Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեք անկեղծ խոսենք

Հոկտեմբեր 11,2018 14:30
erkrapah

Երեւի թե մի փոքր բարձրագոչ թվա, բայց ցանկությունը միակն է, մասնակցել երկրի զարգացմանը իմ համեստ հնարավորություններով, հանուն մեր երկրի ու ժողովրդի պայծառ ապագայի։ Քանի որ հանդիսանում եմ «Երկրապահ» հասարակական կազմակերպության անդամ, ուզում եմ սկսել դրանից։ Նախ եկեք պարզենք, ով եւ ինչ բան է ընդհանրապես «Երկրապահը»։

Բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում եղել են եւ կան պատերազմի վետերանների միություններ տարբեր անուններով ու անվանումներով։ Մենք դրանցից մեկն ենք, որը պատվավոր Երկրապահ անունն է կրում։ Երկրապահ անվանումը ինքնին շատերի մոտ ոչ ռեալ տպավորություն է թողնում նրա էության ու գործունեության վերաբերյալ։ Մի մասը այն դիտարկում է որպես ռազմական կամ գոնե ռազմականացված, մի այլ մասը կառույցի, որտեղ կարելի է անդամագրվել եւ համարվել երկրապահ եւ այդպես շարունակ։ Մենք երկրապահ, որպես այդպիսին, եւ ցանկացած պահի կարող ենք նորից լինել, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Մենք պատերազմի վետերաններ ենք եւ եթե մեր կազմակերպությունը կոչվելիս լիներ, ասենք, Վետերանների միության «Երկրապահ», դա կարծում եմ՝ հստակեցում կմտցներ նրա գործունեության վերաբերյալ եւ 15000-ի փոխարեն 45000 անդամ չէր ունենա (ավելորդ գումարներ վատնելով…)։ Ունենք մի ստվար զանգված եւս, որոնք զենք չեն կրել ու սահմանին չեն կանգնել, բայց նրանց ավանդը անգնահատելի է։ Խոսքը այն անհատների մասին է, որոնք դժվար ժամանակներում, որը զենքով ու զինամթերքով, որը տրանսպորտային միջոցներով, ով ինչով կարողացել է՝ օգնել է մեր դեռ չկազմավորված բանակին։ Առանց նրանց շատ դժվար, երբեմն նույնիսկ անհնար կլիներ խուսափել բազմաթիվ զոհերից ու որոշ մարտական գործողությունների հաջող ելքից։

Ես նրանց կհամարեի միության պատվավոր անդամ եւ կսահմանեի համապատասխան վկայական ու պատվոգիր։ Նրանք շատ ավելիին են արժանի։

Միության գործունեության ուղղությունները հստակ շարադրված է իր կանոնադրության մեջ, այն ոչ ռազմական եւ ոչ էլ ռազմականացված կառույց է (ինչպես շատերին է թվում)։ Այն ընդամենը վետերանների միություն է, որի գործունեության նպատակը, վիրավորների, զոհվածների ընտանիքների, պատերազմի ակտիվ մասնակիցներին սոցիալական ու այլ կարգի օգնություններ տրամադրելն է, երբեմն նույնիսկ վերականգնողական։ Միությունը նաեւ ոչ քաղաքական կառույց է, չնայած նրա ցանկացած անդամ ազատ է իր համոզմունքների մեջ որպես երկրի լիարժեք քաղաքացի։ Հանդիսանալով պետության մեջ գործող կազմակերպություն, ինչպես բոլոր կառույցները, իհարկե, պարտավոր է սատարել պետության բոլոր նախաձեռնություններին, հանուն խաղաղ եւ ստեղծագործ ապագայի, հանուն մեր երկրի խաղաղ ու բարգավաճ զարգացման։

Եթե ուզում ենք, որ մեր երկրում լուրջ փոփոխություններ իրականանան, պետք է դա անենք բոլորս, այսպես ասած՝ սկսենք ամեն մեկս ինքն իրենից առաջին հերթին։
Վերջին տարիների ընթացքում առավել եւս մեր ինքնության մեջ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, մեր լեզուն, մեր մտածելակերպը, խիղճը եւ հոգին։ Մաքրելու, շտկելու շատ բան կա հենց մեր ներսում։
Թավշյա հեղափոխության ընթացքում, եւ հետո բոլորն են զգացել, որ իրենց ներսում եւս ինչ որ բան փոխվել է, դա հենց այն նախադրյալն է, որը պետք է զարգացնել ու բարեփոխել, մաքրազարդել ներսից, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։

Մարդիկ, որոնք ի պաշտոնե ու աշխատանքի բերումով կոչված են բարեփոխումներ մտցնել՝ հիմնականում տքնաջանորեն աշխատում են, նախադրյալներ են ստեղծում, բայց դա բավարար լինել չի կարող, պետք է աշխատենք բոլորս, եթե ուզում ենք մեր երկիրը տեսնել զարգացող ու բարենպաստ երկիր ցանկացած մեկի համար։

