«Ազնավուր» հիմնադրամը ներկայացրել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը
Երևանի Կասկադի հարևանությամբ տեղակայված «Ազնավուր» կենտրոնն «Ազնավուր» հիմնադրամի առաջին մշակութային նախագիծն է։ Հիմնադրամն ստեղծվել է 2017 թվականին՝ Շառլի Ազնավուրի և նրա որդու՝ Նիկոլա Ազնավուրի կողմից՝ նպատակ հետապնդելով մշակույթը հասանելի դարձնել մեծ հանրությանը և նպաստել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդմանը։
«Ազնավուր» կենտրոնի նախագիծն այսօր ներկայացվել է հանրությանը Երևանում կայացած հատուկ միջոցառման ժամանակ, որին ներկա են գտնվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ։ Միջոցառման ժամանակ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր «Ազնավուր» կենտրոնում Ֆրանսիական ինստիտուտ հիմնելու մասին։
«Ազնավուր» կենտրոնը կբացի իր դռները շենքի ամբողջական վերակառուցումից հետո, որը կղեկավարի ճարտարապետ Արիս Ադամյանը։ Կենտրոնում կգործի ինտերակտիվ թանգարան՝ նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին և անցած ճանապարհին, ինչպես նաև կրթամշակութային կենտրոն, որտեղ կդասավանդվի կինո, երաժշտություն և ֆրանսերեն։
Լինելով ինտերակտիվ մուլտիմեդիա ցուցասրահ՝ նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին և ստեղծագործությանը՝ Կենտրոնի թանգարանը կառաջարկի այցելուներին յուրահատուկ փորձառություն։ Այցելուներին թանգարանում կուղեկցի Ազնավուրի ձայնը, որտեղ նրանց կներկայացվի արտիստի կյանքի ամենանշանակալի փուլերը՝ ծնողների աքսորից մինչև հաղթական կարիերա։ Այցելուները կկարողանան իրենց ունակությունները փորձել երաժշտության մեջ՝ ձայնագրելով երգեր կամ ձայնային ինժեների օգնությամբ սովորելով երգեր համադրելու տեխնիկաներ։
«Ազնավուր» կենտրոնի գործունեության հիմքում կլինի նաև գիտելիքի փոխանակումը։ Այն կունենա 200 տեղանոց ամֆիթատրոն՝ կինոյի և թատրոնի մեծանուն գործիչների վարպետության դասերը հյուրընկալելու և անցկացնելու համար։ Ֆրանսերենի դասասենյակները նույնպես կլինեն այցելուների տրամադրության տակ։ Լեզվի դասական ուսուցումից բացի կենտրոնը կտրամադրի ֆրանսերենի հատուկ ուսուցում՝ հիմնված Շառլ Ազնավուրի երգերի տեքստերի վրա։ Կգործի նաև ժամանակակից մեդիադարան՝ ավելի քան 5000 ֆրանսերեն երկերով, որոնք հասանելի կլինեն թվային պլանշետներով։
«Ֆրանսիան և Հայաստանը կապված են բազմադարյա ընդհանուր պատմությամբ, և Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացումը Երևանում դրա փայլուն վկայությունն է։ Հիմնադրամի միջոցով Շառլ Ազնավուրը ցանկանում էր Ֆրանսիայի և Հայաստանի միջև կառուցել մի նոր կամուրջ։ Այսպիսով, նրա բարեգործական գործունեության մեջ նոր փուլ է բացվում․ նա իր հասարակական գործունեությանը զուգահեռ կնպաստումի նաև մշակույթի տարածմանը։ Մենք կշարունակենք այս առաքելությունն ավելի մեծ ջանքերով ու նվիրումով, քան առաջ՝ ի պատիվ և ի հիշատակ Շառլ Ազնավուրի»,- հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Սարգսյանը։
Աշխարհում Հայաստանի դեսպանը համարվող Շառլ Ազնավուրը հայտնի է նաև իր նշանակալի բարեգործական գործունեությամբ։ Նա մոբիլիզացրել է ջանքերը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ողբերգական երկրաշարժի տուժածներին օգնություն տրամադրելու համար։ Լեգենդար արտիստը ներգրավված է եղել նաև քաղցկեղի և ալցհայմեր հիվանդության դեմ պայքարում, իսկ ավելի ուշ նաև Հայիթիի երկրաշարժի տուժածներին օգնություն տրամադրելու առաքելությունում։
Նիկոլա Ազնավուրը՝ հիմնադրամի համահիմնադիրը, ասել է․ «Ինձ, ինչպես նաև հիմնադրամի ամբողջ թիմի համար ցավալի է ներկայացնել «Ազնավուր» կենտրոնի ծրագիրն առանց հորս ներկայության, բայց ես խորապես երախտապարտ եմ, որ կարող եմ շարունակել նրա պայքարն այս ձևով։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բազմաթիվ մարդկանց, ովքեր մեզ աջակցել են այս օրերի ընթացքում՝ խոսքերի և նվիրատվությունների միջոցով»։
Հանդիսատեսն ու երաժշտական աշխարհը կկարոտեն լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրին, ով միաժամանակ դերասան էր, հեղինակ-երգահան, կատարող և հանդիսատեսի կողմից սիրելի անհատականություն։ «Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս ապագա ծրագրերի միջոցով սիրո, սրտաբացության և համեստության արժեքները, որ նա մարմնավորում էր, կշարունակեն ապրել։
«Ազնավուր» հիմնադրամ