Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգողները պահանջել էին հավելյալ «համապատասխան հավաստման փաստաթղթեր»

Հոկտեմբեր 11,2018 15:00

Օծանելիք ներկրող Արտյոմ Չաքմիշյանի ներկայացուցիչ Գեւորգ Չաքմիշյանի վերաքննիչ բողոքը հոկտեմբերի 1-ին Արթուր Պողոսյանի նախագահությամբ դատարանը բավարարել է: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի՝ վարչական ակտն ու տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանի կողմից «Տուգանք նշանակելու մասին» որոշումն անվավեր է ճանաչվել: Հայցվոր Չաքմիշյանը դատարանին տեղեկացրել էր, որ նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով «Տրիո փրոջեքթ» ՍՊ ընկերությունում իրականացվել է ստուգում: Ստուգման ակտի եւ որոշման համաձայն՝ հայցվորի նկատմամբ տուգանք է նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով:

Պատճառաբանությունն այն էր, որ «Տրիո փրոջեքթ» ՍՊ ընկերության կողմից չեն կատարվել «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» կանոնակարգի պահանջները:
Նշենք, որ «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արտադրանքի շուկայահանումն ուղեկցվում է հայերեն եւ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված լեզվով լրացված համապատասխանության հայտարարագրով կամ համապատասխանության սերտիֆիկատով, ինչպես նաեւ արտադրանքի հայերեն մակնշմամբ, համապատասխանության ազգային նշանով:

Վարչական մարմնի կողմից ընդունված որոշումը հայցվորի գնահատմամբ ոչ բարենպաստ վարչական ակտեր էր:

Օծանելիքակիր կողմը վկայակոչել էր «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ իրականացման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի՝ բոլոր ստուգումները, բացառությամբ հարկային եւ մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նան պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության եւ օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են «բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է կառավարությունը»: Ստուգաթերթերը մշակվում են որոշակի ոլորտի եւ գործունեության տեսակի համար:

Ստուգման ընթացքում ստուգաթերթ չի եղել, ստուգման ակտի նախագիծ չի տրամադրվել: Մինչդեռ, ըստ հայցվորի, օրենսդիրը տնտեսվարող սուբյեկտին ընձեռել է հնարավորություն ներկայացնելու իր առարկությունները ու բացատրությունները ստուգման արդյունքների վերաբերյալ վարչական մարմնի ապօրինի գործողություններից իր կամ տնտեսվարող սուբյեկտի ղեկավար իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար: «Առանց ստուգման ակտի նախագծի իրականացված վարչարարությունը չի համապատասխանում օրենքի պահանջին, վարչական ակտի հասցեատիրոջ համար նրա իրավունքների եւ օրինական շահերի անհիմն սահմանափակում է»,-ասել էր հայցվորը:

Ըստ վերջինի՝ «Ստուգման ընթացքում ստուգողների կողմից ստուգված բոլոր ապրանքներն ունեցել են EAC մակնշում, ինչը նշանակում է, որ դրանք համապատասխանում են գործող տեխնիկական կանոնակարգերին, ինչն էլ պետք է ստուգեին ստուգում իրականացնողները: Մինչդեռ այդ փաստն անտեսվել է ստուգողների կողմից, նրանք դուրս են եկել ստուգման հանձնարարագրի առաջադրանքից, չեն արձանագրել ապրանքների տեխնիկական կանոնակարգերին համապատասխանելու փաստը, պահանջել են հավելյալ համապատասխան հավաստման փաստաթղթեր, ինչը, ձեւական պահանջ է այն առումով, երբ կրում է EAC մակնշումը»:

Պատասխանող տեսչության գնահատմամբ, ստուգումն իրականացվել է ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, ընկերության տնօրենը ծանուցվել է ստուգման արդյունքների հիման վրա վարչական իրավախախտման գործի քննության ժամանակի եւ վայրի մասին, իրենք դարձյալ պնդում են, որ ընկերությունը զբաղվում է «իրավախախտման հիմք հանդիսացող գործունեությամբ»:

Ինչ վերաբերում է հայցվորի այն պնդմանը, որ EAC նշանը կրող ապրանքներն իրացվում են առանց համապատասխանության հայտարարագրի կամ սերտիֆիկատի, ապա ըստ պատասխանողի. «Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ, որ արտադրանքի վրա EAC նշանը արտադրողները, մատակարարներն իրավունք ունեն զետեղելու միայն տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգն անցած արտադրանքի վրա, որի ապացույցն է հանդիսանում Մաքսային միության անդամ ցանկացած երկրի համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված համապատասխանության գնահատման փաստաթուղթը` սերտիֆիկատ, հայտարարագիր կամ պետական գրանցում ստանալու վերաբերյալ փաստաթուղթ»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

10.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031