Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյան. « Մեր երկու հավաքականներն էլ շախմատի ՀՕ-ում խաղում էին դուխով»

Հոկտեմբեր 11,2018 17:47

Բաթումում անցկացված շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը պայքարն ավարտեց թիմային 8-րդ տեղում, իսկ կանանց ընտրանին՝ 6-րդում:

Մեր երկու հավաքականների մասնակցությունը Aravot.am-ի խնդրանքով գնահատել է համաշխարհային շախմատում մեծ հարգանք եւ հեղինակություն վայելող միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, որն ի դեպ, նշանակվել է աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա մրցամարտի գլխավոր մրցավար: Նշենք նաեւ, որ Աշոտ Վարդապետյանին ՖԻԴԵ-ն արդեն 3-րդ անգամ է վստահում շախմատի աշխարհի չեմպիոնության համար մրցամարտը սպասարկելու պատիվը:

Մասնագետը, մասնավորապես ասաց. «Երկու հավաքականների մրցելույթներն ընդհանուր առմամբ գնահատում եմ դրական՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու թիմերի կազմում էլ կային զգալի փոփոխություններ՝ կազմերը գրեթե կիսով չափ երիտասարդացվել էին, եւ երիտասարդները լիարժեք մասնակցեցին պայքարին ու լիովին արդարացրին սպասելիքները:

Տղամարդկանց հավաքականի ելույթը համարում եմ բավարար, թեեւ սպասելիքներն ընթացքում ավելի շատ էին: Մեր հավաքականը տեւական ժամանակ խաղում էր առաջին խաղատախտակների առջեւ, ուժեղագույն մրցակիցների հետ եւ վաստակած ամեն մի միավորը կարող էր մեդալ նվաճելու, հաղթելու շանսերը կտրուկ բարձրացնել կամ նվազեցնել: Կյանքը ցույց է տալիս, որ երբ սկզբում առաջատարների խմբում ես լինում, անընդհատ դժվար մրցամարտեր ես անցկացնում ու դժվար է մինչեւ վերջ դիմանալ: Դրա վառ օրինակը Ռուսաստանն է, որը պայքարի սկզբում միավորներ էր կորցրել եւ վերջում «ներքեւի» թիմերից հաղթանակներ կորզելով եկավ եւ գրավեց 3-րդ տեղը: Նույնը կարելի է ասել Վիետնամի թիմի մասին: Դրա համար ես գնահատում եմ, ոչ թե մեր տղաների զբաղեցրած տեղը, այլ այն, որ նրանք մինչեւ վերջ պայքարեցին ամենաբարձր տեղերի համար, բայց ինչ-որ տեղ նրանց բախտը չբերեց: Նկատի ունեմ կարեւոր միավորների ոչ պարտադիր կորուստները, երբ Ադրբեջանին կարող էին հաղթել, բայց հակառակը եղավ, իսկ ԱՄՆ-ի հետ տրամաբանական ելքը ոչ-ոքին էր: Եվ ի վերջո, մրցաշարից առաջ մեր հավաքականը վարկանիշով 8-րդն էր ու այդ տեղն էլ զբաղեցրեց, ինչը չի կարելի նահանջ համարել:

Ինչ վերաբերում է կանանց հավաքականին, նրանք ուղղակի գերազանց խաղացին: Նրանք ութերորդ տուրում անգամ գլխավորում էին մրցաշարային աղյուսակը, բայց նույն բանը կատարվեց, ինչ-որ տղաների հետ: Առաջին իսկ տուրերից խաղալով ուժեղագույն մրցակիցների հետ՝ նրանց նույնպես վերջում մի փոքր չբավականացրեց: Մեկ միավորը նրանց մրցանակային տեղ կարող էր բերել կամ նույնիսկ կարող էին պայքարել 1-ին, 2-րդ տեղերի համար: Եվ դա այն պարագայում, երբ մեր աղջիկների հավաքականում երկու միանգամայն նոր պատանի խաղացողներ էին՝ Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը: Ինձ ուրախացրեց նաեւ այն, որ տեւական ոչ փայլուն մրցելույթներից հետո Բաթումում 1-ին եւ 2-րդ խաղատախտակների առջեւ լավ խաղացին մեր առաջատարները՝ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Անպայման պիտի նշեմ, որ երկու մրցաշարերում էլ մեր շախմատիստները, նաեւ այլ թիմերի որոշ խաղացողներ, առողջական խնդիրներ ունեցան: Ինչ-որ թունավորման մասին է խոսքը: Անգամ եղան դեպքեր, երբ մասնավորապես մեր աղջիկները լրիվ հիվանդ վիճակում են մասնակցել տուրին:

Չնայած մեր կանանց հավաքականի բարձրագույն տեղը համաշխարհային օլիմպիադայում եղել է 5-րդը, ես այսօրվա 6-րդ հորիզոնականը շատ ավելի բարձր եմ գնահատում: Ասեմ՝ ինչի. այն ժամանակ մեր աղջիկներն էլ «ներքեւից» էին բարձրացել: Իսկ այս անգամ նրանք պայքարում էին ուժեղագույն հավաքականների հետ ու խաղում էին, ինչպես հիմա տարածված արտահայտություն է դարձել, ԴՈՒԽՈՎ: Տեսեք՝ ե՞րբ էր Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթել Ռուսաստանին, չեմպիոնի տիտղոսը նվաճած չինուհիները բախտով փրկվեցին պարտությունից ու այդ դիմակայությունն ավարտվեց 2:2: Այս հանգամանքները հաշվի առնելով եմ ասում, որ մեր երկու հավաքականներն էլ արժանի են գովասանքի, աղջիկները՝ առանձնահատուկ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031