Նախօրեին ՀՀԿ խմբակցության չորս պատգամավոր՝ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը եւ Սամվել Ֆարմանյանը, խմբակցության անունից տարածված հայտարարությունը երեւի թե քիչ համարելով, ներկայացրել են իրենց «հատուկ կարծիքը» երկրում ստեղծված «ոչ կոնվենցիոնալ» իրավիճակի վերաբերյալ, որտեղ հետաքրքիր շեշտադրումներ են արել։
«Արդար հանգուցալուծում է պետք գտնել, մեկը մյուսին չտրորելու, մեկը մյուսի արժանապատվության հաշվին չինքնահաստատվելու այլ ճանապարհներ է պետք գտնել:
Մի՛ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնայք, պարզապես մի՛ զանգեք։ Այս էժան խաղում մենք չկանք։ Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։
Մենք մտահոգ ու հիասթափված հետեւում ենք՝ ինչ եք դուք անում։ Մենք լուռ կսպասենք: Բայցեւ հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»,- նշում են հայտարարության հեղինակները։
Ո՞րն է այդ «արդար հանգուցալուծումը», ի՞նչ նկատի ունեն՝ «մեկը մյուսի արժանապատվության հաշվին չինքնահաստատվելու այլ ճանապարհներ» ասելով։ Կամ, երբ ասում են՝ «տարբեր կողմերի պարոնայք», արդյոք նկատի ունե՞ն, որ իրենք այլեւս թիմի անդամ՝ քաղաքական գործընթացի կողմ չե՞ն (չնայած հետհեղափոխական Հայաստանում ձեւավորված «նոր իրողությունները» ընդհանուր առմամբ շատ քիչ առնչություն ունեն քաղաքականության հետ)։
Ցավոք, մեզ չհաջողվեց ստանալ այս հարցերի պատասխանները. իրավիճակը համարժեք գնահատելու, սթափ մտածելու կարողությունը չկորցրած մեր բազմաթիվ հայրենակիցների մտահոգություններն արտահայտող այս հայտարարությունը հեղինակած պատգամավորները կա՛մ «անմատչելի» էին, կա՛մ չէին պատասխանում զանգերին, կա՛մ, եթե պատասխանում էին, պարզապես առաջարկում էին բավարարվել ասվածով՝ կտրականապես հրաժարվելով հավելյալ մեկնաբանություններից։
Շարունակելով «մտահոգ ու հիասթափված» հետեւել հայրենի քաղաքական կրկեսում ծավալվող նեոբոլշեւիկյան զորաշարժերին, «լուռ սպասելով»՝ ո՞ւր է տանում եւ ինչո՞վ է վերջանալու երկիրը մի մարդու սուպերմիանձնյա կառավարման փորձադաշտ դարձնելու այս արշավը, ինչպե՞ս, ինչքանո՞վ կարող են նպաստել «իրական նոր Հայաստանի» կայացմանը՝ Աստված գիտի։
Ի վերջո, քննադատելը, իրավիճակի ախտորոշումը տալը, խնդիրները ֆիքսելը մի՛ բան է, կոնկրետ լուծումներ առաջարկելը՝ բոլորովին այլ բան. անգամ այն պարագայում, երբ լսված լինելու հավանականությունը «ձգտում է զրոյի»։
Եթե կա՛ն բնականոն շավղից հիմնավորապես շեղված գործընթացները տրամաբանական հուն վերադարձնելու այլընտրանքային ճանապարհներ, որ տեսանելի չեն «կողմերի» համար, այսօ՛ր պետք է բարձրաձայնել այդ մասին, որովհետեւ վաղը կարող է ուշ լինել։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում