Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀԿ-ից հեռացող ՀՀԿ-ականների ճակատագրերը տարբեր են լինելու

Հոկտեմբեր 11,2018 16:00

Ի՞նչ կլինի, ըստ քաղաքագետ Արման Մելիքյանի, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի հանդես գալ իբրեւ միանձնյա քաղաքական առաջնորդ

– Արդեն ակնհայտ է, որ դեկտեմբերին կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իշխանական շրջանակներում անգամ հստակեցվում է օրը` դեկտեմբերի 9-ը: Պարտադրված-«փոխհամաձայնեցված» այս ընտրությունները հանգուցալուծելո՞ւ են ներքաղաքական կյանքի ճգնաժամը, թե՞ առավել խորը ճգնաժամով են սպառնում, քանի որ ակնհայտ է, որ հաջորդ գումարման խորհրդարանը միակուսակցական է լինելու: Արդյոք ներդրողները սպասո՞ւմ էին հենց այդ ընտրություններին, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում:

– Եկեք փորձենք ավելի ստույգ ձեւակերպումներ կիրառել: Նոր ԱԺ-ն, իհարկե, բոլոր դեպքերում միակուսակցական չի լինելու, բայց եթե Դուք նկատի ունեիք, որ քաղաքական մեծամասնությունը կպատկանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ապա անգամ այդ դեպքում դա լինելու է զուտ ձեւական մեծամասնություն: Ավելի ճիշտ կլինի ասել, որ եթե գործող վարչապետը մինչ այդ լուրջ սխալներ չգործի, ապա նա անձամբ կվերահսկի ԱԺ նոր մեծամասնությունը եւ վերջինիս միջոցով՝ նաեւ ողջ օրենսդիր մարմինը: Առ այսօր պարոն Փաշինյանը հանդես է եկել որպես միանձնյա քաղաքական առաջնորդ, որի կողքին իրեն համարժեք կամ գոնե փոքրիշատե ինքնուրույն քաղաքական կշիռ ունեցող գործընկերների թիմ չկա, իսկ իր հետ իշխանության եկած մարդիկ իրենց նոր՝ իշխանական կարգավիճակը ստացել են բացառապես Նիկոլ Փաշինյանի կողքին «քայլելու» շնորհիվ: Իրավիճակը կարող է դրականորեն փոխվել, եթե մինչեւ ընտրություններն ընկած ժամանակահատվածում պարոն Փաշինյանը նաեւ կոլեգիալ աշխատանք կատարելու ցանկություն եւ ունակություն դրսեւորի ու իր կուսակցության անունից առաջադրվող թեկնածուների ցուցակում ընդգրկի քաղաքական ինքնուրույն զգալի կշիռ ունեցող քաղաքական ու հասարակական գործիչների, ինչպես նաեւ իրավունքի, տնտեսության, միջազգային հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության ոլորտների գիտակ մասնագետների: Եթե պարոն Փաշինյանն այսպիսի մեծամասնություն ձեւավորի ՀՀ ԱԺ-ում, ապա կարող է ակնկալել նաեւ պոտենցիալ ներդրողների արագ դրական արձագանքը: Հակառակ դեպքում մենք արագորեն կհայտնվենք տապալված պետության (failed state) կարգավիճակում:

– Հիմա էլ հավատարմության երդում տալով Նիկոլ Փաշինյանին՝ Ձեր տպավորությամբ ի՞նչ խնդիր են լուծում ԲՀԿ-ն եւ բոլոր այն ՀՀԿ-ականները, ովքեր հայտարարեցին եւ դեռ կհայտարարեն, որ կողմ են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն: Նրանց կհաջողվի՞ արեւի տակ իրենց տեղն ապահովել այսպիսով, թե՞, այնուհանդերձ, կհայտնվեն լուսանցքում:

– Կրկին փորձենք առավել հստակ ձեւակերպումների միջոցով նկարագրել իրականությունը: Չկա ԲՀԿ՝ որպես քաղաքական որոշակի հայացքների նմանության հիման վրա համախմբված մարդկանց խումբ: Կա ԲՀԿ, որի գոյությունը պայմանավորված է բացառապես գործարար երեւելի Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ: Այսինքն՝ կա ԲՀԿ, որն առանց Գագիկ Ծառուկյանի չկա: Հենց այս պատճառով էլ չի կարելի նույնականացնել նաեւ ՀՀԿ մի շարք անդամների ու Գագիկ Ծառուկյանի վարքագիծը: Պարոն Ծառուկյանը ոչ թե բիզնեսով զբաղվող քաղաքական գործիչ է, այլ բիզնեսմեն է, որը երբեմն ստիպված է քաղաքականությամբ զբաղվել: Ձեր կողմից ակնարկված հանրապետականների մի զգալի մասի համար բիզնեսը հենց քաղաքականությամբ «զբաղվելն» է եղել: Նրանց մեծամասնությունն առ այսօր էլ չի հասկանում, թե այս իշխանափոխությունը երբ եւ ինչու տեղի ունեցավ: Չեն էլ հասկանալու: Հավանաբար իրենց դավաճանված են զգում, բայց իզուր՝ քաղաքականության ոլորտի «թնդանոթի միսն» են իրենք եւ պետք է հաշտվեն այդ մտքի հետ: Ասածս այն է, որ պարոն Ծառուկյանի եւ այդ հանրապետականների ճակատագրերը տարբեր են լինելու:

– Այսպիսով՝ ՀՀԿ-ն փակե՞ց իր գործունեության էջը:

– Կարծում եմ, որ հենց իրենց որոշ ղեկավարների մեծագույն ցանկությունը հենց դա է: Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնումից ի վեր էր ՀՀԿ-ն ինքնաոչնչացման ուղին բռնել:

– Վենետիկի հանձնաժողովը վեցամսյա ռեժիմ էր սահմանել ԸՕ-ի փոփոխությունների համար, որպեսզի կուսակցությունները «յուրացնեն» փոփոխությունները, սակայն վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտարարում է, որ չեն պահպանելու այդ ժամկետը: ԵՄ-ն եւ ԵԽԽՎ-ն նույնպես կողմ էին արտահայտվել, որպեսզի արտահերթ ընտրությունները անցկացվեն գարնանը: Սա կարո՞ղ է խնդիրներ առաջացնել ընտրական գործընթացների մասով, նաեւ ՀՀ-ի եւ Եվրոպայի հետագա հարաբերություններում:

– Այստեղ ես որեւէ լուրջ խոչընդոտ չեմ տեսնում՝ ո՛չ Վենետիկի հանձնաժողովը, ոչ էլ որեւէ այլ օտար մարմին չի կարող սահմանափակումներ դնել այս հարցում: Միայն եթե մենք այստեղ ձախողվենք որպես պետություն, նրանք կարող են հիշեցնել, որ չենք հետեւել իրենց խորհուրդներին եւ այդ պատճառով ենք տապալվել: Ներքին հարցերում մեր ինքնիշխանությունը որեւէ մեկը չի կարող սահմանափակել՝ սա մեր ազգային պատասխանատվության բացառիկ ոլորտն է:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

10.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031