Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի նախկին քաղաքապետը չի նախանձում նոր քաղաքապետ Հայկ Մարությանին եւ նրա թիմին

Հոկտեմբեր 11,2018 15:30

Վահագն Խաչատրյանը Երեւանի ամենալուրջ խնդիրներից
համարում է մայրաքաղաքի բնակֆոնդի վթարային վիճակը

Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, որ Երեւանի կառավարման ղեկին եղել է 1992-1996 թվականներին, չի նախանձում նոր քաղաքապետ Հայկ Մարությանին եւ նրա թիմին, որն այսօր դառնալու է Երեւանի կառավարումն իրականացնողը: Նրա խոսքով՝ այս թիմը շատ տխուր ժառանգություն է ստացել, քանի որ այդ համակարգում ամեն ինչ եղել է` գողություն, ավազակություն. «Հիմա էլ անօրինականությունները շարունակվում են, եւ մարդիկ, օգտվելով անիշխանության հանգամանքից, որ տեղական իշխանությունները չեն գործում, ոստիկանությունը հետեւողական չի, կամ իրենց չեն դիմում, մեկը ավտոտնակ է կառուցում, մյուսը շենքն է ավելացնում: Եվ այն պահանջները, որոնք մենք ենք ներկայացնում, ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում: Այսինքն` պետք է Օպերայի հարցը լուծեն, Օղակաձեւ զբոսայգու հարցը լուծեն, անօրինական շինարարության հարց պետք է լուծվի, ի վերջո՝ կան այնպիսի խնդիրներ, որոնք միայն կաբինետում նստելով չի լինելու, պետք է գնան կոնկրետ խիստ միջոցներ կիրառեն, ինչ-որ կառույցներ պետք է քանդվեն»,- ասաց պարոն Խաչատրյանը` ամենամեծ խնդիրներից մեկը համարելով ամբողջ քաղաքի բնակելի ֆոնդի վտանգավոր վիճակը:

«Երեւանի տնտեսության ամենակարեւոր մասը բնակֆոնդն է: Այսօր բնակֆոնդը՝ տանիքից սկսած մինչեւ նկուղ, անմխիթար վիճակում է գտնվում: Աղբամուղ, մուտքեր, լուսավորություն, եւ ինքը՝ շենքը, վթարային վիճակում է գտնվում: Շենքը չի կարելի այդպիսի անմխիթար վիճակում թողնել: Մենք տեսնում ենք արտաքին խնդիրները` աղբահանություն, կանաչապատում եւ այլն, բայց կան այլ կարեւոր խնդիրներ: Ես չգիտեմ՝ մասնագիտական առումով որքանով է Երեւանի քաղաքապետարանն ունակ այդ հարցերը լուծելու»,- այսպիսի մտահոգություն է հայտնում Երեւանի նախկին քաղաքապետը:


Նրա խոսքով՝ տարիներ շարունակ քաղաքի կառավարման եռաստիճան համակարգ է եղել` քաղաքապետարան, վարչական շրջաններ եւ համատիրություններ. «Այդ համատիրությունները հիմա ինչո՞վ են զբաղված: Դրանք մինչեւ հիմա եղել են քաղաքական օղակներ` հանրապետականների բջիջներն են եղել` ուղղակի ներքեւում, որոնք զբաղված են փող կորզելով, կեղծարարությամբ, ինֆորմացիայի հավաքագրմամբ: Այսինքն` համատիրությունը, որը պետք է բնական իր գործով զբաղվեր, զբաղվել է հինգ տոկոսով՝ այն, ինչ որ պիտի աներ: Հիմա հարց է` այդ կառույցի գոյությունը պե՞տք է, պե՞տք չի: Դրա պատասխանը, որպես բնակիչներ, պետք է գտնեն երեւանցիները: Ի վերջո՝ ամենակարեւոր օղակը դա է: Իր նպատակին ծառայելու համար նաեւ ֆինանսական միջոցներ են հարկավոր: Հիմա անխտիր բոլոր այդ շենքերը կապիտալ վերանորոգման կարիք ունեն՝ հատկապես բարձրահարկերը: Հիմա այս խնդիրը ո՞նց են լուծելու: Այս պահին ինձ համար տեսանելի չեն քաղաքային իշխանության կարողությունները: Կա՞ արդյոք կառույց, որ այս հարցադրումներն իրենց մոտ ունեն, դրանց լուծումները ներկայացվել են: Առաջին խնդիրն այն է, որ գույքագրում պետք է արվի, որը չի արվել»:

