«Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար», նախօրեին իր ֆեյսբուքի էջում գրել է վարչապետը՝ բերելով բանկային համակարգի մի շարք ցուցանիշներ. «Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս, բանկային համակարգի ակտիվներն աճել են 10,5 տոկոսով, վարկերը աճել են 7 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10,4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4,3 տոկոսով։ Ավանդներն աճել են 9,2 տոկոսով»։
Թե որտեղի՞ց է վերցրել այս թվերը, դժվար է ասել։ Ամեն դեպքում հրապարակված պաշտոնական ցուցանիշները բոլորովին այլ են։ Դրանք ավելի համեստ են։ Թեեւ եթե նույնիսկ ընդունենք, որ վարչապետը ճիշտ է ասում, միեւնույն է, դրանից շատ բան չի փոխվում։
Առնվազն զավեշտ է, որ տնտեսության թռիչքային աճը կապվում է վարկերի հետ։ Դա ամենեւին էլ ֆինանսական այն աղբյուրը չէ, որը կարող է պայմանավորել տնտեսական ակտիվությունը։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանում տնտեսության համար վարկերի արդյունավետությունը խիստ փոքր է։ Դրանք թանկ փողեր են, որոնք չեն կարող էական ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա։ Առավել եւս՝ նպաստել տնտեսության որակի բարձրացմանը։
Մանավանդ որ տեղաբաշխված միջոցների մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում սպառողական վարկերը։ Գումարներ, որոնք մարդիկ վերցնում են առօրյա խնդիրներ լուծելու համար։ Դրանք ունեն գերազանցապես սպառողական նշանակություն։ Շատ դեպքերում մարդիկ սպառողական վարկեր են վերցնում սոցիալական վիճակից դրդված։ Ու դեռ հարց է՝ պետք է հպարտանա՞լ, թե՞ տխրել սպառողական վարկերի ավելացումից։
Թերեւս առաջին հերթին այս գործոնով է պայմանավորված ֆիզիկական անձանց վարկերի անհամեմատ բարձր տեմպը։ Տնտեսական հատվածում, նույնիսկ վարչապետի ներկայացրած թվերով, վարկային միջոցների տեղաբաշխման աճը, անգամ մեծ ցանկության դեպքում, դժվար է բարձր համարել։ Խոսքը ընդամենը 4,3 տոկոսի մասին է, ինչն ամենեւին էլ տնտեսությունը թռիչքի նախապատրաստելու հիմք չէ։ Եթե այդպես լիներ, հիմա Հայաստանի տնտեսությունը վաղուց մեծ նվաճումներ էր ունեցել։
Իշխանափոխությունից հետո ավանդներն աճել են 9,2 տոկոսով, ասում է վարչապետը։ Տպավորություն է, թե ունենք աննախադեպ աճ։ Իրականում այդպես չէ, բայց անգամ այդ պարագայում գործ ունենք մի երեւույթի հետ, որն ամենեւին էլ ողջունելի չէ։
Ավանդներն աճել են հիմնականում ոչ ռեզիդենտների, այսինքն՝ դրսի կազմակերպությունների հաշվին։ Եթե ապրիլին նրանք բանկերում ունեցել են 472 մլրդ դրամ, ապա օգոստոսին այն հասել է 597 միլիարդի՝ ընդամենը չորս ամսում ավելանալով 125 մլրդ դրամով կամ ավելի քան 26 տոկոսով։
Ահա թե որտեղ է թաքնված ավանդների աճի գաղտնիքը։ Մի բան, որ ամենեւին էլ հպարտանալու առիթ չի տալիս։ Դա նշանակում է, որ տնտեսության մեջ ներդրումներ կատարելու փոխարեն, նրանք իրենց գումարները պահում են բանկերում։ Այլ կերպ ասած, չեն վստահում կառավարությանը։
Այդ նույն ժամանակահատվածում ռեզիդենտների ավանդներն ավելացել են ընդամենը 3,2, միայն ֆիզիկական անձանցը՝ 2,6 տոկոսով։ Դրա հետեւանքով տարեսկզբի համեմատ բնակչության բանկերում պահվող խնայողությունների աճը զգալիորեն դանդաղել է։ Եթե առաջին եռամսյակում այն անցնում էր 16 տոկոսը, ապա արդեն ութ ամիսների տվյալներով 11 տոկոսի սահմաններում է։ Այդ ժամանակահատվածում բնակչության բանկային խնայողություններն ավելացել են 139 մլրդ դրամով։ Մինչդեռ նախորդ տարի աճը անցնում էր 176 միլիարդից։
Անկախ այն հանգամանքից, թե ինչ փոփոխություններ են կրել ավանդներն ու վարկերը, միեւնույն է, դրանք այն գործոնները չեն, որոնք կարող են տնտեսության համար թռիչքաձեւ աճ ապահովել։
Հ. ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում