Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թերևս սա այս օրերին շրջանառվող թեզի ու ամենաարդիական հարցի պատասխանն է` ում կամ ում շահերն է ներկայացնում ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը

Հոկտեմբեր 11,2018 10:12

Երեկ ԵԽԽՎ-ում քվեարկվեց և ընդունվեց գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեի ներկայացրած «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձեւը։

Ինչպես մեկ ամիս առաջ խոստացել էի, հիմա բացում եմ բանաձեւի վերաբերյալ փակագծերը։ Բանաձեւի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում (գորշ գոտիներում), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։ Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, անկախ նրանից` գորշ, սև, սպիտակ, թե կարմիր գոտում է գտնվում այդ մարդը:

Ի սկզբանե հակահայկական ձեւակերպումներ պարունակող նախաձեռնությունը դարձավ բանաձեւ, որը ոչ միայն չի պարունակում հակահայկական ձեւակերպումներ, այլ հակառակը` պարունակում է ձևակերպումներ, որոնք լիովին տեղավորվում են հայկական ազգային շահերի տիրույթում և թերևս հենց այդ պատճառով ադրբեջանական պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ բանաձևին։ Ընդ որում, հենց երեկ հանձնաժողովի նիստում ներկայացվել էին փոփոխություններ, որոնք ուղղված էին բարենպաստ ձևակերպումների վերացմանը կամ չեզոքացմանը: Ապարդյուն:

Ադրբեջանցիների ագրեսիվ, բայց անզոր հռետորաբանությանն էլ դահլիճում արժանի պատասխան տվեցին պատվիրակության անդամները։

Թերևս սա այս օրերին շրջանառվող թեզի ու ամենաարդիական հարցի պատասխանն է` ում կամ ում շահերն է ներկայացնում ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը: Բնականաբար և բացառապես միայն Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահը։ ԵԽԽՎ-ում Հայաստանը ես ու գործընկերներս միշտ ներկայացրել ենք պետական եւ ազգային շահի գիտակցումով։ Մինչ այս պահը դժվարությամբ լռում էի, քանզի գիտակցում էի` այս թեմայով որևէ անզգույշ հայտարարություն կամ շահարկում, ի պատասխան անգամ հանիրավի մեղադրանքի կամ հայտարարության, կարող էր վիժեցնել ամիսների ջանքերը եւ խթան դառնալ` հակահայկական հռետորաբանությունից անցում կատարել դեպի կոնկրետ գործողություններ, որոնք իրականում կարող էին արդյունք տալ։

Հ.Գ. Ի դեպ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի իմ մեկուկես տարվա գործունեության ընթացքում սա թվով յոթերորդ զեկույցն էր, որում ոչ միայն չհայտնվեցին ակնկալվող հակահայկական ձևակերպումները, այլև ներառվեցին բարենպաստ ձևակերպումներ: Տեղեկատվություն այդ մասին մանրամասն ներկայացրել եմ, լրացուցիչ հարցադրումներ լինելու դեպքում սիրով կտրամադրեմ դետալներ: Պատիվ ունեմ ծառայելու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ։

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031