Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պետական բանկիրի կինը Հարոդսում 16մլն ֆունտ է ծախսել. Բրիտանիան պարզաբանում է պահանջում

Հոկտեմբեր 11,2018 00:07

Մեծ Բրիտանիայի հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) առաջին անգամ պահանջել է բացահայտել այլ պետության քաղաքացու հարստության աղբյուրը, հաղորդում է BBC-ն:

Խոսքը Ադրբեջանի Միջազգային բանկի նախին ղեկավարի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի մասին է, որը, համաձայն դատական փաստաթղթերի, շքեղ կյանք է վարել՝ միայն «Հարոդս» հանրախանութում ծախսելով մոտավորապես 16մլն ֆունտ, ինչպես նաև ձեռք է բերել ավելի քան 20մլն ֆունտ արժողությամբ անշարժ գույք:

Նրա անունը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ լրացավ լրատվամիջոցների համար այդ տեղեկատվությունը չհրապարակելու դատական արգելքի ժամկետը: Լրագրողները պնդում էին, որ այդ տվյալները, հասարակության շահերից ելնելով, պետք է բացահայտվեն:

Բրիտանիայի իշխանություններն ավելի վաղ իրավունք էին ստացել հարցումներ ուղարկել 50 հազար ֆունտ և ավելի արժողությամբ ակտիվների սեփականատերերին չպարզված ծագմամբ ունեցվածքի վերաբերյալ:

Խոսքը նախ և առաջ հանցագործությունների կատարման մեջ կասկածվողների, ինչպես նաև եվրոպական տնտեսական գոտու մեջ չմտնող պետություններից ազդեցիկ քաղաքական դեմքերի մասին է:

Հաջիևայի գործով դատական լսումները Լոնդոնի Բարձր դատարանում սկսել են հուլիսին: Նրանից պահանջել են պարզաբանումներ անշարժ գույքի երկու օբյեկտների՝ լոնդոնյան հեղինակավոր Նայթսբրիջ շրջանում 11.5 մլն ֆունտ սթերլինգ արժողությամբ տան, ինչպես նաև Ասքոթ քաղաքի մոտ 10.5 մլն ֆունտով ձեռք բերված հողատարածքի մասին:

Եթե Հաջիևան չկարողանա բացատրել՝ ինչ ծագում ունեն անշարժ գույք և հողատարածք գնելու համար ծախսված գումարները, նրա ունեցվածքը կարող է բռնագրավվել:

Հաջիևան Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կինն է, որը 2016թ. Բաքվի դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման վատնումների և խարդախության համար:

Հաջիևը հերքում էր բոլոր մեղադրանքները: Լոնդոնում լսումների ժամանակ ամուսինները դրանք անվանել էին անարդար: Հաջիևայի փաստաբանները հայտարարել էին, որ NCA-ի կողմից հարցման փաստը չի նշանակում, որ նա կամ նրա ամուսինը որևէ հանցագործություն են կատարել:

Իրենց հերթին NCA-ի փաստաբանները պնդում էին, որ Հաջիևների ծախսերը էականորեն գերազանցում են Ադրբեջանի Միջազգային բանկում Ջահանգիր Հաջիևի վաստակածին:

Լոնդոնում լսումների ընթացքում պարզվել է նաև, որ Զամիրա Հաջիևան Լոնդոնում շքեղ կյանք է վարել: Մասնավորապես, համաձայն դատական փաստաթղթերի, նա ճամփորդել է բիզնես կարգի ինքնաթիռներով, իսկ վերջին 10 տարիներին լոնդոնյան Հարոդս հանրախանութում ծախսել է շուրջ 16 մլն ֆունտ:

Ինչ է նշանակում չպարզված ծագմամբ ունեցվածքի մասին հարցումը

Նման հարցումներ կատարելը թույլատրող օրենքն ընդունվել է օտարերկրյա կոռումպացված պաշտոնյաների և Մեծ Բրիտանիայում փողերի լվացման դեմ պայքարի համար:

Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության հետաքննիչները կարծում են, որ օտարերկրյա ծագմամբ միլիարդավոր կեղտոտ գումարներ են ներդրվել Մեծ Բրիտանիայի անշարժ գույքում:

Սակայն մինչ հիմա ապացույցների բացակայության պատճառով չափազանց բարդ էր մեղադրանք ներկայացնել նման մարդկանց կամ բռնագրավել նրանց ունեցվածքը:

