Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Հրազդանի քաղաքապետի հավակնորդները

Հոկտեմբեր 11,2018 16:13

Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի մարզկենտրոն Հրազդան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են: Դրանք ևս արտահերթ են, ինչպես այդ օրը Հայաստանի մի քանի խոշոր քաղաքներում: Արտահերթ այս ընտրությունները պայմանավորված են գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ, որի արդյունքում մի քանի խոշոր քաղաքների քաղաքապետեր հրաժարականներ տվեցին:

Հրազդանի նախկին քաղաքապետը ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն էր: Հրազդանը նա ղեկավարել էր 15 տարի: 2016-ին Արամ Դանիելյանի մրցակիցն էր այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Այժմ, Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար մրցելու են Սասուն Միքայելյանի որդին`Սեւակ Միքայելյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը (մեծամասնական ընտրակարգով ընտրված) եւ Լեւոն Ստեփանյանը: Երեքն էլ անկուսակցական են, երեքն էլ ինքնաառաջադրվել են: Այսօր ինքնաբացարկ ներկայացնելու վերջնաժամկետն է: Հրազդանում խոսակցություններ են պտտվում, որ Դավիթ Քոչարյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու: Պատճառն այն է, որ որեւէ մեկի կողմից նա պաշտպանության չի արժանացել, թեեւ, ըստ տեղացիների, թակել է բոլոր հնարավոր դռները: Aravot.am-ը փորձեց զրուցել Դավիթ Քոչարյանի հետ: Վերջինս անպատասխան թողեց մեր բոլոր զանգերը:

Իր պատգամավորական գործունեության ընթացքում Դավիթ Քոչարյանն աչքի ընկավ 2014 թվականի մարտին`քրեական պատմությամբ: 2914 թվականի մարտի 9-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանն իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել էր վիճաբանության մասնակիցներից մեկի գլխին, այնուհետեւ կրակել գետնին: Այս դեպքի առիթով քրեական գործ հարուցվեց` ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ. պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով: ԲՀԿ-ական պատգամավորը, սակայն, հերքում էր, որ իր ձեռքին զենք է եղել: Նա նաեւ ԲՀԿ խմբակցությունը լքելու դիմում էր գրել, հետո ի հայտ եկավ առհասարակ մանդատից հրաժարվելու դիմում, հետո խոսակցություններ եղան, որ նա լքելով ԲՀԿ-ն պատրաստվում է անդամակցել ՀՀԿ-ին: Ի վերջո, նա համալրեց ԲՀԿ-ական այն պատգամավորների շարքերը, որոնք Գագիկ Ծառուկյանի`քաղաքականությունից հեռանալուց հետո կանգնեցին Սերժ Սարգսյանի կողքին:

Մյուս թեկնածուն` Լեւոն Ստեփանյանը, Հրազդանում հայտնի է իբրեւ ապրիլյան հեղափոխական գործընթացների ակտիվիստ: Նա հայտնի է նաեւ որպես հետհեղափոխական շրջանում Կոտայքի մարզպետ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի մտերիմ: Իր նշանակման սկզբնական շրջանում Ռոմանոս Պետրոսյանը եւ Լեւոն Ստեփանյանը համատեղ մարզային-մշակութային ծրագրեր են արել: Ասում են`Լեւոնը ստեղծարար մտածողություն ունի, Հրազդանում «անտիսրճարան» է հիմնել, երիտասարդների շրջանում դրական է ընդունվում, բայց նրա`քաղաքապետ ընտրվել-չընտրվելու հարցում մարդիկ ձեռնպահ են մնում գուշակություններ անելուց:

Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Սասուն Միքայելյանի որդին`Սեւակը` ներխուժել էր մարզպետի աշխատասենյակ, վիճել նրա հետ եւ քաշքշել նրան: Թեեւ Սեւակ Միքայելյանը հերքեց, որ իր եւ մարզպետի միջեւ վիճաբանություն է եղել, սակայն, տեղացիները պատմում են, որ հեղափոխությունից հետո, սկզբնական շրջանում ազդեցության ոլորտների հակամարտություն էր ընթանում, որում, Սասուն Միքայելյանի թեւը կարծես պարտվեց, քանի որ այժմ ավելի զուսպ են, քան հետհեղափոխական սկզբնական շրջանում: Համենայնդեպս, Հրազդանի քաղաքապետարանում Սասուն Միքայելյանը կարողացել է կադրային հարցեր լուծել եւ յուրայինների նշանակել, իսկ մարզպետարանի որոշ թափուր պաշտոններում այդպես էլ չի հաջողում յուրայիններին նշանակել: «Սասունի դուխը նստել ա»,- ասում են մարդիկ:

Ինչեւէ, տեղացիները կարծում են, որ Սասուն Միքայելյանի որդին այս պահին ամենամեծ շանսերն ունի Հրազդանի քաղաքապետ դառնալու, քանի որ հայրը լավ թիմ ունի, որն ակտիվ աշխատում է: Սեւակ Միքայելյանի թեկնածությունն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից չպաշտպանելու մասով երկու կարծիք կա Հրազդանում: Մի մասը համարում է, որ սա իբր սովորական իշխանական խաղ է` «որ վաղը-մյուս օրն անցնի, ասեն իշխանությունը չի պաշտպանում, ժողովուրդը ընտրեց»: Մի մասն էլ ասում են, որ իրականում Սասուն Միքայելյանի եւ իր վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կա լուրջ հակասություն: Խոսակցություններ կան անգամ, որ ՔՊ-ի առաջիկա համագումարում Սասուն Միքայելյանը կլքի իշխող ուժը: Սասուն Միքայելյանի հետ նույնպես առայժմ չի հաջողվում խոսել:

Ինչեւէ, «հրազդանցիները ուժի կողմը գնացող են»`այսպիսի եզրահանգում արեց մեր զրուցակիցներից մեկը: Իսկ թե ով ուժեղ կլինի եւ կդառնա Հրազդանի քաղաքապետ` կերեւա հոկտեմբերի 21-ին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031