Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյան ջան, ախր ի՞նչն ես փոխել, մեր խոխեքին տանեք բանակ, որ սպաների ձեռքով սպանվե՞ն»․ Արցախում զոհված Գևորգի քեռին հրաժարականներ է պահանջում

Հոկտեմբեր 11,2018 15:58

10 օր առաջ Մարտունիի  վաշտերից  մեկում  զոհված գյումրեցի զինծառայող Գևորգ Հարոյանի քեռին՝ Արմեն Բեգլարյանն ու ընկերներն այսօր հավաքվել էին Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու մոտ, որտեղ մկրտվել էր Գևորգը ու պահանջում էին վերջ դնել բանակում տիրող հանցավոր բարքերին, պաշտոններից հեռացնել միայն «լափելու» մասին մտածող սպաներին ու գեներալներին։ Նրանք պահանջում էին նաև պատասխանատուների՝  Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականը։

«Չի կարող էսպիսի վիճակ լինել, մեր խոխեքը սպաների ձեռքով սպանվում են, ինչպե՞ս ես իրենք քնում անկողինների մեջ, նրանք պարտավոր են զորամասերում քնելու, չպիտի ուտեն, խմեն, պիտի գնան զորամասեր։ Փաշինյա՛ն, այսպիսինները մեզ պետք չեն, ի՞նչ է կատարվում պետության մեջ, արեք բացատրեք, երեք օր է՝ նամակը տվել եմ ձեր կնոջը, ինչի՞ պատասխան չկա»,-վրդովված բացականչում էր Գևորգի քեռին՝ Արմեն Բեգլարյանը։ Նշենք, Գևորգի մայրական կողմն Արցախից է։

Նա ասաց, որ սա միայն իր վիշտը չէ ու պիտի պայքարի, որ իրենց երեխան վերջինը լինի՝ հայերի ձեռքով սպանված։ «Զոհվածն իմ քրոջ տղան է, բայց ես  պայքարում եմ  բոլորի համար։ Իմ քրոջ տղան ծնվել է Գյումրիում, մկրտրվել է այս եկեղեցիում, դարձրել ենք 21 տարեկան, օրենք են հանել, որ ավարտածները պիտի գնան բանակ, գնաց․․․ 21 տարեկան տղան, որ առանց մի կոպեկի ավարտել է, 21 տարեկան տղան, որ մտածել է գնա մագիստրատուրա սովորի, որ գնա հասնի այն աստիճանի, որ մորը վարդի պես պահի, հայրն ու մայրն էլ մտավորականներ են՝ մայրը մանկապարտեզի դաստիարակ, հայրը՝ բժիշկ, այդ մարդկանց երեխուն տանե՞ք բանակ ու սպանե՞ք։ Փաշինյան ջան, ցավդ տանեմ,   պետություն եք սարքում, էդ որտեղի՞ց ես սարքելու բարձրակարգ պետություն, որ մեր կրթված երեխաներին տանում, դահիճի ձեռքն եք տալիս։ Մենք պահում, մեծացնում ենք մեր երեխաներին ու իմանալով ՝ ինչ կատարվում մեր բանակի մեջ, վարի ենք տալիս մեր ձեռքով։

Փաշինյան ջան, ցավդ տանեմ, ասում ես սաղ երեխեքը նույնն են, ոչ  մի դեպք չի լինելու, որ հագուստ տանեք բանակ, իմ քույրս երեք անգամ հասել է զորամաս՝ 550 կիլոմետր կտրելով, եկել է, հասել է, տեսնի ի՞նչ է կատարվում, չեք թողել այդ աղջիկը իմանա, այնպիսի համակարգ եք հիմնադրել։

Փաշինյան ջան, եթե դուք չեք կարող հարցը լուծել, ախր դու Գյումրիից ես սկսել քո հեղափոխությունը․․․ Էդ մի Մանվել բռնեցիք տուշոնկա ուտող,  ուրիշ լափողներ չկա՞ն, էդ լափողները նստած են իրենց տեղերում։ Շարունակում են լափել, մենք էլ էշի պես մեր երեխաներին պիտի ուղարկենք, որ գեներալները լավ իրենց զգան, կայֆավատ անեն, երեք հատ լյուբովնիցա պահեն․․․ Ամեն ծնող կգա ինքը կծառայի, երկու տարի՞ է պետք, կգանք, բերեք մաքրենք բանակը, եթե մենք ժողովրդավարական պետություն ենք, մաքուր պետություն ենք ուզում։

Փաշինյան ջան, ոչ մի բան չես  փոխել, ոչ մի բան չի փոխվել, «ցար նաստայաշչի՞» ես, իմանանք՝ նաստայաշչի՞ ես, թե ՞ոչ։  3 օր է՝ նամակը դրել ենք Աննա Հակոբյանի մոտ, ոչ մի արձագանք։ Ասում են՝ Արմեն ջան, Ֆրանկոֆոնիա է ընթանում, Էջմիածնի, Արցախի տղեքը կանգնած են, բոլորին հանելու եմ, բայց ասացին՝ մի խանգարի, ֆրանկոֆոնիա ենք անում, ինչի ՞համար, որ սաղ ժողովրդին խաբենք, որ մենք լավն ենք։ Լավ բան չկա, էս ջահելները գնան, ո՞ւմ ձեռքը ընկնեն, գաղութ եք ստեղծել,  պագոնավորներից ոչ մեկը պատասխանատու չէ նախարարի հրամանների համար, և ոչ մեկը ոչ մի բանի համար պատասխանատու չէ, ինչպե՞ս կարող են չտեսնել զինվորի  աչքերի տակի կապտուկները, ի՞նչ է ,աչքերն են նրանց կուրացե՞լ։