Որքան էլ տարօրինակ թվա, մեր բառապաշար են ներխուժել բառեր, որոնք չեն արտահայտում այն իմաստը, որը պետք է տվյալ պահին։ Արհեստավարժ, դա մասնագիտական որակավորման սանդղակում (կար այսպիսի սանդղակ, որի մասին մոռացվել է) ոչ թե ամենավերին, այլ ամենացածր որակավորումն է։ Չենք ասում արհեստավարժ ֆուտբոլ, ասում ենք պրոֆեսիոնալ ֆուտբոլ, որովհետեւ պրոֆեսիոնալը դա մասնագիտական որակավորման գագաթնակետին հասած անձնավորությունն է։ Եվ եթե բառը, որը ուզում են ներմուծել, օգտագործել, չի արտահայտում մեր փոխանցելիքի ամբողջ իմաստը, կարիք չկա ներմուծել, դա խաթարում է ոչ միայն լեզուն, այլ նաեւ մտածելակերպը։

Անձեռնմխելի՝ այս բառը գալիս է անհիշելի ժամանակներից, երբ ներկայից ընկալմամբ խաչ հասկացողությունը նույնիսկ չկար, կար խաչափայտ, որին մեխելով դատապարտվածի կամ հանցագործի ձեռքերը, այդպիսով կախաղան էին բարձրացնում, իսկ այն անհատներին, որոնց թագավորը, կայսրը եւ այլն հատուկ կարգավիճակ էին սահմանում՝ համաձայն որի՝ նրանց ոչ մի դեպքում, ինչ հանցանք էլ որ գործելիս լինեին, չէր կարելի պատժել, համարվում էին անձեռնմխելի, ասել է, թե անպատժելի, դա նույն բառն է ըստ էության։ Եվ եթե օգտագործվի ճիշտ բառը, դա հստակեցում կմտցնի շատ ու շատ հարցերում։ Այդ բառից արյունոտ խաչափայտի հոտ է գալիս։ Եթե երկրում կարող է լինել անձեռնմխելի անձ, ըստ իս, դա կարող է լինել միայն երկրի գործող ղեկավարը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ենթադրելով, որ նրանք այն ընտրյալներն են, որոնք իրենց երբեք պախարակելի բան թույլ չեն տա, եւ որ անձեռնմխելիությունը ենթադրում է միայն քաղաքական ու այլ կարգի ընդվզումներից զերծ մնալու համար միայն։ Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրում արդարության չափանիշը առաջին հերթին դա երկրում իրագործվող արդարադատությունն է, որքանով է այն անաչառ ու հավատ ներշնչող։ Մարդ արարածի էությունն է ընդհանրապես, որ նա իր ներքին համոզմունքին, իր կարծիքին միշտ ավելի է վստահում, քան մեկ ուրիշին, ու երբ ինքն է մասնակցում ու իր կարծիքն արտահայտում, դա ավելի արդարացի ու «օրինական» է համարվում։

Ժողովրդավարությունը ընդհանրապես ենթադրում է ժողովրդի մասնակցությունը պետության կարեւորագույն գործընթացներում։ Դատական համակարգում ժողովրդի մասնակցությունը, կարծում եմ, ժողովրդավարության ամենամեծ դրսեւորումներից կարող էր համարվել։ Դա եղել է եւ անցյալում, ընկերական դատարանների տեսքով։ Դա կա նաեւ շատ երկրներում, երդվյալ ատենակալների մասնակցությամբ։ Կարծում եմ՝ հասունացել եւ հասել է ժամանակը մեզանում եւս երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնել։ Երբ որոշակի հանցագործությունների դեպքում՝ հասարակական վտանգավորության աստիճանի, բարոյականության նորմերի կոպիտ խախտման եւ այլ նմանատիպ հանցանքների դեպքում ժողովուրդն է իրականացնում արդարադատությունը։

Անմեղության կանխավարկած:

Քրեական դատավարության մեջ երեւի, բայց ըստ էության այն երկմտանքի տեղիք է տալիս։ Վերցնենք մասնավոր դեպք. անձը հրապարակավ բազմաթիվ ականատեսների ներկայությամբ դաժանաբար սպանություն է կատարել, որը չի եղել ոչ անհրաժեշտ պաշտպանություն եւ ոչ էլ ծայրահեղ անհրաժեշտություն։ Ըստ «օրենքի» նա նույնիսկ ականատեսների համար պետք է համարվի անմեղ՝ քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել։ Որքանով է դա տրամաբանական եւ «օրինական»։

Մի խոսքով, խորհելու շատ բան կա, եկեք ուրեմն մտածելով խորհենք ու խորհելով մտածենք եւ անպայմանորեն լինենք անկեղծ։

ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԵԿՄ անդամ

«Առավոտ»

10.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031