Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Էլիտարացումն ու առանձնացումը՝ լավագույն աշակերտների եւ լավագույն ուսուցիչների, միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրակրթության որակի վրա». «Հրապարակ»

Հոկտեմբեր 11,2018 11:22

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ ասաց, որ իրենք «Այբ»-ի հետ ստորագրել են համաձայնագիր, որով դադարեցրել են Կրթության գերազանցության ծրագրի պայմանագրի գործողությունը, եւ մինչեւ նոյեմբերի 30-ը ժամկետ է դրված, որ ամբողջ աշխատանքի արդյունքները, այդ թվում՝ ֆինանսական մասով, վերլուծեն եւ ներկայացնեն ԿԳՆ-ին։

– Ինքներդ այդ Կրթության գերազանցության ծրագիրը կարդացե՞լ եք, իրենք մշտապես ասում են՝ կարդացեք այդ՝ կարծեմ 1000 էջանոց ծրագիրը եւ կհամոզվեք, որ լավ ծրագիր է։

-Ես կարող եմ ասել, որ բազմաթիվ տեղեր, որտեղ դրանք քննարկվել են, դա կլինի ԵՊՀ, կլինեն տարբեր մասնագետներ, մեծամասնությունը դրան բացասական կարծիք է տվել, որովհետեւ էս ձեւով էլիտարացումն ու առանձնացումը՝ լավագույն աշակերտների եւ լավագույն ուսուցիչների, միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրակրթության որակի վրա։

– Բայց մենք այդ տարանջատումը՝ «էլիտարի» եւ սովորական դպրոցների, ունենք հենց նաեւ դպրոցների մակարդակով, օրինակ՝ «Այբ»-ի, «Շիրակացու» օրինակով, որոնք համարվում են բարձր մակարդակի, «էլիտար» դպրոցներ։

-Որովհետեւ նախկինում էնպիսի քաղաքականություն է վարվել, որ նախարարությունն ավելի քիչ ուշադրություն է դարձրել ընդհանուր հանրակրթական դպրոցներին, որոնք իր իրավասության տակ են եղել։ Հիմա ամբողջությամբ հակառակ պրոցեսն է։ Ինչո՞ւ են նաեւ էն մյուս էլիտարներն առաջացել, օրինակ՝ Չեխովի, Պուշկինի, մյուս դպրոցները, որովհետեւ քաղաքական որոշակի խմբերի կամ անձանց կողմից ունեցել են հովանավորչություն, օրենքներ են խախտել, էնտեղ տեսչական մարմինը չի կարողացել մտնել, ստուգումներ չի արել, լիցենզիայից ավել աշակերտներ են ընդունել, հետեւաբար, ե՛ւ ավել գումարներ են ներգրավել, ե՛ւ էսպիսի խնդիրներ են եղել։

– Հիմա նախարարության մոտեցումն ինչպիսի՞ն է այդ տարանջատման վերացման մասով, նույն «Այբ»-ի, «Շիրակացու», «Քվանտ» վարժարանի եւ մյուսների մասով ի՞նչ քաղաքականություն է տարվելու։

-Մենք «Այբ»-ի, «Շիրակացու» եւ մյուսների հետ… «Շիրակացու» հետ շատ լավ համագործակցում ենք, Բլեյանի դպրոցի հետ շատ լավ համագործակցում ենք, որեւէ խնդիր չունենք էդ դպրոցների հետ։ Մենք պարզապես մեր ֆունկցիաներն ենք կատարելու եւ հանրակրթության որակը մյուս դպրոցներում բարձրացնելու ենք։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Եթե ամենասովորակա, ամենահեռավոր դպրոցում լինի լավ տնօրեն, որակյալ ուսուցիչներ, հավասար պայմաններ (նկատի ունեմ շենքային պայմաններ, գույք, ուսումնական անհրաժեշտ պարագաներ) ցանկացած միջակ դպրոց կարող է դառնալ «էլիտար»: Հատկապես կարևոր է որակյալ ուսուցիչների գործոնը: Պետությունն էլ պետք է հոգա գոնե մի քիչ բարելավելու այդ ուսուցիչների աշխատանքային պայմանները, աշխատավարձը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031