Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պարոնայք, բայց դուք թռչել գիտե՞ք, թևեր ունե՞ք թռչելու համար, թե՞ այդ թռիչքը ևս մտացածին երևույթ է ու պետք չէ լուրջ ընդունել. «168 ժամ»

Հոկտեմբեր 11,2018 11:00

Ըստ վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման, հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս, բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդներն աճել են 9.2 տոկոսով։ Վարչապետի այս հրապարակումը վերնագրված է՝ «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար»:

Ինչպես կասեր ժողովրդական բանահյուսությունը՝ թռիչքդ շաքարով կտրեմ, պարոն վարչապետ, բայց եկեք մի հատ հասկանանք, արդյոք հրապարակված տվյալները բավարա՞ր են տնտեսական թռիչքային զարգացում կանխատեսելու համար:

Այո, վարկերի և ավանդների ծավալներն ավելացել են, բայց մի՞թե դա նորություն է մեզ համար: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների հիման վրա կառուցված գծապատկերը ցույց է տալիս, որ վերջին 15 տարում վարկերի և ավանդների ծավալները մշտապես աճել են, բայց դա միանշանակ հիմք չի կարելի համարել տնտեսական թռիչք կանխատեսելու համար: Վառ օրինակը 2008 և 2016 թվականներն են, երբ կար վարկերի և ավանդների ծավալների ավելացում, սակայն տնտեսությունը զարգանալու փոխարեն՝ 14.1 և 0.3 տոկոս անկում արձանագրեց: Եվ, ի վերջո, նախկինում ոչ մի ղեկավար վարկերի աճը տնտեսական թռիչքի նախադրյալ չի համարել:

Անդրադառնալով առանձին ցուցանիշների դրսևորած աճին, պետք է նշենք, որ նախ և առաջ՝ ավանդների ծավալների ավելացումը բնավ չի խոսում սպասվող տնտեսական թռիչքի մասին: Ավելին, այն ևս մեկ անգամ հիմնավորում է, որ մարդիկ չեն ցանկանում ներդրում կատարել բիզնեսում: Նրանք նախընտրում են փողը պահել բանկում, ստանալ տոկոսային՝ թեկուզ ցածր եկամուտ, քան թե ներդրում անել որևէ ոլորտի մեջ:

Ինչ վերաբերում է վարկերին, ապա խնդիրը հասկանալու համար պետք է տեսնել, թե որ ոլորտներին են ուղղվել վարկերը: Այսպես, ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն, վարկերի ծավալների ավելացմանն առավել մեծ նպաստումը եղել է սպառողական վարկերի հաշվին, որը կազմել է 7.3 տոկոս: Իսկ թե ինչպես պետք է սպառողական վարկերի ծավալների աճը նպաստի տնտեսական թռիչքին, մեղմ ասած, հասկանալի չէ:

Եվ այս ամենի արդյունքում, տնտեսական թռիչքի պատրաստվող կառավարությանը մնում է միայն հարցնել. պարոնայք, բայց դուք թռչել գիտե՞ք, թևեր ունե՞ք թռչելու համար, թե՞ այդ թռիչքը ևս մտացածին երևույթ է ու պետք չէ լուրջ ընդունել: Հասկացեք, եթե այդ ամենը բացակայում է, ապա թռիչքը միայն մի ուղղություն է ունենում՝ դեպի ներքև: Սա պետք է հասկանալ և լավ կշռադատել, որովհետև հետո ուշ կլինի, իսկ ասածը չհասկացողները լոռեցու միամտությամբ կհարցնեն՝ պարոն վարչապետ, բայց վերև՞ ենք թռչելու, թե՞ ներքև:

Մաքսիմ ՄՈՒՍԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031