Եթե նրանք չկարողանան ապացուցել կապիտալի առաջացման օրինականությունը, Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը կարող է դիմել Բարձր դատարան՝ ունեցվածքի բռնագրավման միջնորդությամբ:

Ի՞նչ է հայտնի Հաջիևների մասին

Ջահանգիր Հաջիևը 2001-2015թթ. ղեկավարել է Ադրբեջանի Միջազգային բանկը:

2016 թվականին նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ մեղավոր ճանաչվեց խարդախության մեջ, որի արդյունքում բանկի հաշիվներից անհետացել էին տասնյակ միլիոնավոր դոլարներ: Դատարանը նրա նկատմամբ կիրառեց նաև մոտ 40մլն դոլարի չափով տուգանք:

Յոթ տարի առաջ Բրիտանական Վիրջինյան կղզիների վրա հիմնված կազմակերպությունը 11.5մլն ֆունտով ձեռք բերեց տուն Հարոդս հանրախանութից մի քանի րոպե քայլելու հեռավորության վրա: NCA-ը հայտարարում է, որ այդ կազմակերպությունը պատկանում է Հաջիևներին:

2013թ. Զամիրա Հաջիևային պատկանող ևս մի կազմակերպություն ձեռք է բերել Ասքոթից ոչ հեռու գտնվող Միլ Ռայդ էլիտար գոլֆ-ակումբի կեսը:

Զամիրա Հաջիևան ստացել է ներդրողի այցագիր և իրավունք ունի մշտապես բնակվել Մեծ Բրիտանիայի տարածքում:

Ինչի՞ վրա են գումարները ծախսում Հաջիևները Մեծ Բրիտանիայում

Դատաքննության սկզբում Հաջիևները փաստաթղթերում նշվում էին միայն որպես պարոն և տիկին Ա.:

Դատարանում պարզ դարձավ, որ 10 տարվա ընթացքում Զամիրա Հաջիևան Հարոդս հանրախանութում ծախսել է ավելի քան 16 մլն ֆունտ սթերլինգ. դա գերազանցում է օրական 4 հազարը:

Դատարանում ապացույցներ են ներկայացվել, որ մեկ օրվա ընթացքում նա ծախսել է 150 հազար ֆունտ  Boucheron ֆիրմայի արտադրանքի վրա, որն արտադրում է էլիտար զարդեր, օծանելիք և ժամացույցներ:

Հաջորդ օրը, ինչպես ասվել է լսումների ընթացքում, նա լցրել է իր գինու մառանը՝ դրա վրա ծախսելով 1800 ֆունտ:

Մյուս օրը նա 100 հազար ֆունտով գնել է Cartier զարդեր, ինչպես նաև 20 հազարի նվերներ ամուսնու համար:

Հաջիևան ունեցել է 35 բանկային քարտ՝ տրված Ադրբեջանի Միջազգային բանկի կողմից, որտեղ աշխատել է իր ամուսինը:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ Հաջիևները Հարոդսի մասնավոր ավտոկայանատեղիում ձեռք են բերել նաև երկու տեղ, իսկ Զամիրա Հաջիևան 42մլն դոլարով գնել է նաև  Gulfstream G550 ինքնաթիռ, որով արդյունքում ինքն էր ճանապարհորդում:

Ընդունու՞մ է արդյոք մեղքը Հաջիևան

Ոչ, նա պնդում է, որ որևէ բանում մեղավոր չէ և փորձում է դատարանի միջոցով չեղարկել հարցումը: Հաջիևայի փաստաբանները Բարձր դատարանում հայտարարել են, որ նրանք դարձել են անարդարության զոհ:

Ջահանգիր Հաջիևը հերքում է, որ խարդախությամբ խոշոր գումարներ է հանել իր բանկի հաշիվներից: Նա բողոքարկել է, սակայն դատավճիռը թողնվել է անփոփոխ: Նրա փաստաբանները պնդում են, որ նա գժտվել է Ադրբեջանի իշխող շրջանակների հետ և դրա համար վճարել է իր ազատությամբ:

Նա կոչ է անում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին քննել իր գործը:

Զամիրա Հաջիևան բրիտանական դատարանում հայտարարել է, որ իր ամուսինը արդար գործարար է, որին հաջողվել է հարստանալ գործարարությամբ բանկի ղեկավար դառնալուց առաջ:

Սակայն Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը պնդում է, որ 1993-2015թթ. ընթացքում Հաջիևը գտնվել է պետական ծառայության մեջ և չէր կարող վաստակել նման խոշոր գումարներ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031