Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտասին արժեւորելուց հետո միայն կարող ենք մտածել վերաարժեւորելու մասին»

Հոկտեմբեր 11,2018 14:00

Հարցազրույց երաժշտագետ-միջնադարագետ Լիլիթ Հարությունյանի հետ

-Վերջերս կոմիտասյան միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակներում Սորբոնի համալսարանում զեկուցումով եք հանդես եկել, հատկապես ինչ շեշտադրումներ եք կարեւոր համարել եւ ընդգծել ձեր զեկուցման մեջ:

– Մեծ պատիվ էր նման հեղինակավոր հարթակից ելույթ ունենալը։ Գիտաժողով-փառատոնի գիտական նստաշրջանը կրում էր «Կոմիտաս. ավանդականի եւ ժամանակակիցի խաչմերուկում» խորագիրը։ Իմ ելույթը նվիրված էր Վենետիկի Մխիթարյան միաբանության հոգեւոր երգեցողության ավանդույթին։ Ես խոսում էի հոգեւոր երգերի բանավոր փոխանցման կենսունակության մասին։ Հայ հոգեւոր երաժշտությունը մասնագիտացված (պրոֆեսիոնալ) երգարվեստ է, այսինքն, նաեւ՝ գրառված։ Ես համեմատում էի Մխիթարյան մայրավանքի գրառված երգային նմուշները այժմ բանավոր ավանդույթով տարածվող երգերի հետ։

– Կոմիտասին մեր ժամանակներում վերաարժեւորելու ի՞նչ ուղիներ կնշեիք:

– Կոմիտասին նախ լիարժեք արժեւորել է պետք։ Այնքան բան կա, որ թաքնված է հասարակության աչքից, որ մակերեւույթին չի դրված։ Դա տեսնելու համար հարկավոր է միայն հարցնել, փնտրել, ձեռք մեկնել եւ Կոմիտասն ինքը կբացահայտվի որոնողի համար։ Դրա համար պարտադիր չէ մասնագետ, անգամ երաժիշտ լինել։ Կոմիտասին եւ իր գործը լիովին արժեւորելուց հետո միայն կարող ենք մտածել վերաարժեւորելու եւ վերջինիս անհրաժեշտության մասին։

«Օլդ Բենդը»

– Դուք երաժշտագետ եք, ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է լինել ժամանակակից եւ միաժամանակ ակունքներից սնվող (խոսքը երաժշտության մասին է), լսելի՝ ոչ փոքր լսարանում:

– Ես երաժշտագետ-միջնադարագետ եմ։ Միջնադարի ուսումնասիրությունը մեծ տեղ ունի ժամանակակից գիտության մեջ։ Լայնորեն ուսումնասիրվում են ինչպես միջնադարյան երաժշտությունը, այնպես էլ ճարտարապետությունը, գրականությունը, գեղարվեստը եւ այլն։ Ակունքը երաժշտության բնագավառում ժողովրդական երգարվեստն է՝ ֆոլկլորը։ Իսկ ֆոլկլորը ժամանակային դասակարգման չի ենթարկվում։ Այն մեզ հիմք է տալիս ապրելու, զգալու ու ստեղծագործելու ժամանակակից աշխարհում։ Ինչ վերաբերում է լսելի լինելուն, սա երկկողմանի գործընթաց եմ համարում։ Լսելի լինողն ու լսողը պիտի գտնեն իրար։ Մեծ լսարան գրավելու համար երկու տարբերակ կա. առաջինը՝ տեսնել, թե քամին որ կողմ է փչում ու քո արվեստը, ակունքներովդ հանդերձ ծառայեցնես էդ քամուն, այսինքն, հետապնդես լսարանին։ Մյուս տարբերակը աշխատելն է։ Շատ ու անընդհատ։ Էնքան, մինչեւ ինքդ քեզ հիացնես ու ապշեցնես։ Այդ պարագայում լսարան ինքը կգա բոլոր «քամիներից» անկախ։

– Դուք «Օլդ Բենդի» անդամ եք եւ այնտեղ ձեր գործունեության շարունակությունն է՝ այլ ձեւաչափում, խնդրում եմ հիշեցնեք խմբի առանձնահատկության մասին:

– «Օլդ Բենդն» իմ կյանքի երջանիկ անկյուններից է։ Մենք շատ մտերիմ մարդիկ ենք, որոնք միշտ երգել են, եւ միասին, եւ առանձին, բայց հիմնականում՝ միասին։ Ուղղակի շարունակել ենք անել մեր սիրած գործը, մինչեւ որ եկավ մի պահ, որ ասացին՝ «Բա ձեր խմբի անունն ի՞նչ է»։ Մեր առանձնահատկությունը մեր մշակումներն են։ Վերցնում ենք հայ ժողովրդական երգեր, մշակում ենք այնպես, ինչպես հենց երգն ինքն է թելադրում։ Մեզ համար առաջնայինը ավանդական մեղեդին է, որը չի փոխվում։ Երբեմն փոխակերպվում է այլ ավանդական մեղեդիների, զարդարվում է։ Ես սիրում եմ մեր մշակումները, որովհետեւ երգերի ընտրությունը, մշակումն ու հետագա կայացման ընթացքը հիմնված է մասնագիտական գիտելիքի ու փորձի վրա։

– Ինչով կարելի է գրավել ոչ միայն Հայաստանի, այլեւ «դրսի» ունկնդրի սիրտը:

– Դրսի ունկնդրին գրավում է հատուկ, յուրատեսակ երաժշտությունը։ Այն, ինչ իրենք չունեն, չեն լսել։ Յուրատեսակ կարելի է լինել ինչպես տարբերվող ազգային մշակույթով, այնպես էլ ինքնատիպ գեղագիտությամբ, պատկերացմամբ գեղեցիկի մասին։ Հայ ժողովրդական երաժշտությունը, սկսած Կոմիտաս Վարդապետի ելույթներից, հիացրել, հուզել եւ ապշեցրել է օտարազգի հանդիսատեսին։ Հիմա էլ հայ երաժիշտները մեծ հաջողությամբ շրջագայում են եւ ավանդական հայկական մշակույթը իր տարբեր դրսեւորումներով ներկայացնում են համաշխարհային երաժշտասեր հասարակությանը։

Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

«Առավոտ»

10.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031