Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ երեկ սպառնացել են ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանին, նրանից գումար պահանջել, անգամ փորձ արել կոտրել նրա աշխատասենյակի դուռը, եւ այդ միջադեպի փաստով Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Աղամյանն ասաց, որ ցանկություն չունի խոսել այդ թեմայով, պատրաստ է խոսել ամեն ինչի մասին, բացի դրանից:
Հիշեցնենք, որ ըստ հրապարակման՝ հոկտեմբերի 9-ին ժամը 12։30-ին Երևան քաղաքի բնակիչ, 72-ամյա Կարեն Աղամյանն ահազանգել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ 47-ամյա Կարեն Ղազարյանը փորձում է կոտրել իր աշխատասենյակի դուռը և պահանջում է գումար, հակառակ դեպքում սպառնում է իրեն։ Նշված վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, որտեղ Կ. Աղամյանը հետաքննիչ Տիգրանյանին հայտնել է, որ առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում Կ. Ղազարյանը իր հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ իր հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ։ Երբ ինքն անջատել է հեռախոսը, որոշ ժամանակ անց Կ. Ղազարյանն այցելել է Աբովյան փողոցի 16 հասցեում գործող ՀՀ նկարիչների միություն, կոտրել աշխատասենյակի ընդունարանի դռան փականը և կրկին սպառնալիքներ հնչեցրել։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