Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանի նախագահը հիշեցրեց Շառլ Ազնավուրի պատասխանը այն հարցին, թե դուք ֆրանսիացի՞ եք

Հոկտեմբեր 11,2018 14:12

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին Լիբանանի նախագահ Միշել Աունը իր ելույթում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Ես շատ հպարտ եմ մասնակցել Ֆրանկոֆոնիայի այս գագաթաժողովին՝ հաշվի առնելով այն կապերը, որ կապում են մեր երկու պետություններին»:

Նա ասաց, որ մարդուն մոր հետ կապողը նախ լեզուն է, կյանքի ընթացքում մարդը սովորում է նոր լեզուներ, մեկից ավելի լեզու իմանալը բազմապատկման նշան է. «Ֆրանկո-լիբանանյան համատեղությունը մեծագույն հարստություն է: Ես հնարավորություն ունեմ մտածել ֆրանսերեն, երբ խոսում եմ ֆրանսիացիների հետ, սովորում եմ իտալերեն, որպեսզի Պապի հետ խոսեմ եւ ֆրանսերեն, որպեսզի խոսեմ ինքս ինձ հետ»:

Նա խոսեց լեզվի՝ պետությունների միջեւ կամուրջ լինելու մասին. «Ֆրանկոֆոնիայի ներկայությունը Միջին Արեւելքում եւս մեկ անգամ հաստատում է այն կապերը, որոնք միացնում են մեզ իրար: Լիբանանը, որը ներկայացնում է աշխարհի մանրակերտ, միասնական ապրելն ու կյանքը մեր բոլորիս գերագույն արժեքն է: Մարդը վախենում է այն ամենից, ինչը չի ճանաչում: Սրան հետեւում է անհրաժեշտությունը ստեղծելու եւ տարածելու կազմակերպություններ, որոնք կտարածեն հանդուրժողականության գաղափարները եւ կտարածեն խաղաղության իշխանություն: Մի հասարակության մեջ, որտեղ գտնվում են մուսուլմաններ, քրիստոնյաներ, Լիբանանը հանդիսանում է յուրահատուկ օրինակ ՝ ստեղծելու հանդուրժողականության կազմակերպություններ եւ տարածել դրանք աշխարհի շուրջ: Ես նախաձեռնություն ունեցա ՄԱԿ-ում ստեղծելու երկխոսությունների ձեւաչափեր եւ շատ կցանկանայի տեսնել դրանց լայնամասշտաբ տարածումը»:

Նա ողջունեց Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոն ստեղծելու գաղափարը. «Հայտնում եմ պատրաստակամությունս՝ արդյունավետ ի կատար ածելու նախապատրաստական աշխատանքները»:

Ելույթի վերջում Լիբանանի նախագահը հիշեց Շառլ Ազնավուրի խոսքերը եւ պատասխանը այն հարցին, թե դուք ֆրանսիացի՞ եք. «Շառլ Ազնավուրը պատասխանել էր՝ ասելով, որ այո՛ 100 տոկոսով եւ հայ՝ 100 տոկոսով: Կցանկանայի հայտնել բոլորիդ, որ Լիբանանի բնակչությունը եւ անձամբ ես խորը վիշտ ենք ապրում Շառլ Ազնավուրի կորստի հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031