Եկեք  այդպիսի սպաներին հանենք Գյումրու հրապարակ, կրակենք։ Էս ի՞նչ եք անում, մեր խոխեքին մեր ձեռքով սպանում ենք, մինչև սա չփոխվի, ոչ մեկն իրավունք չունի իր երեխային ուղարկի էսպիսի բանակ։ Իմանալով ուղարկում ենք, ու մեզ էշի պես խաբում ենք։Մայրը 18 տարի սթրեսի մեջ իր երեխուն պահում է, պահում ու ուղարկում է բանակ, ինչի՞ համար, որ մեր գեներալները լա՞վ ապրեն,  իրենց լավ տղա զգա՞ն։ Փաշինյան ջան, ասում ես՝ թալանել են, պետք է վերադարձնեն, չե՞ս կարող հաշվել էդ գեներալները ինչ են տարել, ասա՝ ես քեզ ասեմ»։

Արմեն Բեգլարյանը նեղվեց, որ նորմալ քննություն չի ընթանում, մեկ ասում են թուրքն է խփել, այնուհետ ասում են՝ ինքնասպանություն է,  այդ պատճառով քահանաները չէին ուզում Գևորգին եկեղեցական կարգով հուղարկավորել։

Գևորգի քեռին վստահ է, որ մեղավորը միայն այն երեքը չեն, որոնք ձերբակալվել են  Գևորգի մահվան գործի շրջանակներում, ամեն զորամասում այդպիսի 30 հոգի կա, որոնք ֆաշիստական կարգեր են հիմնել բանակում։ «Այ Մնացականյան,  էդ ինչպե՞ս է լինում, որ էդ չաստի մեծին՝ Գեղամյանին բարձրացնում ես, երբ էդ զորամասը բարդակ է»,- հարցնում է Արմեն Բեգլարյանը։

Նա ասաց, որ իրենք իրենց հետաքննությունն են տանելու, ճշմարտությունը բացահայտելու են ու ցույց են տալու, թե ինչ տեսակ բանակ ենք պահում։

« Բոլորին պետք է պատասխանատվության ենթարկեն, պետք է ազատվենք էն մեծերից, որոնք բանակը գցել են այս վիճակում, ոչ մի բան չեն անում։ Իրենց հրաժարականն ենք պահանջում։ Ախր թուրքը չի սպանել, մենք ենք մեր երեխաներին սպանել», -հուզված , գրեթե արտասվելով ասում էր Գևորգ Հարոյանի քեռին։

Նա նշում է, որ Գևորգ Հարոյանի զորամասում տիրող հանցավոր բարքերի մասին ողջ Արցախը գիտի․ որ երեխան ծառայության է գնում, զանգում, ծնողներին ասում է՝ «եկեք, մեզ տարեք, սպանում են»։ «Գևորգս էլ մորն ասել էր՝ մամա ջան, ոչ մեկին չասես, այստեղ սաղ ֆաշիստներ են։ Պատկերացրեք՝ ինչ մաֆիա է, մեր երեխաներին տանք, եղնիկի պես իրենք տանեն, կոտրեն, զոհեն, գենոֆոնդի հետ էս ի՞նչ եք անում։ Մայրը, որ այցելել էր Գևորգին դեպքից մի օր առաջ, տեսել է աչքի կապտուկները, ասել է կմտնեմ հրամանատարի մոտ, Գևորգն ասել է՝ մամա ջան, էդպիսի բան չանես, խրամատ էինք փորում աչքս դրանից է  կապտել։ Էդ վայրկյանին քրոջս մատյան են բերել, որ ծնողը կարծիք գրի զորամասի մասին։ Այդ պահին Գևորգը, որն ընդհանրապես վախ չուներ, մորը խնդրել է՝  մամ ջան, ցավդ տանեմ, մենակ լավ բաներ գրի, գրի, որ գոհ ու շնորհակալ ես։  Եթե դու չես իմանում զինվորդ ո՞նց է ապրում, ո՞նց ես նստած հաց ուտում, ինչքա՞ն է էսպես մնալու, էսպե՞ս ենք օրենքի պետություն սարքում։ Փաշինյան, ոչ մեկն իրավունք չունի մեր երեխաներին տանի, սպանի ու ազգին խաբի, թե ամեն ինչ նորմալ է։ Եթե կարգ ու կանոն չհաստատեք բանակում, քայլ չանեք, ժողովուրդը ոտքի կկանգնի ու  ճանապարհները կփակի, ինչպես դուք էիք անում», -ասում է Արմեն Բեգլարյանը ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031