Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարիայի նախագահը խոսեց վստահության պակասի մասին, որը պետություններին տանում է փակուղի

Հոկտեմբեր 11,2018 15:11

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին Շվեյցարիայի համադաշնության նախագահ Ալեն Բերսեն ասաց, որ այս վեհաժողովը հնարավորություն է տալիս, որ կիսվեն իրար հետ այն մարտահրավերներով, որոնք անհանգստացնում են իրենց՝ իրենց երկրներում. «Շատ բաներ փոխվել են, սակայն, այնուամենայնիվ, հիմնական միտումները դեռ կան, որոշ միտումներ էլ ամրապնդվում են: Դիմակայելով առճակատումներին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք միջազգային համագործակցության արժեքները: Բոլոր միջամտությունները պետք է լինեն արդյունավետ ու ճշմարտացի, պետք է մենք կարողանանք բազմաբեւեռ պատասխաններ բերել: Ցավոք, մենք այսօր տեսնում ենք հակառակ միտումը, որը տանում է պետություններին փակուղի: Այսօր մենք ապրում ենք ժամանակներ, որտեղ առկա է վստահության պակաս՝ բազմաբեւեռ համագործակցության նկատմամբ: Ֆրանկոֆոնիան այս պահին հանդիսանում է մի մեծ արժեք: Մենք ներկայացնում ենք մի հսկայական հնարավորություն երկխոսության: Մյուս յուրահատկությունը, որ հզորացնում է մեր կազմակերպությունը, ֆրանսերեն լեզուն է, որն ընկած է մեր արժեքների հիմքում՝ փիլիսոփայական, ընկերական, պոետիկ: Ֆրանսերենը նաեւ խրախուսում է մտքի կառուցման մի հատուկ ձեւ: Ես ապրում եմ մի երկրում, որտեղ օգտագործում են տարբեր լեզուներ, ես ամեն օր տեսում եմ, թե ինչ ազդեցություն ունի ֆրանսերեն լեզուն իմ ժողովրդի վրա: Ֆրանսերենը ոչ միայն հաղորդակցության լեզու է, այլեւ մի գործիք, որը կառուցում է միտքը: Ֆրանկոֆոնիայի ուժերից մեկն է նաեւ բազմազանության ներառումը: Բայց բազմազանությունը առանց հավասարության արժեք չի կարող ունենալ: Ֆրանկոֆոնիան ունի շատ մեծ կարեւորություն միջազգային ասպարեզում՝ լինի դա ճգնաժամերի հաղթահարում, ժողովրդավարությանը եւ խաղաղությանը նպաստելու գործառույթներ: Ֆրանկոֆոնիան նաեւ իր ամբողջ ցանցն է օգտագործում, որպեսզի կիսի երիտասարդության եւ մշակութային արժեքները: Ֆրանկոֆոնիան հանդիսանում է միջազգային ասպարեզում մշակութային կարեւորագույն հարթակ»:

Նա ասաց, որ պետք է այս արժեքները զարգացնեն եւ տարածեն, նշեց, որ կազմակերպությունում նոր անդամներ ընդունելու փաստը մարտահրավերներ ունի: Ըստ Ալեն Բերսեի, պետք է ստեղծել ու տարածել մարդասիրական արժեքներ, իսկ այդպիսի արժեքներ են կին-տղամարդ հավասարությունը, ընտրության ազատությունը, օրենքների գերակայությունը, հավասարության հարգանքը:

Նա եւս հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրի հիշատակին եւ իր ելույթն ավարտեց հետեւյալ խոսերով՝ «Աշխարհը կարիքն ունի ֆրանկոֆոնիայի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031