երեխաների կրթությամբ կարող են զբաղվել երկու ծնողներն էլ, ապա աղջիկ երեխաների կրթության հարցերով ավելի շատ պետք է զբաղվեն մայրերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը` Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031