Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում մասնագիտական կողմնորոշման հարցերն ունեն իրենց էթնիկ առանձնահատկությունները»

Հոկտեմբեր 11,2018 13:30

Կարծում է հոգեբանական գիտությունների թեկնածու,
դոցենտ Էլինա Ասրիյանը

Հայ-ռուսական Սլավոնական (ՀՌՀ) համալսարանը դպրոցականների համար էքսկուրսիա է կազմակերպում բուհի տարածքում: «Առավոտը» ՀՌՀ Կրեատիվ Ինդուստրիաների ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլինա Ասրիյանից հետաքրքրվեց, թե ինչ նպատակ ունի դպրոցականների էքսկուրսիան Ռուս-հայկական համալսարանում:

«Դպրոցականների համար նախատեսված էքսկուրսիան նպատակ ունի մասնագիտական կողմնորոշման շրջանակներում ծանոթացնել աշակերտներին եւ նրանց ծնողներին համալսարանի ուսումնական եւ գիտական գործունեության հետ, հայալեզու եւ ռուսալեզու կրթական ծրագրերի հետ, մասնագիտացումների հետ, համալսարանական կամպուսի, լաբորատորիաների, կենտրոնների հետ, ինչպես նաեւ ներքին մշակույթի եւ ուրույն ավանդույթների հետ»,-ասաց մեր զրուցակիցը: Նա տեղեկացրեց, որ համալսարանն իրենից ներկայացնում է իննովացիոն կենտրոն, որն առաջարկում է մի շարք մասնագիտացումներ, որոնք հասանելի չեն հայաստանյան այլ բուհերում՝ օրինակ, գովազդ եւ PR, արտասահմանյան տարածաշրջանագիտություն (Ճապոնագիտություն, չինագիտություն), բիոինֆորմատիկա եւ այլն, ունի միաժամանակ երկու լեզվով առաջարկվող կրթական ծրագրեր՝ հայալեզու եւ ռուսալեզու (2 դիպլոմ` ՌԴ եւ ՀՀ): «ՀՌՀ-ում ուսուցումն իրականացվում է ռուսական կրթական չափորոշիչների հիման վրա կազմված ծրագրերով` միաժամանակ պարտադիր կերպով ներառելով ազգային բաղադրիչը»,-նշեց Ասրիյանը:

Նա հավելեց. «Բացի կրթական եւ գիտական նվաճումներից, ՀՌՀ-ն ունի կարեւոր էկո միջավայր, այն ունի մեծ ծառածածկ այգի իր ամֆիթատրոնով եւ ապագայում հավակնում է դառնալ տարածաշրջանի միակ Էկո համալսարանը»:

Ասրիյանի ձեւակերպմամբ. «ՀՌՀ-ն երիտասարդ, ամբիցիոզ, կրեատիվ եւ իննովացիոն կենտրոն է, որն ունի իր արժեքներն՝ ակադեմիական ազատություն, սեր, արդարություն, համերաշխություն, ստեղծարարություն, արժանապատվություն, իմացություն եւ անհատական զարգացում: Այդ արժեքները որպես փիլիսոփայություն համալսարանը փորձում է տարածել ողջ աշխարհում իր գիտական գործունեության, ուսանողների եւ դասախոսների միջոցով»:

Հարցրինք` արդյոք Հայաստանում մասնագիտական կողմնորոշման հարցերը պատշաճ մակարդակո՞վ են իրականացվում, «բաց» չկա՞ այդ առումով (ավագ) դպրոցներում: «Հայաստանում մասնագիտական կողմնորոշման հարցերը ունեն իրենց էթնիկ առանձնահատկությունները՝ սկսած ատամհատիկից մինչեւ ընտանեկան որոշում: Սակայն համալսարանը փորձում է իր սոցիալական պատասխանատվության շրջանակներում լուծել այս խնդիրը՝ առաջարկելով դպրոցականին նախքան մասնագիտացման վերաբերյալ որոշում կայացնելը ինքնուրույն ծանոթանալ, տեսնել, շոշափել եւ արդյունքում որոշել անելիքը: Կարեւոր է հասկանալ, որ այդ որոշումը կապված է ոչ միայն մասնագիտական ապագայի հետ, այլեւ որպես արդյունք հոգեբանական բարեկեցության հետ»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

10.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031