Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շոյգուն պատրաստ է հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին. Նեզավիսիմայա Գազետա

Հոկտեմբեր 11,2018 12:25

Ռուսաստանը շարունակում է հետխորհրդային պետությունների ինտեգրման փորձերը, այդ թվում՝ ռազմական ոլորտում: ԱՊՀ պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովից հետո, որը տեղի ունեցավ Դուշանբեում, նախապատրաստվում է Համագործակցության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, գրում է «Նեզավիսիմայա Գազետա» թերթի սյունակագիր Վլադիմիր Մուխինը «Շոյգուն պատրաստ է հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին» խորագրով հոդվածում:

Հոդվածագիրը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Ռուսաստանի և Բելառուսի նախաձեռնությամբ պաշտպանության նախարարները ոչ պաշտոնական միջավայրում մտադիր են քննարկել նախկին ԽՍՀՄ տարածքում սառեցված հակամարտությունների հավաքական լուծման  թեմայի շուրջ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդապահական քննարկումներ անցկացրել են սեպտեմբերի 28-ին Դուշանբեում: Մեկնաբանելով այս շփումները՝ Լուկաշենկոն ասել է, որ քննարկվել են Ուկրաինայի արևելքին, Մերձդնեստրին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր:

«Պատահական չէ, որ Դուշանբեի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվեցին պաշտպանության նախարարներին հրահանգել հստակ քայլեր ձեռնարկել՝ ղարաբաղյան հակամարտության շփման գծում, ինչպես նաև պետական սահմանին լարվածությունը նվազեցնելու համար… Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև շփումը հնարավոր է արագ և արդյունավետ կազմակերպել երկու երկրների ռազմական կառույցների միջոցով՝ ՌԴ Պաշտպանության նախարարության մասնակցությամբ: Եվ ըստ ամենայնի, այս հարցը կքննարկվի Տաշքենդում»,-գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում՝ ուղղված Համատեղ (միավորված) կապի զարգացմանը:

Նշվում է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում նման կապ, օրինակ` Երևանի և Մոսկվայի միջև, վաղուց արդեն գործում է: Ռուսաստանը և Ադրբեջանը՝ որպես ռազմական համագործակցության ոլորտի գործընկերներ, ևս ունեն հուսալի ռազմական կապի ալիքներ: Ռազմական փորձագետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը հավատացած է, ո ր Մոսկվայի միջոցով Փաշինյանը և Ալիևը կարող են շփվել կոնֆիդենցիալ և առանց խնդիրների: Նետկաչևը՝ որպես 14—րդ բանակի հրամանատար, որը ԽՍՀՄ-ի ժամանակներում տեղակայված էր Մերձդնեստրում, կարծում է, որ Մոսկվայի միջոցով նման կապ շարունակում է գործել Տիրասպոլի և Քիշինևի միջև: «Մոլդովացի և ռուս խաղաղապահներն ապահովում են կայունություն Մերձդնեստրում: Նման կերպ կարելի է ապահովել նաև կայունություն Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայի արևելքում: Այստեղ կարող են պետք գալ ռուս խաղաղապահներ և կապույտ սաղավարտներ ԱՊՀ այլ պետություններից: Գաղափարը նոր չէ: Բայց այն պետք է իրագործեն քաղաքական գործիչները բանակցությունների սեղանի շուրջ»:

Ռազմական փորձագետը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սոչիում սեպտեմբերի 1-ին Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Իսկ ՌԴ նախագահն իր հերթին հայտարարել է, որ «որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը կշարունակի բոլոր հնարավոր միջոցներով աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Չի բացառվում, որ այս գործընթացում ներառվի նաև ՌԴ Պաշտպանության նախարարությունը, որը ղեկավարում է Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՀԱՊԿ կառույցները, որին, որոշ լուրերի համաձայն, Բաքուն ցանկանում է կրկին անդամակցել՝ եզրափակում է հոդվածագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031