Անդրադառնալով Երեւանում իրականացվող ներդրումներին եւ մայիսի իշխանափոխությունից հետո ներդրումային դաշտում տիրող իրավիճակին՝ Վահագն Խաչատրյանն ասաց, որ նախկինում օրենքից դուրս կառույցներ են գործել, եւ կոռուպցիայի «շնորհիվ» ավելի հեշտ է եղել այդ գործընթացը կազմակերպել, սակայն այսօր, երբ «կաշառքի ինստիտուտը» չի աշխատում, բոլոր գործընթացները ներդրողների համար բարդ ընթացակարգով են, քանի որ օրինական դաշտում գործելու դեպքում մի շարք խոչընդոտներ կան, որոնք նախկինում փողով են լուծվել. «Նախկինում գործել է համակարգ, որի գլուխ կանգնած է եղել քաղաքապետը: Նրանք օրենքից դուրս կառույց են ստեղծել, մարդիկ գիտեին, որ եթե պիտի ներդրումներ կատարեն, ուղիղ ճանապարհով չեն գնացել՝ շրջանցող ճանապարհով են գնացել, որը ժամանակային առումով շատ ավելի կարճ է եղել, բայց` ծախսատար: Կոռուպցիան, կաշառակերությունն այնտեղ է եղել, հիմա այդ համակարգը չկա, կոռուպցիան չի աշխատում, բայց այստեղ օրենսդրական խոչընդոտներ կան: Նախկինում այդ օրենսդրական խոչընդոտները փողով լուծվում էին, հիմա այդ փողը չկա, այդ օրենսդրական խոչընդոտները կան: Օրինակ` եթե դուք դիմում եք ճարտարապետական կամ քաղաքաշինական մի կառույցի, այնտեղ ասում են` գիտեք ինչ կա, այսինչ նորմատիվները, որոնց համար պետք է նախագիծ, սա պետք է տանել քաղաքապետարան, այնտեղ ինչ-որ մի ծառայություն պետք է հաստատի, հետո սա պետք է գնա փոխքաղաքապետի կամ գլխավոր ճարտարապետի մոտ, հետո սա պիտի գնա մեկ այլ անձի մոտ, հետո պետք է վերջիվերջո տեղի ունենա քաղաքապետի կամ ավագանու նիստ: Այսինքն` արհեստական ստեղծվում են բյուրոկրատական այսպիսի քաշքշուկներ, որոնք հաղթահարելը հեշտ չէ: Սա է, որ այսօր այդ ինստիտուտը չի աշխատում, եւ նաեւ ինստիտուցիոնալ խնդիր կա: Ի դեպ, սա միայն Երեւանին չի վերաբերում»:
Ինչ վերաբերում է Երեւանի ռազմավարությանը, ապա, ըստ պարոն Խաչատրյանի, ռազմավարական առումով խնդիրը լուծված չի. «Ոչ մի անգամ որեւէ քաղաքապետ իրեն չի պատկերացրել կամ չի էլ ուզել պատկերացնել, թե, ասենք, Երեւանի` նրա պատկերացումը տասը կամ քսան տարի հետո ինչպիսին է լինելու: Վերջին տարիներին հոգնեցուցիչ է այդ ամենը, Երեւանի հետ կապված կրկնվում է, նոր գաղափարներ չկան, բացի նրանից, որ այս կամ այն պատի տակ կարող է մեկը գալ ու ասել, որ շինարարության թույլտվություն ունի եւ պետք է 15 հարկանի շենք կառուցի»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

10.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031