Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պետական կառավարման լիազորված մարմինների միջամտության արդյունքում հոկտեմբերի 10-ին Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի դպրոցում վերականգնվել է բնականոն դասապրոցեսը

Հոկտեմբեր 11,2018 12:16

Հոկտեմբերի 8-ին և 9-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բանավոր բողոքներ է ստացել Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի միջնակարգ դպրոցի որոշ աշակերտների ծնողներից ու աշխատակիցներից՝ վերջին օրերին դպրոցում լարված իրավիճակի մասին, ինչի հետևանքով զգալի թվով ծնողներ իրենց երեխաներին չեն ուղարկել ուսումնական պարապմունքներին:

Բանավոր բողոքների հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին որոշում է կայացվել մարդու իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքը քննարկման ընդունելու մասին: Իսկ հոկտեմբերի 10-ին ՄԻՊ հաստատության ներկայացուցիչները մեկնել են Միջնավան՝ տեղում համակողմանիորեն ուսումնասիրելու խնդիրը: Նրանք առանձնազրույցներ են ունեցել մի խումբ աշակերտների, ծնողների, մանկավարժական կազմի և տնօրենի հետ: Առանձնազրույցների և դիտարկման այլ աշխատանքների ընթացքում արձանագրվել են երեխայի իրավունքներին վերաբերող մի շարք բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրության և վերլուծության արդյունքում ՄԻՊ աշխատակազմը շեշտադրում է հետևյալ դրույթները՝

Անթույլատրելի են երեխաների հանդեպ վատ ու խտրական վերաբերմունքի, բռնության կիրառման, անհամաչափ սահմանափակման և երեխայի մարդկային արժանապատվության հետ անհամատեղելի այլ դեպքերը, որոնք վնասում են թե՛ երեխաների լիարժեք ու ներդաշնակ զարգացմանը, թե՛ կրթության իրավունքի ամբողջական և արդյունավետ իրացմանը:

Պետությունը, որպես պոզիտիվ պարտականություն, պարտավոր է դպրոցում ապահովել բարենպաստ միջավայր երեխաների իրավունքների պաշտպանության և փոխհարգանքի հիման վրա ձևավորված դաստիարակության ապահովման համար: Այդ ճանապարհին էական հանգամանք է տնօրինության, ուսուցիչների և այլ աշխատակիցների միջև պատշաճ փոխհարաբերությունների առկայությունը՝ բացառելով հատկապես երեխաների ներկայությամբ կոնֆլիկտային իրավիճակների ձևավորումն ու ուսուցչի արժանապատվության ոտնահարումը: Երեխաների լավագույն շահից է բխում, որ հատկապես դպրոցի ներսում ուսուցիչներն իրենց բարձր առաքելությանը համապատասխան  վարք դրսևորեն և արժանանան հարգալից վերաբերմունքի:

Ծնողները, որպես երեխաների լավագույն շահի առաջնային ներկայացուցիչ և պատասխանատու, պետք է զերծ մնան երեխաների իրավունքների անհամաչափ սահմանափակումից՝ որպես այլոց հանդեպ բողոքի դրսևորման նշան: Այդպիսի դեպքերում կարևոր է առաջնահերթ ուշադրության ներքո պահել երեխաների շահերը և հաշվի առնել նրանց կարծիքները՝ իրենց տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:

Ողջունելի է այն հանգամանքը, որ պետական կառավարման լիազորված մարմինների միջամտության արդյունքում հոկտեմբերի 10-ին դպրոցում վերականգնվել է բնականոն դասապրոցեսը, ինչպես նաև արդեն միջոցներ են ձեռնարկվում երեխաների իրավունքների պաշտպանությունը խոչընդոտող պատճառների վերացման ուղղությամբ:

ՄԻՊ աշխատակազմը համապատասխան գրություններ է հղելու Միջնավանի դպրոցի կառավարում և վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմիններին՝ պահանջելով պարզաբանումներ արձանագրված բողոքների վերաբերյալ և ներկայացնելով ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկներ:

 

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031