Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 11-ին Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի իր ելույթի ընթացքում նշեց, որ ֆրանկոֆոն երկրները միասին կարողացել են ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում են միմյանց հանդեպ հարգանքով, տիրույթ՝ որտեղ պետությունները կարող են զարգանալ, լսել իրար և, այս ամենը՝ ֆրանսերենով:
Թրյուդոն նշեց, որ ֆրանկոֆոն երկրները պետք է համախմբվեն այն ապագայի շուրջ, որը ցանկանում են կառուցել:
«Շատ քաղաքացիներ զգում են իրենց հեռու գլոբալիզացիայի խոստումներից. շատ կան բնիկ ժողովուրդներ, որոնք իրենց զգում են մոռացված ժամանակակից աշխարհի կողմից: Ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ, առանց բոլորի մասնակցության՝ անկախ նրանց կրոնական և ազգային պատկանելիությունից: Ֆրանկոֆոն երկրները լավագույնն են դիրքավորված այս արժեքների առաջամարտիկներ լինելու համար»,-ասաց Կանադայի վարչապետը:
Նա նաև նշեց, որ ֆրանկոֆոն երկրների պատասխանատվությունն է երիտասարդությանը հավասար հնարավորություններ և հաջողություններ գրանցելու հնարավորություն տալը:
Իր խոսքի ավարտին Թրյուդոն նշեց, որ Կանադան շարունակաբար կպաշտպանի Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքները:
Պատրաստեց Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